Լրահոս
Օրվա լրահոսը

«Անխոցելիները» շարքից

Դեկտեմբեր 15,2004 00:00

«Անխոցելիները»
շարքից «Մենք կարողացանք վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության
շուրջ բանակցությունների վերսկսման ճանապարհին վերջերս ի հայտ եկած խոչընդոտները»,-
երեկ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝
ամփոփելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր վերջին հանդիպումների, ինչպես նաեւ ԵԱՀԿ
Նախարարների խորհրդի՝ Սոֆիայում կայացած հանդիպման արդյունքները: Ըստ Օսկանյանի,
ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հանդիպմանը հակամարտությունների շարքում ԼՂ հարցը միակն
էր, որի շուրջ կայացվեց որոշում, ուր դրական գնահատելով «Պրահայի գործընթացը»՝ նաեւ
նշվում է, որ արդեն ստեղծվել է բանակցային մի շրջանակ, որի հիման վրա հնարավոր է
շարունակել բանակցությունները: Փաստենք, որ սա պայմանականորեն միակ դրական
բանն էր, որ հնչեց երեկվա ասուլիսին: Հարցին, թե ինչ ֆորմատով կընթանան բանակցությունները,
նախարարը պատասխանեց. «Այս պահի դրությամբ կշարունակի գործել բանակցային նույն ֆորմատը
(ՀՀ-Ադրբեջան- խմբ.), մինչեւ հասունանա ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը»:
Մեկ այլ հարցի, որը վերաբերում էր Օսկանյանի եւ իր ադրբեջանցի պաշտոնակից Մամեդյարովի
հանդիպումների ժամանակ արծարծված՝ որոշ «զբաղեցրած» շրջանների վերադարձման հնարավորությանը,
ՀՀ արտգործնախարարն այդպես էլ հստակ ժխտողական պատասխան չտվեց: Այսինքն՝ փաստորեն
չհերքեց ադրբեջանական մամուլում շրջանառվող հիշյալ լուրերը, միայն նշելով, թե հանդիպումների
ժամանակ իրենք խոսում են խնդրի տարբեր ասպեկտների շուրջ, եւ մի բան է այդ կոնկրետ
խոսակցությունը, մեկ այլ բան՝ Ադրբեջանում ներքին սպառման համար արվող հայտարարությունները:
Վարդան Օսկանյանը երեկ նաեւ ողջունեց իր ֆրանսիացի գործընկեր Միշել Բարնյեի
հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների
ընթացքում Թուրքիան պետք է ճանաչի եւ գնահատական տա 1915 թվականի հայերի զանգվածային
կոտորածին: Օսկանյանի խոսքերով, Բարնյեի հայտարարությունը վկայում է այն մասին, որ
Ցեղասպանության խնդիրը դուրս է եկել «հայկական շրջանակներից» եւ Եվրոպական միության
կողմից դիտվում է «համամարդկային համատեքստում»: Վերջապես՝ մեկ ուկրաինական
անդրադարձ: Կիսո՞ւմ է, արդյոք, Վարդան Օսկանյանը արեւմտյան որոշ փորձագետների այն
գնահատականները, թե «նարնջագույն հեղափոխությունը» կարող է իր շարունակությունն ունենալ
նաեւ Հայաստանում: «Ամենեւին չեմ կիսում»՝ կտրուկ առարկեց Օսկանյանը: Նա ասաց, որ
Ուկրաինայի պարագան ուրիշ էր. այնտեղ գրեթե բոլոր միջազգային դիտորդները միանշանակորեն
կասկածի տակ էին առել ընտրությունների արդյունքները: «Բա ինչո՞ւ ՀՀ նախագահը շտապեց
շնորհավորել այդքան կասկածելիորեն ընտրված Յանուկովիչին» հարցին ի պատասխան՝ Օսկանյանը
նախ մի քիչ կմկմաց, ապա մի կերպ արտաբերեց. «Իրավաբանորեն դա անխոցելի քայլ էր»:
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել