Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԻՆ

Դեկտեմբեր 14,2004 00:00

ԲԱՆԱԿԻՆ ՊԵ՞ՏՔ ԵՆ ԲԺԻՇԿ-ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը շարունակում է իր պայքարը՝ այս անգամ ընդդեմ կառավարության նոյեմբերի 18-ի որոշման:Այս որոշումով պաշտպանության նախարարին հանձնարարվում է՝ «ապահովել 2004 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի՝ մինչեւ 35 տարեկան 70 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը: Սահմանել, որ գիտական աստիճան (գիտության թեկնածու, դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության զորակոչվելիս նշանակվում են ՀՀ զինված ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոնների՝ ըստ մասնագիտության»: Նախաձեռնող խմբի անդամները երեկ հրավիրած ասուլիսում հայտնեցին իրենց կարծիքը, թե վերոնշյալ որոշումը նույնքան անհիմն է, որքան «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունն էր»: Հիշեցնենք՝ փետրվարին շրջանառության մեջ մտած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի դիմորդին զրկում էր տարկետման իրավունքից, կառավարությունը ԱԺ-ից հետ կանչեց՝ նույն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիաներից հետո: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այն ժամանակ հայտնեց, որ իսկապես որոշումը հապճեպ էր կայացվել, շահագրգիռ կողմերի հետ համապատասխան քննարկումներ չէին եղել: Այժմ էլ, կարծես, նույն պատմությունն է: «ԿԳ նախարարը անգամ կառավարությունում ելույթ չի ունենում, իր դիրքորոշումը լռությունն է, մենք նախարարին դիմելու խնդիր չունենք, որովհետեւ պատասխան չենք էլ սպասում նրանից»,- ասում է խմբի անդամ Ռուբեն Աղաբաբյանը: Իսկ ՊՆ-ի հետ նախաձեռնող խումբը բանավիճում է լրատվամիջոցներով: Սակայն խմբի անդամները մեզ հայտնեցին, որ մի քանի օր առաջ «Շանթի» եթերում նախատեսված իրենց ու ՊՆ-ի երկխոսությունը տապալվեց, որովհետեւ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել եթերին: «Առաջին հերթին այս որոշումը հարված է գիտությանը, եւ հետո՝ 70 հոգու ազատության սահմանափակում,- ասում են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամները,- մենք գիտենք մեկին, որ ամսի 20-ին պետք է ամուսնանար, մեկ ուրիշը աշխատում էր եւ վարկով բնակարան էր գնել: Հիմա ի՞նչ պետք է լինի այն մարդկանց ճակատագիրը, որոնք ծրագրել էին իրենց հետագա կյանքը»: Նախաձեռնող խումբն այս որոշման մեջ տեսնում է կոռուպցիոն մեծ ռիսկ, «երբ չգիտենք՝ ի՞նչ սկզբունքով են 114 թեկնածուներից 70-ին ընտրելու, ի՞նչ չափորոշիչներով»: Խումբն առաջարկում է խնդրին տալ ծրագրային լուծում՝ չվնասելով գիտությանը եւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումներ ծավալելով. «Ռազմաբժշկական ֆակուլտետը տարեկան միջին հաշվով 50 շրջանավարտ է տալիս, եւ եթե մեզ բանակում պետք են էլի որակյալ կադրեր, ապա պետք է ավելացնել ռազմաբժշկական ֆակուլտետի տեղերը: Որոշման հեղինակներն ասում են, որ բանակը համալրում են որակավորված մասնագետներով, այդ դեպքում թող տանեն օրդինատորներին եւ ոչ թե գիտնական-տեսաբաններին»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել