ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է իր ղեկավարած մարզում ստեղծվել այնպիսի մթնոլորտ, որ վարչապետի եւ իր գործունեության հասցեին քննադատական հրապարակումներով հանդես եկած «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը ենթարկվում է բռնության: «Ես կխնդրեի, որ այդ փաստն ընդհանրապես չկապեք մարզպետարանի հետ,- պատասխանեց պրն Խաչատրյանը:- Սա տարածքի խնդիր էր՝ մեկը վարձակալել էր, զբաղեցրել էր տարածքը, մյուսն ուզում էր վերցնել, ազատել»: Մեր հիշեցմանը, թե խնդիրն այսուհանդերձ առաջացել է մարզպետի գործունեության մասին հրապարակումներից հետո՝ պրն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Ո՛չ, կարող են թերթում շանտաժ անել: Բայց մարզպետարանն ընդհանրապե՛ս կապ չունի այդ երկուսի միջեւ եղած հակասությունների եւ խնդիրների հետ: Ասեմ, որ այդ լրագրողին՝ Սամվել Ալեքսանյանին, բոլորս էլ հարգում, ընդունում ենք, բայց թող ինքը չկապի մարզպետարանի հետ: Ես ուղղակի, որպես մարզպետ, չէի ուզենա, որ իմ մամուլի խոսնակն ինքը լիներ: Ընդամենն այդքան բան»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին իրականացված բռնությունից մեկ շաբաթ առաջ Սամվել Ալեքսանյանը մարզպետի հրամանով ազատվել էր լրատվության ու հանրության բաժնի պետի պաշտոնից: Հրամանում ազատման պատճառ է նշվել համատեղությունը ու հիմք է բերվել Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի 08.10.1988 թ. թիվ 520 որոշումը: «Նա հայեցողական պաշտոն էր զբաղեցնում: Եվ ես չեմ ցանկացել նրա հետ աշխատել որպես մամուլի խոսնակ: Բայց նա իր թերթը կարող էր տպագրել ոչ թե մարզպետարանի շենքում տարածք զբաղեցնելով, այլ կարող էր վարձակալել կամ կառուցել իր տարածքը՝ բիզնեսն ունի իր օրենքները: Ես ընդամենն ասել եմ, որ ազատեն մարզպետարանի առաջին հարկում իրենց զբաղեցրած տարածքը»: Ա. Ի.