ԲՈՀ-ը դատարան է ներկայացրել աղճատված փաստաթուղթ
Արդեն հայտնել ենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց ԳԱԱ երկրաբանա-հանքաբանական կենտրոնի տնօրեն, գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի հայցը՝ ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) տնօրեն Արմեն Թռչունյանի ապօրինի գործողությունների եւ, փաստորեն, պաշտոնական լիազորությունների գերազանցման վերաբերյալ։ Թվում է, թե դատական վեճն ավարտված է, իսկ հարցի իրավական լուծումը՝ տրված: Սակայն, քանի որ ԲՈՀ-ի հետ գործ են ունենալու տասնյակ եւ հարյուրավոր գիտնականներ, հարկ է, հավանաբար, ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա:
Պարզվում է, որ Թռչունյանն իրեն անհրաժեշտ գործողությունների հիմքում դրել է ակնհայտ վերափոխված (եթե չասենք՝ կեղծված) փաստաթուղթ։ Դեռ դատարանում հայտնի դարձավ, որ մասնագետների կարծիքը, որի վրա իբր հիմնվել է ԲՈՀ-ը՝ Ա. Սաղաթելյանին մերժելու եւ ՌԴ դիպլոմը ՀՀ դիպլոմին չհամապատասխանեցնելու հարցում, ստացվել է Սաղաթելյանի դիմումը մերժելուց հետո միայն, այլ ոչ թե առաջ՝ ինչպես պնդում էր ԲՈՀ-ի ներկայացուցիչը: Այդ ամենը բացահայտվեց պրոֆեսոր Բեզիրգանովի կողմից տրված մի գրության շնորհիվ, որից բխում էր, որ, չնայած, ԲՈՀ-ը մերժել է Սաղաթելյանին սեպտեմբերի 8-ին, սակայն Բեզիրգանովը հոկտեմբերի 13-ի դրությամբ ոչ տեսել էր Սաղաթելյանի դոկտորական ատենախոսությունը, ոչ էլ որեւէ կարծիք հայտնել դրա վերաբերյալ։ Իսկ դատավարությունից հետո հայտնի դարձավ շատ ավելի հետաքրքիր փաստ. ապօրինի մերժման եւ «գրագողության» մասին պնդումների «հիմքում» է ԲՈՀ-ում պահվող եւ մերժումից առաջ ստացված միանշանակ դրական եզրակացությունը, որում հստակ նշված է՝ Սաղաթելյանի դոկտորականը «համապատասխանում է դոկտորական դիսերտացիաներին առաջադրվող պահանջներին, առաջին հերթին՝ շնորհիվ նորարարական հետազոտությունների»։ Տեղի սղության պատճառով ամբողջական մեջբերում չենք կատարում (թե եզրակացության բնօրինակը եւ թե դատարան ներկայացված աղճատված «փաստաթուղթը խմբագրությունում են): Փաստն այն է, որ ԲՈՀ-ի նպատակներին հակասող մի քանի պարբերություն հեռացվել էր տեքստից՝ պարզունակ քսերոպատճենահանման միջոցով։ Պարզ է, որ դա չէր կարող կատարվել առանց պարոն Թռչունյանի անմիջական հանձնարարականի։ Ավելին՝ միայն նրա գիտությամբ այդ աղճատված «փաստաթուղթը» կարող էր ներկայացվել ե՛ւ դատարան, ե՛ւ ԲՈՀ-ի խորհրդին՝ փորձելով մոլորեցնել դատարանին եւ չարաշահելով ԲՈՀ-ի խորհրդի անդամների վստահությունը։ Հավանաբար, նման կեղծիք պետական կառավարման մարմնի որեւէ ղեկավար կարող է իրեն թույլ տալ երկու դեպքում՝ ծայրահեղ անգրագիտության (որը քիչ հավանական է) կամ անպատժելիության գիտակցության հետեւանքով:
Դատական նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ ԲՈՀ-ի ղեկավարի գործողությունների հետ կապված տեղեկատվության բացահայտումը եւ տարածումը ձեռնտու չէ պարոն Թռչունյանին: Միանշանակ հասարակությունից թաքցնելու բան կար, քանզի ԲՈՀ-ի ներկայացուցիչը հերթական անգամ փաստեց, որ «դիպլոմը ճանաչվում է ՀՀ-ում՝ անկախ ԲՈՀ-ի որոշումից» եւ ԲՈՀ-ը մի շարք այլ հարցերի պարագայում «չունի նման կարգ», ինչով ակամա ապացուցեց, որ պարոն Թռչունյանի կողմից ղեկավարված հիմնարկը աշխատում է որեւէ իրավական դաշտից դուրս։ Գուցե հենց պաշտոնյաների կամայականություններն են ստեղծում այն երեւույթը, որն այսօր ընդունված է կոչել «կոռուպցիոն ռիսկեր»։
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ