Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻ

Դեկտեմբեր 15,2004 00:00

ՀԱՅԵՐԻ ՀՈՒՅՍԸ ԲԱՆԱԿՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՆ Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքով, Բաքվում եւ Թբիլիսիում հասարակության վստահության հենասյուներն են նախագահը, բանակը եւ ԶԼՄ-ները, իսկ Երեւանում՝ բանակը եւ եկեղեցին: Հետազոտությունն անցկացրել է Հարավկովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոնը 2004թ. մայիս-հունիսին: Յուրաքանչյուր մայրաքաղաքում լրացվել է շուրջ 1500 հարցաթերթիկ: Առաջին անգամ իրականացվող հետազոտության հիմնական նպատակն էր պարզել երեք երկրների հասարակական մտածողության զարգացումը հետխորհրդային 15 տարիների ընթացքում: Առանձնացնենք ամենահետաքրքիր դիտարկումները: Քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսակետից երեք մայրաքաղաքներում էլ, որպես ամենաարդյունավետ միջոցներ, մնում են ավանդական միջանձնական կապերը՝ ազգականներ, ընկերներ, հարեւաններ: Այս հարցում պետական եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամենաշատը վստահում են Բաքվում, ամենաքիչը՝ Երեւանում: Ընդ որում, մեզ մոտ ամենաարդյունավետ ձեւը համարվում է քրեական հեղինակությունների միջամտությունը: Հանցագործությունների մակարդակով ամենակրիմինալը Թբիլիսին է, որտեղ հանցագործության ականատես կամ զոհ են եղել հարցվածների շուրջ 15%-ը, իսկ Երեւանում եւ Բաքվում այդ թիվը եռակի անգամ ցածր է: Բռնության հիմնական աղբյուրներ են դիտվել գողերն ու խուլիգանները, Բաքվում՝ նաեւ թմրամոլները, իսկ Երեւանում եւ Թբիլիսիում՝ նաեւ ոստիկանները: Ի տարբերություն Երեւանի, մյուս մայրաքաղաքներում ամենաբարձր վստահությունը վայելում է երկրի նախագահը՝ իշխանության այլ ճյուղերի եւ իրավապահ մարմինների համեմատ: Ընդ որում, Թբիլիսիում նախագահից հետո վստահության քվե ունեն օրենսդիր մարմինները, քաղաքական կուսակցություններն ու օմբուդսմենը, իսկ Բաքվում՝ ոստիկանությունը: Մեր հարեւան երկու մայրաքաղաքներում ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը նույնպես ավելի բարձր է, քան Երեւանում: Դրան հակառակ, Երեւանում եկեղեցու դերն ամենաբարձրն է: Ընդհանրացված, Բաքվում եւ Թբիլիսիում հասարակությունը վստահում է նախագահին, բանակին եւ ԶԼՄ-ներին, իսկ Երեւանում՝ բանակին ու եկեղեցուն: Վերջին 15 տարիներին կրոնը երեք ազգերի համար էլ վերածվել է ազգային ինքնագիտակցության կարեւոր գործոնի: Քաղաքականությամբ ամենաքիչը հետաքրքրվում են ադրբեջանցիները՝ 2/3-ը, իսկ Երեւանում՝ ամենաշատը, բնակչության կեսից ավելին: Ներքաղաքական տեղեկությունների հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է, երկրորդ աղբյուրը Բաքվում ռադիոն է, Թբիլիսիում՝ մամուլը, Երեւանում այդ երկուսն էլ գրեթե հավասար կարեւորություն ունեն: Հարավկովկասյան երեք երկրների համագործակցությունը մայրաքաղաքների բնակիչների կողմից արժանացել է տարբեր վերաբերմունքների: Համագործակցության հնարավոր կամուրջը մնում է Վրաստանը: Երեւանցիների կարծիքով, Ադրբեջանի հետ համագործակցության հնարավորությունը գնալով աճում է, իսկ բաքվեցիները կտրականապես դեմ են դրան: Հարեւան մյուս երկրների հետ այդ խնդիրը լուծվել է Ռուսաստանի ակնհայտ գերակայությամբ: Որպես երկրորդ գործընկեր, Հայաստանի համար Եվրամիությունն է, Թբիլիսիի համար՝ ԱՄՆ-ն, իսկ Բաքվի համար՝ Թուրքիան: Ուշագրավ է հարավային հարեւանների հետ հարաբերությունների բաշխումը. Վրաստանը Թուրքիայի հետ ունենալով ամենամեծ ապրանքաշրջանառությունը, այդուհանդերձ, նրան առաջին գործընկեր չի ճանաչում: Բաքուն էլ Իրանի հետ ունենալով ամենամեծ սահմանը եւ կրոնամշակութային ընդհանրություն, Իրանը դիտում է հարավում որպես վերջին գործընկեր: Ակնհայտ է, որ խնդիրն այստեղ քաղաքական երանգ ունի: Հատկանշական է, որ Հայաստանի եւ Իրանի տնտեսական հարաբերությունները երեւանցիների տեսակետից զարգացում չեն ապրում, թեպետ շրջափակման պայմաններում հենց Իրանն է արտաքին աշխարհի հետ Հայաստանի ցամաքային ամենահուսալի ճանապարհը: Միջազգային կազմակերպությունների մասին գործունեության արդյունավետությունն ամենաբարձր գնահատականի է արժանացել Թբիլիսիում, ինչը տրամաբանական է. այստեղ են գտնվում դրանց հարավկովկասյան տարածաշրջանային կենտրոնները: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել