Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Դեկտեմբեր 15,2004 00:00

Երեկ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հավանաբար, այս տարվա վերջին մամուլի ասուլիսն
անցկացրեց լրագրողների հետ՝ ամփոփելով 2004թ. Հայաստանի ֆուտբոլային կյանքը: Նա
նախ եւ առաջ կարեւորեց հանրապետությունում տարեցտարի ավելացող մանկական եւ պատանեկան
թիմերի, դրա հետ նաեւ այդ տարիքային խմբերի առաջնությունների աճը: «Իմ համոզմամբ,
հենց սա է ապահովելու մեր ֆուտբոլի զարգացումը, – ընդգծեց Ռ. Հայրապետյանը:- Այն
աշխատանքը, որ մենք կատարում ենք, ծրագիրը, որ ունենք, ընթացիկ տարին ցույց տվեց,
որ ընթանում են բնականոն հունով, այնպես՝ ինչպես ես պլանավորել էի: Ասածիս մեջ համոզվելու
համար ձեզ կբաժանեն ամբողջական հաշվետվությունը՝ բարձրագույն, առաջին խմբերի, պատանեկան
առաջնությունների խաղերի քանակով, ֆինանսական ծախսերով: Ինչ վերաբերում է երկրի առաջնությանը,
այն անցավ նորմալ ու հանգիստ, առանձնապես լուրջ խնդիրներ չառաջացան, թեեւ, ի տարբերություն
նախորդների, այս տարի մրցավարները չարդարացրին սպասելիքները: Նրանց վատ մրցավարությունը
որոշ խաղերի վրա վատ անդրադարձավ: Բայց, այնուամենայնիվ, դա չազդեց աղյուսակում թիմերի
վերջնական դասավորության վրա: Ես նրանց աշխատանքը գնահատել եմ անբավարար, կիրառվել
են ամենախիստ պատիժներ: Մենք նրանց ներկայացվող պահանջներում բծախնդիր ենք ու այդպես
էլ շարունակելու ենք, որպեսզի 2005-ին մրցավարական բաժնում կառուցվածքային փոփոխությունների
եւ նոր ծրագրեր իրականացնելու շնորհիվ վերացվեն առկա խնդիրները, ունենանք ավելի բարձրորակ
մրցավարություն»: ՀՖՖ նախագահը չծանրացավ ֆեդերացիայի ֆինանսական ծախսերի
վրա եւ լրագրողներին հերթական անգամ հայտարարեց, որ ֆեդերացիայի ֆինանսական բաժնի
դռները միշտ բաց են ԶԼՄ-ների առջեւ: «Ես միայն ուրախ եւ շնորհակալ կլինեմ, եթե դուք
ծանոթանալով դրանց եւ այլ փաստաթղթերի, ինչ-ինչ վրիպումեր նկատեք եւ օգնեք մեզ դրանք
վերացնել»,- ասաց նա: Ռ.Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ ամփոփվել են 2004թ. լավագույն
ֆուտբոլիստի համար մրցույթի արդյունքները: Հաղթող դարձել է Էդգար Մանուչարյանը, 2-րդը
Արմեն Շահգելդյանն է, 3-րդը՝ Դավիթ Գրիգորյանը: Պատասխանելով հայաստանցի ֆուտբոլիստների՝
արտասահմանյան ակումբների հետ պայմանագրեր ստորագրելու մասին հարցին՝ Ռ. Հայրապետյանը
խորհուրդ տվեց դիմել ակումբներ, որովհետեւ դա նրանց մենաշնորհն է: Բայց նաեւ ասաց.
«Որքան ես եմ տեղյակ, նոր ակումբներ են գնացել Ապուլա Բետեն, Կալեն, Էդգար Մանուչարյանը,
Մամադու Դիավարան, շուտով կգնան Ալեքսան Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանը, Կարեն Ալեքսանյանը,
Գալուստ Պետրոսյանը, որն արդեն հաստատ պայմանագիր կնքել է (Մոլդովայի «Զիմբրուի»
հետ- Ա. Հ.), Արարատ Առաքելյանը»: Այնուհետեւ նա պատասխանեց նաեւ այլ հարցերի, որոնցից
հետեւում է, որ եկող մրցաշրջանում բարձրագույն խմբի 9 թիմերից վեցը կպայքարեն մրցանակային
տեղերի, երեքը՝ բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար, որ անցածի հետ համեմատած՝
այս տարվա առաջնությունում ոչ առաջընթաց, ոչ էլ նահանջ է նկատվել, որ դա դեռեւս թույլ
առաջնություն ունենալու արդյունք է, որ դա հնարավոր է միայն ֆինանսապես կայուն ակումբներ
ունենալու դեպքում եւ որ, բարեբախտաբար, այդ խնդիրն էլ կարծես արդեն լուծվում է,
որ եկող տարի իր կարծիքով անպայման ավելի լավ առաջնություն կունենանք, որ բարձրագույն
խմբի թիմերի քանակն աստիճանաբար, առանց շտապելու կավելացվի, որ վերջերս գործկոմի
նիստում ակումբների մուտքավճարների գնի մասնակի բարձրացումը հարկադիր քայլ էր: Հարցին,
թե նախորդ ասուլիսում հավաքականի՝ հունվարի 6-ից ուսումնամարզական հավաք հրավիրելու
մասին իր հայտարարությունը մնու՞մ է ուժի մեջ, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Մենք նպատակ
ունեինք հրավիրել հիմնականում տեղացիներին, սակայն մեր ակումբները ֆուտբոլիստներին
արձակուրդ են տվել մինչեւ հունվարի 15-ը՝ մեզ կանգնեցնելով փաստի առջեւ: Այնպես որ,
դա անել դժվար թե հաջողվի»: Ռուբեն Հայրապետյանը խիստ քննադատաբար արտահայտվեց Ձորաղբյուրի
մարզաբազան անհայտ ինչ-որ ֆիրմայի վաճառելու փաստի առիթով՝ դա համարելով անթույլատրելի
եւ հավաստիացրեց, որ ինքը պայքարելու եւ անելու է ամեն բան, թեկուզ դատարան դիմելով,
որպեսզի այդ գործարքը չեղյալ համարվի եւ մարզաբազան վերադարձվի ֆուտբոլին, սպորտին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել