ՀՄԱՅԱԿԸ ԿԳԻՇԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ Իսկ Հերմինե Նաղդալյանը ջերմացնելու է համաշխարհային տարածությունը Հմայակ Հովհաննիսյանը երեկ սկսեց եւ հուսով է, որ այսօր մինչեւ ժամը 14-ը կավարտի ավանդների վերադարձման մասին հարցի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար հարկավոր ստորագրությունների հավաքման գործընթացը: Երեկ, մոտավորապես երկու ժամվա ընթացքում, պարոն Հովհաննիսյանը, որը պատրաստակամություն հայտնեց հանուն ավանդների վերադարձման գիշերել ԱԺ-ում, արդեն մոտ 50 ստորագրություն էր հավաքել: Ստորագրել էին ընդդիմադիր երկու խմբակցությունները, մի քանի հոգի «Ժողպատգամավորից», երկուսը՝ ՄԱԿ-ից, մի քանի անկախ պատգամավոր, նաեւ՝ «Օրինաց երկիր» խմբակցությունը: Հանրապետական խմբակցությունն էր միանշանակ դեմ այդ ստորագրահավաքին եւ չէր վախենում հայտարարել այդ մասին, իսկ Դաշնակցությունը մի տեսակ սպասողական էր: Հմայակ Հովհաննիսյանը երեկ վստահեցնում էր, որ ինքը այս գիշեր քնելու է ԱԺ-ում եւ սպասելու է այն ուշացած պատգամավորներին, որոնք կցանկանան ստորագրել արտահերթ նստաշրջան անցկացնելու մասին փաստաթղթի տակ: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն ասաց, որ իր գլխավորած խումբը կստորագրի հօգուտ արտահերթ նստաշրջանի. «Իհարկե, ստորագրելու ենք: Հերթական շոուն է, մասնակցենք, էլի»: Բայց արդյո՞ք այս խորհրդարանը շոուի պակաս ունի. «Թող լինի, էլի, համարենք Նոր տարվա շոու: Նոր տարի է առջեւում, ժողովրդին կերակրելու բան չունեն, հիմա սրանով են կերակրում»: Հանրապետական խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը վստահ է, որ նոր շոուի կարիք չկա. «Այս դահլիճում այդ հարցերը քննարկվել են բազմիցս, Հմայակն այսօր ի՞նչ նոր ասելիք ունի, որի համար իրեն արտահերթ է հարկավոր: Ես չեմ տեսնում այն իրավիճակի փոփոխությունը, որը պետք է հանգեցներ լուծումների փոփոխության: Ամեն մի քայլ շարժառիթ պետք է ունենա, եւ այդ շարժառիթը պետք է հիմնավոր լինի: Հնարավոր է՝ մեկը գիշերը քնել-արթնացել է եւ որոշել է համաշխարհային նշանակության եւս մեկ հարց լուծել: Բայց քանի որ հարցն իրականում շատ լուրջ է եւ կարեւոր, ես գտնում եմ, որ պետք է ավելի լուրջ զբաղվել, հումորը եւ արկածախնդրական վերաբերմունքը այս հարցում տեղին չեմ համարում: Իսկ եթե անպայման հումոր է պետք, տեսեք՝ էլ ի՞նչ հարց կա աշխարհում լուծելիք, դա էլ կարելի է, ասենք, Պղնձամոլիբդենային կոմբինատը ծախելով լուծել: Եկեք այդպիսով ջերմացնենք համաշխարհային տարածությունը»: Ավելի լուրջ՝ Հանրապետականը այն կարծիքին է, որ այս պահին պետությունը պատրաստ չէ արժանավայել փոխհատուցել մարդկանց ավանդները: Հմայակ Հովհաննիսյանից ուզեցինք ճշտել, թե ի՞նչ ակնկալիք ունի իր սկսածից. «Եթե մարդիկ ակնկալիքներով են մասնակցում քաղաքական պայքարին, ուրեմն որեւէ հաջողության չեն հասնի»: Մինչ այսօր ավանդների վերադարձման հարցը ՕԵԿ-ի կարգախոսն էր, իսկ իր այս քայլով Հ. Հովհաննիսյանը խլում է էստաֆետը այդ կուսակցությունից: Ինքը՝ օրվա հերոսը, քարը ՕԵԿ-ի բոստանը գցելով՝ ասաց. «Նրանցից, ովքեր չեն հրաժարվում իրենց էստաֆետից, հնարավոր չէ էստաֆետ խլել: Նրանցից, ովքեր հակված են հրաժարվել էստաֆետից՝ թերեւս»: Իսկ ո՞ւմ պատվերն է կատարում Հմայակ Հովհաննիսյանը իր նախաձեռնությամբ: Երեկ այս հարցն էլ էր հետաքրքրության առարկա, եւ մենք որոշեցինք բուն աղբյուրից իմանալ պատասխանը: Պարզ է, որ պրն Հովհաննիսյանը այսպես պետք է պատասխաներ. «Նման ենթադրություններն անհիմն են, որովհետեւ ես առաջնորդվել եմ իմ սեփական նախաձեռնությամբ»: Հմայակ Հովհաննիսյանը համաձայն չէ «Ժողպատգամավորի» այն կարծիքին, որ հերթական շոուն է լինելու, եւ ոչինչ ավելին: «Եթե իրենք այդ քաղաքական գնահատականն են տալիս, թող խիզախություն ունենան ստորագրեն, թող նիստը գումարվի, եւ այն ժամանակ ժողովրդի համար պարզ կդառնա՝ ով է զբաղվում գործով եւ ով՝ շոուով»: Ըստ պատգամավորի, խորհրդարանը վերածվել է «հոգեվարքի մեջ գտնվող մարմնի, եւ այս քննարկման միջոցով գուցե հաջողվի այդ իրավիճակը փոխել, եւ այս հարցի քննարկումը գուցե հնարավորություն տա ժողովրդին՝ վերագտնել իր քաղաքացիական ակտիվությունը, իր վճռական մասնակցությունը քաղաքական հարցերի լուծմանը»: Արդյո՞ք պարոն Հովհաննիսյանի նպատակը հենց դա է՝ ակտիվության հրահրումը, եւ ոչ թե բուն խնդիրը՝ ավանդների վերադարձը: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ նպատակը ավանդների վերադարձն է, սակայն կարելի է նաեւ ձեռքի հետ «քաղաքական գործընթացները բերել ժողովրդավարական նորմերի արմատավորմանը»: Հանրապետական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը պարզապես վրդովված էր. «Հմայակը կյանքում քրտնած կա՞, Հմայակը ունի՞ ավանդ եւ ո՞նց է վերադարձնելու այդ ավանդը: Այն 83 միլիոնը, որի մասին խոսվում էր, կարելի է մի օլիգարխի խնդրել, որ տա: Եվ ոչ թե անունը դնեն, թե ավանդ են վերադարձնում: Դիտավորյալ այնպես են անում, որ 83 միլիոնը տա՞ն, չեմ ուզում այդ 83 միլիոնը»: Այսօր մինչեւ ժամը 14-ը պատգամավորները դեռ կարող են ստորագրել ամենապոպուլիստական եւ ամենացավոտ հարցերից մեկի քննարկման համար ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին փաստաթղթի տակ: Եթե հավաքվի 66 ստորագրություն, ապա հունվարի 20-ին տեղի կունենա եւս մեկ արտահերթ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ