Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջընթաց՝ զեկույցի ձեւով

Դեկտեմբեր 15,2004 00:00

Երեկ
տեղի ունեցավ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ
աղքատությունը» վիճակագրական զեկույցի շնորհանդեսը: Փաստաթուղթը, որից մանրամասներ
ներկայացրեց վիճծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, արտացոլում է մեր երկրում
աղքատության վիճակը, ինչպես նաեւ այն հաղթահարելու ուղղությամբ ՀՀ կառավարության
իրականացրած միջոցառումների արդյունքները: Փաստաթղթի «ծնունդը» հատկապես ոգեւորել
էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանին, որը թեեւ համոզված
էր, որ աղքատության դեմ մղվող պայքարում մեր իշխանությունները ճիշտ ուղու վրա են,
այնուամենայնիվ, այս «անչափ կարեւոր զեկույցն էլ կնպաստի, որպեսզի նոր հաղթանակներ
արձանագրենք»: Բանախոսների կարծիքով, վիճծառայության հաշվետվությունը, ՀՀ
իշխանություններից եւ շահագրգիռ կողմերից բացի, կօժանդակի նաեւ ՀԿ-ներին, որոնք ժամանակ
առ ժամանակ «վերլուծելով Հայաստանի աղքատության հաղթահարման առաջընթացի միտումները,
մեր երկրում տարբեր ծրագրեր են իրականացնում»: Զեկույցի համաձայն, 2002-2003 թթ.
ընթացքում Հայաստանում 30%-ով ավելացել են պաշտոնապես գրանցված ամուսնությունները,
փոխարենը պակասել է ամուսնալուծությունների թիվը: Ծայրահեղ աղքատությունը նվազել
է 15 %-ով: Ըստ բանախոսների, թեեւ անհայտ է իրական գործազրկության չափը, սակայն,
հաշվետվության համաձայն, գործազրկությունը նվազել է 0,7%-ով: ԱՄՆ միջազգային զարգացման
գործակալության (USAID-ի) ներկայացուցիչներին էլ գրավել էր զեկույցում տեղ գտած այն
վիճակագրությունը, ըստ որի՝ մեր երկրում ավելացել է անհատական համակարգիչներ ունեցող,
ինչպես նաեւ «հեռուստացույցաֆիկացված» ընտանիքների 92 տոկոսանոց ցուցանիշը: Ուշագրավ
է զեկույցում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի՝ Հայաստանի մեծահարուստները «կատեգորիկ
հրաժարվել են մասնակցել» տնային տնտեսությունների շրջանում Համաշխարհային բանկի փորձագետների
անցկացրած հետազոտություններին: Վիճծառայության նախագահի ներկայացմամբ, զեկույցը
պատրաստվել է USAID- ի ֆինանսավորմամբ: Թերեւս այդ էր պատճառը, որ այդ կառույցի ներկայացուցիչներին
Ս. Մնացականյանի հղած երախտիքի խոսքերը չհերիքեցին. «Որքան էլ ասենք՝ չի փոխհատուցի
այն օգնության չափը, որը դուք տրամադրում եք», ուստի վիճծառայության նախագահը հույս
հայտնեց, որ «վերջիններիս առաքելությունը գոնե Աստված աննկատ չի թողնի»: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ Լուսանկարը՝ Օնիկ Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել