Սոցիոլոգիական
հետազոտությունների արդյունքով, Բաքվում եւ Թբիլիսիում հասարակության վստահության
հենասյուներն են նախագահը, բանակը եւ ԶԼՄ-ները, իսկ Երեւանում՝ բանակը եւ եկեղեցին:
Հետազոտությունն անցկացրել է Հարավկովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոնը
2004թ. մայիս-հունիսին: Յուրաքանչյուր մայրաքաղաքում լրացվել է շուրջ 1500 հարցաթերթիկ:
Առաջին անգամ իրականացվող հետազոտության հիմնական նպատակն էր պարզել երեք երկրների
հասարակական մտածողության զարգացումը հետխորհրդային 15 տարիների ընթացքում: Առանձնացնենք
ամենահետաքրքիր դիտարկումները: Քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսակետից
երեք մայրաքաղաքներում էլ, որպես ամենաարդյունավետ միջոցներ, մնում են ավանդական
միջանձնական կապերը՝ ազգականներ, ընկերներ, հարեւաններ: Այս հարցում պետական եւ քաղաքացիական
հասարակության ինստիտուտներին ամենաշատը վստահում են Բաքվում, ամենաքիչը՝ Երեւանում:
Ընդ որում, մեզ մոտ ամենաարդյունավետ ձեւը համարվում է քրեական հեղինակությունների
միջամտությունը: Հանցագործությունների մակարդակով ամենակրիմինալը Թբիլիսին
է, որտեղ հանցագործության ականատես կամ զոհ են եղել հարցվածների շուրջ 15%-ը, իսկ
Երեւանում եւ Բաքվում այդ թիվը եռակի անգամ ցածր է: Բռնության հիմնական աղբյուրներ
են դիտվել գողերն ու խուլիգանները, Բաքվում՝ նաեւ թմրամոլները, իսկ Երեւանում եւ
Թբիլիսիում՝ նաեւ ոստիկանները: Ի տարբերություն Երեւանի, մյուս մայրաքաղաքներում
ամենաբարձր վստահությունը վայելում է երկրի նախագահը՝ իշխանության այլ ճյուղերի եւ
իրավապահ մարմինների համեմատ: Ընդ որում, Թբիլիսիում նախագահից հետո վստահության
քվե ունեն օրենսդիր մարմինները, քաղաքական կուսակցություններն ու օմբուդսմենը, իսկ
Բաքվում՝ ոստիկանությունը: Մեր հարեւան երկու մայրաքաղաքներում ԶԼՄ-ների նկատմամբ
վստահությունը նույնպես ավելի բարձր է, քան Երեւանում: Դրան հակառակ, Երեւանում եկեղեցու
դերն ամենաբարձրն է: Ընդհանրացված, Բաքվում եւ Թբիլիսիում հասարակությունը վստահում
է նախագահին, բանակին եւ ԶԼՄ-ներին, իսկ Երեւանում՝ բանակին ու եկեղեցուն: Վերջին
15 տարիներին կրոնը երեք ազգերի համար էլ վերածվել է ազգային ինքնագիտակցության կարեւոր
գործոնի: Քաղաքականությամբ ամենաքիչը հետաքրքրվում են ադրբեջանցիները՝ 2/3-ը,
իսկ Երեւանում՝ ամենաշատը, բնակչության կեսից ավելին: Ներքաղաքական տեղեկությունների
հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է, երկրորդ աղբյուրը Բաքվում ռադիոն է, Թբիլիսիում՝
մամուլը, Երեւանում այդ երկուսն էլ գրեթե հավասար կարեւորություն ունեն: Հարավկովկասյան
երեք երկրների համագործակցությունը մայրաքաղաքների բնակիչների կողմից արժանացել է
տարբեր վերաբերմունքների: Համագործակցության հնարավոր կամուրջը մնում է Վրաստանը:
Երեւանցիների կարծիքով, Ադրբեջանի հետ համագործակցության հնարավորությունը գնալով
աճում է, իսկ բաքվեցիները կտրականապես դեմ են դրան: Հարեւան մյուս երկրների հետ այդ
խնդիրը լուծվել է Ռուսաստանի ակնհայտ գերակայությամբ: Որպես երկրորդ գործընկեր, Հայաստանի
համար Եվրամիությունն է, Թբիլիսիի համար՝ ԱՄՆ-ն, իսկ Բաքվի համար՝ Թուրքիան: Ուշագրավ
է հարավային հարեւանների հետ հարաբերությունների բաշխումը. Վրաստանը Թուրքիայի հետ
ունենալով ամենամեծ ապրանքաշրջանառությունը, այդուհանդերձ, նրան առաջին գործընկեր
չի ճանաչում: Բաքուն էլ Իրանի հետ ունենալով ամենամեծ սահմանը եւ կրոնամշակութային
ընդհանրություն, Իրանը դիտում է հարավում որպես վերջին գործընկեր: Ակնհայտ է, որ
խնդիրն այստեղ քաղաքական երանգ ունի: Հատկանշական է, որ Հայաստանի եւ Իրանի տնտեսական
հարաբերությունները երեւանցիների տեսակետից զարգացում չեն ապրում, թեպետ շրջափակման
պայմաններում հենց Իրանն է արտաքին աշխարհի հետ Հայաստանի ցամաքային ամենահուսալի
ճանապարհը: Միջազգային կազմակերպությունների մասին գործունեության արդյունավետությունն
ամենաբարձր գնահատականի է արժանացել Թբիլիսիում, ինչը տրամաբանական է. այստեղ են
գտնվում դրանց հարավկովկասյան տարածաշրջանային կենտրոնները: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ