Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԹԵՆՔԸ

Դեկտեմբեր 14,2004 00:00

ԱԹԵՆՔԸ ԴԱՍ ԷՐ, ՈՐԻՑ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ Հարցազրույց Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի հետ – Պարոն Զաքարյան, ձմեռային սպորտի ու հանգստի սիրահարները անհամբերությամբ են սպասում ճոպանուղու շահագործմանը: Այս կառույցը ե՞րբ կընդունի առաջին այցելուներին: – «Լայթներ» ֆիրմայի մասնագետներն արդեն մեկ ստուգողական փորձարկում արել են առաջին գծում ու գոհ են մնացել: Հիմա նրանք մեր մասնագետների հետ զբաղված են էլեկտրականության մոնտաժումներով, որոնք կավարտեն առաջիկա օրերին: Նույնը կարվի նաեւ երկրորդում, մեկ անգամ էլ վերջնական փորձարկում կիրականացվի եւ եթե արտակարգ բաներ չլինեն, բացումը կկատարենք մինչեւ դեկտեմբերի 25-ը: – ՀԱՕԿ-ի ասամբլեայում դուք նախագահի ընտրության ժամանակ ձեր թեկնածությունը չդրեցիք՝ գերադասելով ղեկավարել միայն Սպորտպետկոմը: Հիմա հոգսերը թեթեւացե՞լ են: – Ինչ-որ առումով ավելի հանգիստ եմ: Սակայն այստեղ էլ անելիքներն անչափ շատ են՝ սկսած մասսայական ու մանկապատանեկան սպորտի խնդիրներից, մարզադպրոցներից, մարզական շինարարությունից, մինչեւ մեծ սպորտի հետ առնչվող հարցերը: Մեծ սպորտում հաջողություններ չեն լինի, քանի դեռ մանկապատանեկանի վիճակը բարվոք չէ: Դրա համար էլ 2005-ին ուշադրությունը կենտրոնացնելու ենք հենց այս ոլորտի վրա: Բյուջեի հիմնական մասը տրամադրելու ենք հանրակրթական դպրոցներին: Շատ կարեւոր ու մեծ ծրագիր է մշակվում մանկապարտեզների համար, որին ձեռնամուխ կլինենք 2006-ից: – Մարզադպրոցներն ուշադրությունից դո՞ւրս են մնացել: – Իհարկե՝ ոչ: Ճիշտ է, այստեղ առանձին ծրագիր չունենք, սակայն ՀՀ նախագահի օժանդակությամբ մի քանի խոշոր մարզակառույցներ 2005-ին հիմնովին նորոգվելու են: Դրանք են. ՕՀՀՈՒ-ն, «Աշխատանք» ԿՄԸ մարզադահլիճը, «Սպարտակ» մարզահամալիրը եւ այլն: Իսկ վարչապետի հանձնարարությամբ հիմա աշխատում ենք նոր ծրագրի վրա՝ կապված մայրաքաղաքից դուրս մի քանի խոշոր մարզակառույցներ հիմնովին վերանորոգելու հետ: – Վերջերս ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց մանկապատանեկան սպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: – Այո: Այդ չափազանց կարեւոր օրենքն ԱԺ-ն ընդունել է անցած տարի: Բայց կիրառման ընթացքում այլ օրենքների հետ որոշ անհամապատասխանություններ ի հայտ եկան: Դրանք շտկեցինք ԱԺ-ի հետ, եւ նախագահը մայր օրենքի այդ փոփոխությունները վավերացրեց: – Ամեն դեկտեմբերի 30-ին մարզաշխարհը մեծ շուքով ամփոփում է տարին, նախագահն էլ պարգեւներ է հանձնում առավել աչքի ընկած մարզիկներին: Աթենքում անհաջող մրցելույթների ֆոնի վրա այս տարի նման հավաքույթ լինելո՞ւ է: – Մենք լավ ավանդույթը չենք խախտի, չնայած այս անգամ, ցավոք, այն ոգեւորությունը չկա: Լավ կլիներ, եթե օլիմպիական խաղերում էլ մեդալներ նվաճած լինեինք: Բայց մի մոռացեք, որ մեր սպորտը չեմպիոններ եւ մրցանակակիրներ տվել է աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Ինչպե՞ս կարող ենք անտեսել այդ մարզիկներին, նրանց չարչարանքը, մատուցած ծառայությունները, չոգեւորել այդ 20-22 տարեկան երիտասարդներին, պատանիներին, ովքեր վաղը համալրելու են մեր ազգային հավաքականները: Կառավարության որոշմամբ պարգեւներ սահմանված են ոչ միայն օլիմպիական մեդալակիրների համար: Աթենքը դաս էր, որից հետեւություններ արվել ու դեռ արվում են: Դա լինի պետական մոտեցումների, կառուցվածքային, թե կադրային փոփոխությունների առումով: – Քանի որ խոսք բացեցիք կադրային հավանական փոփոխությունների մասին, ձեր կարծիքով ո՞վ կլինի ծանրամարտի ֆեդերացիայի նոր նախագահը: Ասում են, որ թեկնածուների թվում շոշափվում է նաեւ ձեր անունը: – Իրոք, նման առաջարկ եղել է, այն էլ՝ մի քանի անգամ: Հաշվի է առնվել երկու հանգամանք: Նախ, իմ նաեւ անձնական կապերը FILA-ի նախագահ Թամաշ Այանի, նրա գրեթե բոլոր տեղակալների, գործկոմի, մրցավարական եւ մյուս հանձնաժողովների անդամների հետ: Եվ երկրորդ, ես այս տարիներին ծանոթացել եմ մարզաձեւի բոլոր նրբություններին ու խոհանոցն արդեն լավ եմ պատկերացնում: Բայց երկու հանգամանքն էլ ինձ ստիպում է երկար մտածել: Եթե համաձայնեմ, կարող են շահարկել, թե պետական կառույցի ղեկավար լինելով ավելի լավ աչքով կնայեմ այդ մարզաձեւին: Երկրորդ, ցանկանում եմ, որպեսզի ծանրամարտի ֆեդերացիան էլ կարողանա ինքնուրույն կայանալ, պետական կառույցի հետ աշխատի զուտ որպես գործընկեր: Ֆեդերացիայի վերջին նիստում, երբ ընտրեցին հավաքականների մարզիչներին, մարզչական խորհուրդ եւ այլն, նախագահի հարցն առկախեցին: Բայց, կարծում եմ, հունվար-փետրվարին նախագահ կընտրվի: – Եվ դա կարող եք դո՞ւք լինել: – Անկեղծ ասած, հոգուս խորքում ուզում եմ «ոչ» ասել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել