Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմ՝

Դեկտեմբեր 14,2004 00:00

Պատերազմ՝ գրիպի թեմայով Վերջերս մեր բարձրաստիճան պաշտոնյաները տառապում են երեւանցիներին «ռայոնցիներից» տարբերակելու տարօրինակ մի հիվանդությամբ: Օրինակ՝ գյումրեցիները դեռ չէին հասցրել «մարսել» ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի այն արտահայտությունը, թե «Երեւանից ու Համզաչիմանից հավաքած հարկերը չեն կարող ծախսվել գյումրեցիների վրա», երբ հերթական անակնկալը մատուցեցին առողջապահության պաշտոնյաները: Մեր թերթում գրիպի դեմ պատվաստման գործընթացի մասին օրերս տպագրված նրանց պարզաբանումները դարձել են գյումրեցի ակտիվ մասսայի քննարկման առարկան: Նրանց հատկապես վիրավորել է այն տեղեկությունը, թե գրիպի դեմ պատվաստման գործընթացը իրականացվում է միայն մայրաքաղաքում, իսկ մարզերի բնակիչների համար նման բան չի նախատեսվում՝ նախարարության միջոցների չբավականացնելու պատճառով: «Վերջապես ի՞նչ է սա նշանակում, չլինի՞ մեր նախարարներին թվում է, թե իրենք քաղաք8211պետություն են ղեկավարում: Թե էն տպավորությունն է ստեղծվել, որ Երեւանում բոլորը չքավոր են, մարզերում՝ կերած-խմած»,- զայրանում են գյումրեցիներից շատերը՝ նախարարության դերաբաշխումից գլուխ չհանելով: Նրանց կարծիքով, նախարարության գործելակերպը թերեւս հասկանալի կդառնար, եթե դեղորայքի բաշխումը կատարվեր ոչ թե ըստ մայրաքաղաքի ու «գյուղական համայնքների» (մայրաքաղաքից դուրս նրանց համար բոլոր վայրերը գյուղեր են), այլ՝ ըստ սոցիալական շերտերի: Գյումրեցիներից շատերն են գրիպով տառապում: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության տրամադրած թարմ տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնապես գրանցվածների թիվը 197-ից հասել է 235-ի, ընդ որում վարակվածներից 90-ը մինչեւ 7 տարեկան երեխաներ են: Առողջապահության վարչության աշխատակիցները չեն բացառում, որ պաշտոնական թիվը խաբուսիկ է: Օրինակ՝ դպրոցահասակների հիվանդության գրանցման համար որպես հիմք ընդունվել են դպրոց ներկայացրած բժշկական տեղեկանքները, որոնք հիվանդության պահին ոչ բոլոր ծնողներն են ներկայացրել: Մեր զրուցակիցների ասելով, թեեւ դպրոցներն ու մանկապարտեզները ջեռուցվում են, այնուամենայնիվ այնտեղ «ցրտից շուն է սատկում»: Իհարկե, գյումրեցիները իրենց բողոքը ներկայացնելիս համեստորեն հաշվի չեն առնում քաղաքի գործազուրկներին կամ էլ ցուրտ, բորբոսնած տնակներում բնակվողներին: Այնուամենայնիվ, գյումրեցիները հնարավորություն ունե՞ն գրիպի դեմ պատվաստվել, թե՞ ոչ՝ «Առավոտի» հետաքրքրասիրությանը ի պատասխան, Առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ քաղաքի բուժհիմնարկների ղեկավարներին շատ քիչ քանակությամբ հակագրիպային պատվաստանյութ է հաջողվել ձեռք բերել: Իսկ այն ում է հասնելու, որ երջանիկն է պատվաստվելու եւ ով է մնալու: Ակնհայտ է, որ առողջապահության նախարարությունը իր այդ քաղաքականությամբ քաղաքի բնակիչների ու նաեւ բնակիչ-բժիշկների միջեւ նոր «պատերազմ» է հրահրում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ. Երեւանում, կրկին պաշտոնական վերջին տվյալներով, գրիպով հիվանդների թիվը կազմում է շուրջ 3000, որի կեսը նախադպրոցական տարիքի երեխաներ են: Նախորդ շաբաթվա համեմատ «գրիպոզների» թիվն աճել է շուրջ 200-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել