Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՎ

Դեկտեմբեր 14,2004 00:00

ԻՆՉՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԲՈՒՐԳԸ Ինչպես հայտնի է, հայ քաղաքական դաշտի երեք վետերանները՝ Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան եւ Աշոտ Մանուչարյան, վերջերս համաձայնագիր են ստորագրել արտաքին քաղաքականության խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Երեկ «Առավոտի» խնդրանքով Աշոտ Մանուչարյանը անդրադարձավ խորհրդի գործունեության որոշ մանրամասներին: – Մեխանիզմներն այսօր ուրվագծման, ձեւավորման փուլում են գտնվում: Ակնհայտ է մեկ բան. պետք է ներգրավված լինեն փորձագետները եւ փորձագիտական կառույցները, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները, գործիչները, արտաքին կապեր ունեցող տնտեսական, մշակութային, երիտասարդական կառույցները՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի եւ թե՛ Սփյուռքի: Երկու սկզբունքային պահ՝ պետք է համակարգում ներգրավված լինի արտաքին քաղաքականության վերլուծության մշակման եւ իրականացման ողջ ներուժը, երկրորդը՝ ներգրավված ամեն ոք նախեւառաջ ներգրավվում է որպես քաղաքացի: Այսինքն՝ սա առաջին փորձն է ծավալուն քաղաքացիական համակարգ ձեւավորելու, ինչը արդյունավետ գործունեության դեպքում կյանքի կկոչի նաեւ այլ համակարգեր: – Ո՞ր համակարգերը: – Ժամանակակից հասարակությունը, ավելի ճիշտ՝ այն, ինչ անվանում են արեւմտյան քաղաքակրթություն, խարսխված է մի շարք սկզբունքային դրույթների վրա, որոնցից կարեւորագույնը մարդկանց՝ որպես քաղաքացիներ, պայմանավորվածություններն ու հարգանքն է: Եթե այդ խնդիրը դուք չեք կարողանում լուծել, ապա դառնում եք խիստ անարդյունավետ, հետամնաց՝ այսօրվա աշխարհից: Հայաստանը առաջին քայլն այդ ուղղությամբ կատարել է՝ վերջին տարիներին ավտորիտար համակարգից անցնելով հանցագործ խմբերի պայմանագրային համակարգի: Մի զարմացեք, որ մի քայլ առաջ եմ անվանում: Ի տարբերություն ավտորիտարի, սա արդեն պայմանագրային է: Այսինքն՝ Հայաստանում գործող հանցավոր խմբերը պայմանավորվում են իշխանության զավթման, պահպանման, նյութական բարիքների յուրացման, մարդկանց շահագործման մասին: Այս հանցագործ խմբերն ունեն իրենց կյանքը կարգավորող կանոնները, անգամ յուրովի տիեզերակարգ՝ սեփական սրբության սրբոց: Ըստ այդ տիեզերակարգի, մարդիկ բաժանվում են երեք խմբի: Առաջինը՝ աշխատավոր ժողովուրդը (սովետական քրեական օրենսգրքի տերմինաբանությամբ՝ բիդլո), որ ստեղծում է ողջ բարիքները եւ այդտեղից պետք է ստանա այնքան, որ միայն պահպանի իր ֆիզիկական գոյությունն ու բազմանա: Երկրորդ խումբը աշխատավոր մարդկանց ունեցվածքը յուրացնողներն են (ըստ նույն աղբյուրի՝ լոխերը), որոնց խնդիրը աշխատավոր մարդկանց ունեցվածքի զավթումն է եւ այն երրորդ խմբին փոխանցելը: Իսկ երրորդ խումբը Մարդիկ են՝ մարդասպաններ, կողոպտիչներ, գողեր եւ այլն, որոնց, ըստ իրենց, Բարձրյալը ստեղծել է աշխարհին եւ մարդկանց տիրելու համար: Հայաստանում այս համակարգը հաստատվել է դասական ձեւով: Համակարգից դուրս նրա հետ չհամաձայնող, այլ փիլիսոփայության ձգտող մարդիկ կոչվում են քաղաքացիներ (ըստ իշխող հանցախմբի՝ հերետիկոսներ): Քաղաքացիների խնդիրն է ստեղծել իրենց համակարգը՝ որպես այլընտրանք հասարակության բոլոր նշված խմբերի համար, բացառությամբ հանցագործների: – Պարոն Մանուչարյան, փաստորեն, «երեքի համագործակցության» խնդիրը քաղաքացիական հասարակարգ ձեւավորելն է: Ինչպե՞ս եք պատկերացնում դա անել ներկայիս ռեժիմի գոյության պայմաններում: – Մենք հայտ ենք ներկայացրել արտաքին քաղաքականության բնագավառում: Դրանով իսկ մենք սահմանափակելու ենք հանցագործ խմբի գործունեությունը այդ կարեւորագույն բնագավառում, որը բազմաթիվ ծանրագույն հարվածներ է հասցրել, մարտահրավերների առաջ է կանգնեցրել մեր երկիրը: Տեսնում ենք, թե ինչպիսի խանդավառությամբ է արտաքին աշխարհը գործարքների մեջ մտնում նման հանցախմբերի հետ՝ ոտնահարելով ժողովուրդների եւ երկրների տարրական իրավունքները, առաջ մղելով սեփական, հաճախ՝ թվացյալ շահերը: Թվացյալ, որովհետեւ տվյալ պահի փոքրիկ շահի ետեւում կորցնում են կարեւորագույնը՝ ժողովուրդների հարգանքը, եւ փոխարենը ստանում հասարակական ատելություն: Վերջին տարիներին Հայաստանում, եւ ոչ միայն, այդպես է գործում ՌԴ-ն: Արդյունքում շատ երկրներ մնում են ժողովրդի ատելության օվկիանոսում՝ հենվելով միայն իշխանություն զավթած հանցավոր տարրերի եւ գործակալների վրա: Իրաք զորք գործուղելու որոշումը մի գործարք է, որով հայաստանյան հանցախմբի երկու պարագլուխները փորձում են կարգավորել իրենց հաշիվները ԱՄՆ իշխանությունների հետ: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այս գործարքում ոչ մի դրական բան չկա: Եթե պետք են բարի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝ դա հարյուրավոր այլ ձեւերով կարող էինք իրականացնել: Սակայն այս ձեւն է սահմանվել հանցախմբի պարագլուխների համար: Եվ այսօր նրանց սպասարկող տասնյակ լակեյներ փորձում են հասարակական կարծիքը հեռու պահել այն պարզագույն փաստից, որ հազարավոր հայ ընտանիքներ Մերձավոր Արեւելքում այդ գործարքի հետեւանքով կարող են բռնությունների ենթարկվել: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել