ՄԱՐԶՊԵՏԸ
ԿԱՊ ՉՈՒՆԻ՞ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք,
թե ինչո՞ւ է իր ղեկավարած մարզում ստեղծվել այնպիսի մթնոլորտ, որ վարչապետի եւ իր
գործունեության հասցեին քննադատական հրապարակումներով հանդես եկած «Սյունյաց երկիր»
թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը ենթարկվում է բռնության: «Ես կխնդրեի,
որ այդ փաստն ընդհանրապես չկապեք մարզպետարանի հետ,- պատասխանեց պրն Խաչատրյանը:-
Սա տարածքի խնդիր էր՝ մեկը վարձակալել էր, զբաղեցրել էր տարածքը, մյուսն ուզում էր
վերցնել, ազատել»: Մեր հիշեցմանը, թե խնդիրն այսուհանդերձ առաջացել է մարզպետի
գործունեության մասին հրապարակումներից հետո՝ պրն Խաչատրյանն այսպես արձագանքեց.
«Ո՛չ, կարող են թերթում շանտաժ անել: Բայց մարզպետարանն ընդհանրապե՛ս կապ չունի այդ
երկուսի միջեւ եղած հակասությունների եւ խնդիրների հետ: Ասեմ, որ այդ լրագրողին՝
Սամվել Ալեքսանյանին, բոլորս էլ հարգում, ընդունում ենք, բայց թող ինքը չկապի մարզպետարանի
հետ: Ես ուղղակի, որպես մարզպետ, չէի ուզենա, որ իմ մամուլի խոսնակն ինքը լիներ:
Ընդամենն այդքան բան»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին իրականացված բռնությունից
մեկ շաբաթ առաջ Սամվել Ալեքսանյանը մարզպետի հրամանով ազատվել էր լրատվության ու
հանրության բաժնի պետի պաշտոնից: Հրամանում ազատման պատճառ է նշվել համատեղությունը
ու հիմք է բերվել Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի 08.10.1988 թ. թիվ 520 որոշումը:
«Նա հայեցողական պաշտոն էր զբաղեցնում: Եվ ես չեմ ցանկացել նրա հետ աշխատել որպես
մամուլի խոսնակ: Բայց նա իր թերթը կարող էր տպագրել ոչ թե մարզպետարանի շենքում տարածք
զբաղեցնելով, այլ կարող էր վարձակալել կամ կառուցել իր տարածքը՝ բիզնեսն ունի իր
օրենքները: Ես ընդամենն ասել եմ, որ ազատեն մարզպետարանի առաջին հարկում իրենց զբաղեցրած
տարածքը»: Ա. Ի.