«Անխոցելիները» շարքից «Մենք կարողացանք վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսման ճանապարհին վերջերս ի հայտ եկած խոչընդոտները»,- երեկ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ամփոփելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր վերջին հանդիպումների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Սոֆիայում կայացած հանդիպման արդյունքները: Ըստ Օսկանյանի, ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հանդիպմանը հակամարտությունների շարքում ԼՂ հարցը միակն էր, որի շուրջ կայացվեց որոշում, ուր դրական գնահատելով «Պրահայի գործընթացը»՝ նաեւ նշվում է, որ արդեն ստեղծվել է բանակցային մի շրջանակ, որի հիման վրա հնարավոր է շարունակել բանակցությունները: Փաստենք, որ սա պայմանականորեն միակ դրական բանն էր, որ հնչեց երեկվա ասուլիսին: Հարցին, թե ինչ ֆորմատով կընթանան բանակցությունները, նախարարը պատասխանեց. «Այս պահի դրությամբ կշարունակի գործել բանակցային նույն ֆորմատը (ՀՀ-Ադրբեջան- խմբ.), մինչեւ հասունանա ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը»: Մեկ այլ հարցի, որը վերաբերում էր Օսկանյանի եւ իր ադրբեջանցի պաշտոնակից Մամեդյարովի հանդիպումների ժամանակ արծարծված՝ որոշ «զբաղեցրած» շրջանների վերադարձման հնարավորությանը, ՀՀ արտգործնախարարն այդպես էլ հստակ ժխտողական պատասխան չտվեց: Այսինքն՝ փաստորեն չհերքեց ադրբեջանական մամուլում շրջանառվող հիշյալ լուրերը, միայն նշելով, թե հանդիպումների ժամանակ իրենք խոսում են խնդրի տարբեր ասպեկտների շուրջ, եւ մի բան է այդ կոնկրետ խոսակցությունը, մեկ այլ բան՝ Ադրբեջանում ներքին սպառման համար արվող հայտարարությունները: Վարդան Օսկանյանը երեկ նաեւ ողջունեց իր ֆրանսիացի գործընկեր Միշել Բարնյեի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների ընթացքում Թուրքիան պետք է ճանաչի եւ գնահատական տա 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածին: Օսկանյանի խոսքերով, Բարնյեի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ցեղասպանության խնդիրը դուրս է եկել «հայկական շրջանակներից» եւ Եվրոպական միության կողմից դիտվում է «համամարդկային համատեքստում»: Վերջապես՝ մեկ ուկրաինական անդրադարձ: Կիսո՞ւմ է, արդյոք, Վարդան Օսկանյանը արեւմտյան որոշ փորձագետների այն գնահատականները, թե «նարնջագույն հեղափոխությունը» կարող է իր շարունակությունն ունենալ նաեւ Հայաստանում: «Ամենեւին չեմ կիսում»՝ կտրուկ առարկեց Օսկանյանը: Նա ասաց, որ Ուկրաինայի պարագան ուրիշ էր. այնտեղ գրեթե բոլոր միջազգային դիտորդները միանշանակորեն կասկածի տակ էին առել ընտրությունների արդյունքները: «Բա ինչո՞ւ ՀՀ նախագահը շտապեց շնորհավորել այդքան կասկածելիորեն ընտրված Յանուկովիչին» հարցին ի պատասխան՝ Օսկանյանը նախ մի քիչ կմկմաց, ապա մի կերպ արտաբերեց. «Իրավաբանորեն դա անխոցելի քայլ էր»: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ