Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ «կորպուս»՝ Բրյուսելում

Դեկտեմբեր 16,2004 00:00

Սփյուռքահայ
«կորպուս»՝ Բրյուսելում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության
հարցին առնչվող լուրերն այս օրերին իրավամբ top news կարգավիճակ ունեն ողջ աշխարհում:
Երեկ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորները փակ քվեարկություն են անցկացրել
ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու նպատակահարմարության
հարցի վերաբերյալ: Ըստ այդմ, հավանություն է տրվել Անկարայի հետ բանակցություններ
սկսելու գաղափարին, սակայն առաջադրվել են մի շարք, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության
հետ կապված պահանջներ: Միեւնույն ժամանակ, Եվրախորհրդարանի նախագահ Խոսե Բորելի խոսքերով,
միայն Եվրամիությունը կարող է վերջնական որոշում կայացնել Անկարայի հետ բանակցությունները
սկսելու մասին, եւ նա պարտավոր չէ ղեկավարվել Եվրախորհրդարանի ցուցումներով: Բանակցությունների
ավարտից հետո, եթե դրանք այնուամենայնիվ սկսվեն, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության
վերաբերյալ վերջին խոսքը կմնա Եվրախորհրդարանին, նշել է Բորելը: Իր հերթին
Անկարան հպարտ վիրավորանքի փոքրիկ ցույցեր է անում: «Թուրքիան կարող է հրաժարվել
Եվրամիությանն անդամակցելու մտադրությունից, եթե նրան անիրագործելի պահանջներ ներկայացվեն»:
Այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը՝ նշելով, որ դրանց
թվին են պատկանում Կիպրոսի խնդրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված պահանջները:
Բացի այդ, ըստ Էրդողանի, Թուրքիային ձեռնտու չէ երկրից Եվրամիության երկրներ աշխատուժի
ներհոսքի արգելումը: «Թուրքիային կբավարարի միայն լիակատար անդամակցությունը, ոչ
թե հատուկ կարգավիճակը»,- հայտարարել է Էրդողանը: Ինչպես եւ կարելի էր սպասել,
Բրյուսելում կայանալիք քննարկումների նախաշեմին խիստ ակտիվացել են սփյուռքահայ շրջանակները:
Բազմաթիվ սփյուռքահայեր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին կոչ են արել խոչընդոտել ԵՄ-ին
անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելը, քանի որ վերջինս չի ճանաչում
Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով
ֆրանսիական «Լիբերասիոն» թերթում հրապարակված կոչը, որն ստորագրել են Հայկական սոցիալիստական
կուսակցությունը, Հայկական աջ լիբերալ կուսակցությունը եւ Հայ դատի պաշտպանության
կոմիտեն: Կոչի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Առաջիկա ուրբաթ օրը Բրյուսելում
10 հազար մարդ սպասելու է Եվրամիության գագաթաժողովի որոշմանը: 60 միլիոն ֆրանսիացիներ
նույնպես սպասում են Ձեր դիրքորոշմանը: Մեզ հուսախաբ մի արեք»: Աղբյուրի համաձայն,
դեկտեմբերի 17-ին «Եվրամիության ղեկավարների վրա ճնշում գործադրելու նպատակով» սփյուռքահայերը
բողոքի ցույց են անցկացնելու Բրյուսելում, որտեղ որոշվելու է Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության
շուրջ բանակցություններ սկսելու ժամկետը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել