Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ԲԱՑԱՐԿ Է ՀԱՅՏՆԵԼ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ

Դեկտեմբեր 15,2004 00:00

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը ներկայացնում է, թե ինչ վիճակում է իր դեմ իրականացված բռնության փաստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանը՝ երկու տղաների հետ, ծեծի էր ենթարկել «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրին՝ ըստ վերջինիս, պատասխան պահանջելով, թե ինչու է թերթը քննադատել վարչապետին եւ մարզպետին: Թերթն իր հրապարակումներից մեկում Անդրանիկ Մարգարյանին եւ Սերգո Երիցյանին խնդրել էր պարզաբանել, թե ինչու է փակվել Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը:

Առաջին իսկ օրը հարուցվել է քրգործ, որի վարույթն իրականացրել է մարզի քննչական բաժինը: «Մեկ շաբաթ անց քննիչը մի պայմանագիր ներկայացրեց, թե իբր այդ հարձակումը պայմանավորված է եղել տարածքի խնդիրներով,- պատմեց Սամվել Ալեքսանյանը:- 7 օր անց ստեղծել էին վարձակալության մի կեղծ փաստաթուղթ, որը ոչինչ չի նշանակում, քանի որ անշարժ գույքին առնչվող բոլոր գործարքները հաստատվում են նոտարական վավերացումով եւ կադաստրային գրանցումով»: Պարզաբանենք, որ խոսքը Կապանի «Լեռնագործ» հյուրանոցի (այստեղ էր ժամանակավորապես հանգրվանել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը) տնօրինության եւ «Սյունյաց արծիվներ»-ի միջեւ կնքված պայմանագրի մասին է, ըստ որի՝ հյուրանոցի 6 սենյակները 2004-ի հոկտեմբերի 11-ից վարձակալությամբ տրվել են «արծիվներին» եւ այդ 6-ի մեջ մտնում են նաեւ այն սենյակները, որտեղ տեղակայված է «Սյունյաց երկիրը»: Ըստ Սամվել Ալեքսանյանի՝ այդ փաստաթղթով իբր տարածք տրամադրողն էլ չուներ նման իրավունք, քանի որ հյուրանոցի սեփականատերը չէ:

«Այդ կեղծ փաստաթուղթը ներկայացնելուց հետո նրանց հաջողվեց բոլոր քննչական գործողությունները կառուցել այն վարկածի շուրջ, թե սա տարածքի խնդիր է,- ասաց պրն Ալեքսանյանը:- Սակայն չէին կարող հերքել բռնության փաստը, քանի որ կա դատական բժշկի եզրակացությունը»: Այսուհանդերձ՝ նա բացարկ է հայտնել նախաքննությունն իրականացնող մարմնին. «Գործից անհետացել էին առաջին օրը խմբագրությունում կատարված լուսանկարները: Բացի այդ՝ գործին միջամտել էին պետական կառույցները՝ ե՛ւ Սյունիքի դատախազը, ե՛ւ մարզպետը: Ելնելով այս հանգամանքներից՝ անվստահություն եմ հայտնել Սյունիքի մարզի քննչական ամբողջ կառույցին: Գլխավոր դատախազը չի ընդունել իմ միջնորդությունը բացարկի վերաբերյալ, բայց նպատակահարմար է գտել գործի վարույթը փոխանցել Վայոց ձորի մարզի դատախազության քննությանը: Ես Վայոց ձորի մարզի դատախազ պրն Պալյանին դիմում եմ հղել, որ նա գործը վերադարձնի իրավական հուն: Մասնավորապես՝ քրգործը պետք է հարուցվեր ոչ թե խուլիգանության՝ 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այլ քանի որ դա եղել է մի խումբ անձանց կողմից՝ պիտի մեղադրանք առաջադրվեր 258-ի 3-րդ մասով: Բացի այդ, հարձակման ընթացքում հափշտակվել է իմ բջջային հեռախոսը, որը ենթադրում է ՔՕ բոլորովին այլ հոդված: Եվ ի վերջո՝ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությունը, քանի որ, պնդում եմ՝ այդ վարձկանները հարձակվել են միայն մի նպատակով՝ ճնշելու խոսքի ազատությունը եւ փորձելով ահաբեկել»:

Մարզետարանի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ալեքսանյանը պնդեց, թե տարածքի կռիվ իրականում կարող է անել միայն ներկայիս մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը. «Ինքն է վերջին 10-15 տարում տարածքների համար բուռն պայքար մղել սրա-նրա հետ, բաժանել, վերավաճառել եւ այլն»: Սամվել Ալեքսանյանը պնդում է, թե իր դեմ իրականացված բռնարարքն ուղղակիորեն մարզպետարանի հետ թերթի հարաբերությունների հետեւանք է. «Կռիվները սկսեցին նրանից հետո, երբ թերթն առաջին անգամ քննադատեց տարածքային իշխանության ու Գորիսի քաղաքային իշխանության գործողությունները՝ Գորիսի գրադարանի առնչությամբ»: Պարզաբանեց, թե այդ գրադարանում վերջին 2 տարում 2 անգամ արվել են կրճատումներ՝ մի անգամ 12 հոգու են աշխատանքից ազատել, երկրորդ անգամ՝ 5, բայց բարեբախտաբար՝ երկու դեպքում էլ այդ մարդիկ դատարանի վճռով վերականգնվել են. «Սակայն իրենց համար անցանկալի այդ մարդկանց դարձյալ աշխատանքից հեռացնելու նպատակով հիմա լուծարում են Գորիսի միակ քաղաքային գրադարանը»: «Սյունյաց երկիրն» այս փաստի առնչությամբ իր թերթի էջերում բաց նամակ է հղել երկրի նախագահին, այն վերահասցեագրվել է տարածքային կառավարման նախարարին. «Եվ եթե Հովիկ Աբրահամյանը իսկապես օժտված է իրական իշխանության լծակներով եւ լիազորություններով՝ միջամտելու Սյունիքում իրականացվող քաղաքականությանը, ապա պիտի փորձի պատասխան ստանալ՝ ինչո՞ւ է լուծարվում Գորիսի միակ քաղաքային գրադարանը»: Ի դեպ, դեռ պատասխան չեն ստացել թերթի այլ աղմկահարույց հրապարակումները, որոնք առնչվում են Գորիսի եւ Կապանի ինստիտուտների ընդունելության քննություններին, որոնց արդյունքներն, ըստ Սամվել Ալեքսանյանի՝ լրիվ կեղծվել են. «Այդ հրապարակումները պատճառներից մեկն էին, որ սրվեին մարզպետարանի եւ թերթի հարաբերությունները»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս բռնարարքին հաջորդած խորհրդարանական ճեպազրույցում խոստացել էր, որ եթե հետաքննությամբ հաստատվի, թե իրոք ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանն է ջարդել «Սյունյաց երկիր»-ի գույքը եւ ծեծի ենթարկել խմբագիր Սամվել Ալեքսանյանին՝ կպատժվի եւ կհեռացվի կուսակցությունից: Քանի որ քննությամբ արդեն իսկ հաստատված է բռնության փաստը՝ հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն կազմակերպական հետեւություններ արե՞լ է Ասրյանի վերաբերյալ: «Ճիշտն ասած, լուրջ չեմ ընդունել Գալուստ Սահակյանի խոստումը,- ասաց Սամվել Ալեքսանյանը:- Իրենք չեն կարող կուսակցությունից հեռացնել Խաչիկին, քանի որ «Սյունյաց արծիվները» գրպանային կառույց է, որը ստեղծվել է ընդամենը տեղական նշանակության այսպիսի խնդիրներ լուծելու՝ անցանկալիների հետ հաշվեհարդար տեսնելու կամ, ըստ անհրաժեշտության՝ երեւութական միջոցառումներ կազմակերպելու համար»:

«Սյունյաց երկրի» գլխավոր խմբագիրը նաեւ հայտնեց, որ մի քանի օր առաջ իրեն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը. «Ես դադարեցրել էի մասնակցությունը քննչական գործողություններին: Ինձ հորդորել են մասնակցել: Կփորձեմ առաջիկայում մասնակցել, բայց եթե քննչական գործողությունները նորից տարվեն նույն հնարած հունով՝ հրաժարվելու եմ: Թող վարվեն՝ ինչպես ուզում են եւ նույնիսկ դափնիներ նվիրեն այդ վարձկաններին՝ չենք մասնակցի այդ ֆարսին: Մի քանի օր առաջ Կապանում էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, եւ այդ հարցը նրա ուշադրության կենտրոնում էլ է: Առայժմ հավատում եմ, որ մեր պետության իրավապահ մարմինները համապատասխան իրավական գնահատական կտան ազատ խոսքի վրա գրոհին»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել