Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱԺ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈ՞ՒՐՍ

Դեկտեմբեր 16,2004 00:00

Կառավարությունն
Ազգային ժողով է ներկայացրել նախաձեռնություն, ըստ որի՝ ԱԺ վերահսկիչ պալատը զրկվում
է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողական գործառույթից: Տվյալ
նախաձեռնությունը, որ 2 տողանոց օրենքի նախագիծ է «ԱԺ վերահսկիչ պալատի մասին» օրենքում
փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ պիտի քննարկվեր վերջին արտահերթ նստաշրջանում,
սակայն հետաձգվեց մինչեւ փետրվար: Այս փոփոխության հետ ներկայացվել է նաեւ մեկ այլ
նախաձեռնություն, ըստ որի՝ մասնագիտական եւ իրավական վերահսկողության գործառույթը
վերապահվում է մարզպետարաններին, բայց այստեղ որեւէ բառ չկա ֆինանսական վերահսկողության
մասին: Մինչդեռ համայնքները պետբյուջեից փոքր գումարներ չէ, որ ստանում են: Ասենք,
2002-ին պետբյուջեից համայնքները ստացել են 7,6 մլրդ դրամ դոտացիա, 2003-ին՝ 9,2,
իսկ 2004-ին՝ 13,7 մլրդ դրամ: «Սահմանադրության 77 հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն վերահսկում
է պետբյուջեից հատկացված բոլոր միջոցները»,- մեր զրույցի ընթացքում հիշեցրեց ԱԺ վերահսկիչ
պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Մեր հարցին՝ ուրեմն ինչո՞վ է թելադրված վերահսկողությունը
վերացնելու այս նախաձեռնությունը, պրն Ոսկանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, քանի
որ ներկայացված փոփոխության հիմնավորումն էլ շատ հիմնավորված չէ: Կառավարությունն
ուղղակի առաջարկում է հանել օրենքից մեր այն գործառույթը, ըստ որի՝ իրավունք ունենք
վերահսկել պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը համայնքներին: Ինձ համար
էլ է անհասկանալի, թե ինչպե՞ս է ծնվել այս միտքը: Միայն պետք է նշեմ, որ Հայաստանը
1998-ից անդամակցում է INTOSA-ին (Գերագույն վերահսկիչ ատյանների միջազգային կազմակերպություն),
եւ ըստ այդմ՝ ընդունել ենք Լիմայի 1977-ի հռչակագիրը, որի մի հոդվածի համաձայն՝ «պետական
ֆինանսները, անկախ ազգային բյուջեում դրանց արտացոլվածությունից, պետք է հանդիսանան
բարձրագույն վերահսկիչ մարմնի վերահսկողության օբյեկտ»: Ինչպես տեսնում եք՝ սա վերաբերում
է նաեւ համայնքային բյուջեներին: Այս հռչակագրից եւ INTOSA-ին անդամակցությունից
ելնելով՝ 1999-ին «ԱԺ վերահսկիչ պալատի մասին» օրենքում կատարվել է փոփոխություն՝
լրացվել է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունը: Դրանից
հետո ՎՊ կառուցվածքում ստեղծվել է համայնքների նկատմամբ վերահսկողության ստորաբաժանում»:
Ուշագրավն այն է, որ թեեւ կառավարությունը չի հրաժարվել այս նախաձեռնությունից՝
այն կքննարկվի գարնանային նստաշրջանում, սակայն հենց ՀՀԿ խմբակցությունն է ԱԺ վերահսկիչ
պալատի 2005-ի ծրագրում առաջարկել շարունակել համայնքների նկատմամբ վերահսկողությունը:
Եվ այդ ծրագիրն արդեն հաստատվել է: Այստեղ տեղին է հիշեցնել, որ ԱԺ վերահսկիչ պալատի
2004-ի ծրագրում էլ էին նախատեսված ուսումնասիրություններ պետբյուջեից համայնքներին
հատկացված ֆինանսական միջոցների եւ համայնքների բյուջեների ձեւավորման ՀՀ օրենքներին
համապատասխանության վերաբերյալ: Գագիկ Ոսկանյանը հայտնեց, որ ուսումնասիրություններ
են անցկացրել Երեւանի Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն համայնքներում: Հայտնաբերել
են բազմաթիվ թերություններ եւ ապօրինություններ՝ ե՛ւ հատկացված լրացուցիչ դոտացիաների
նպատակին ծառայելու, ե՛ւ գնումների, ե՛ւ հողի ու գույքի հարկերի վերաբերյալ: «Տեղական
ինքնակառավարման մարմիններն այսօր կայացման փուլում են՝ գիտենք, թե ի՛նչ ձեւով են
կազմակերպվում ընտրությունները, ովքե՛ր են երբեմն ընտրվում համայնքի ղեկավար կամ
ավագանի՝ գրագիտության ի՛նչ աստիճանով եւ այլն»,- նկատեց ԱԺ վերահսկիչ պալատի նախագահը:
«Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքների համաձայն՝
պետք է վերահսկողություն իրականացնի նաեւ ավագանին. «Բայց այսքան ուսումնասիրությունների
ընթացքում մենք ոչ մի անգամ չենք տեսել, որ որեւէ ավագանի ունենա գոնե մի արձանագրություն,
թե ինչպես են վերահսկել ֆինանսները: Ոչ էլ որեւէ փաստ ունենք, թե իրականացվել է օրենքով
սահմանված հնարավորությունը, որ ցանկության դեպքում ավագանին կարող է հրավիրել անկախ
աուդիտ: Եվ հիմա այսօր Վերահսկիչ պալատին այս լիազորությունից զրկելը նշանակում է,
որ համայնքի ղեկավարն ինչպես ուզենա՝ այնպես էլ կտնօրինի պետբյուջեի միջոցները»:
Թերեւս հենց այս նպատակով էլ կառավարությունը փորձում է համայնքները դուրս
բերե՞լ խորհրդարանի վերահսկողությունից՝ այդպիսով առավել ուժեղացնելով սեփական ազդեցությունը:
Եվ արդյոք պատահականությո՞ւն է, որ այս նախաձեռնությունը հաջորդեց հենց համայնքներում
իրականացված ուսումնասիրություններին: Սակայն ԱԺ վերահսկիչ պալատի նախագահը ձեռնպահ
մնաց խնդրին քաղաքական հնչեղություն հաղորդող հարցերին պատասխանելուց. «Դա իմ մեկնաբանելու
հարցը չէ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել