Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«27»-Ի

Դեկտեմբեր 14,2004 00:00

«27»-Ի ԹԻԿՈՒՆՔԻՆ ԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ Դեկտեմբերի 11-ին ԵԿՄ 6-րդ համագումարի ավարտին տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ կազմակերպության նորընտիր վարչության անդամների մասնակցությամբ: Վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ Ալբերտ Բազեյանը համագումարին չէր մասնակցում, ասաց. «Էդ ինչի՞ մի օր իրեն չհարցրիք, թե ինչու ԵԿՄ-ից գնաց կուսակցություն: Դա իր խնդիրն է, իր որոշումը, որի համար մենք երբեւէ իրենից չենք նեղացել: Բազեյանն իմ ընկերն է եղել եւ մնում է իմ ընկերը: Աստված չանի, եթե մի օր էլ խրամատում լինենք, էլի միասին կռվելու ենք եւ շատ խնդիրներ միասին ենք լուծելու: Բազեյանը մնում է նաեւ ԵԿՄ անդամ»: ԵԿՄ համագումարի հայտարարությունում «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ այսպիսի դիտարկում կա՝ «ԵԿՄ-ն «Հոկտեմբերի 27»-ը համարում է որպես ՀՀ դեմ ուղղված մեծագույն ոճրագործություն, եւ անկախ գործին տրված լուծումներից՝ համոզված ենք, որ ոճրագործների թիկունքին կանգնած ուժերը արժանանալու են ժողովրդի արդար դատաստանին»: «Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք ԵԿՄ-ն համարում է, որ այդ քրգործով դատապարտված 5 հոգուց զատ, կան էլի չբացահայտված կազմակերպիչներ, եւ ինչպե՞ս են վերաբերվում «27»-ի անջատված մասի կարճմանն ու դրան հաջորդած՝ Նաիրի Հունանյանի հուշերի հրապարակման փաստին, Մ. Գրիգորյանն ասաց. «Շատ վատ՝ եւ այդ հուշերի վերաբերյալ, եւ քրգործի կարճման: Եթե ձեզանից որեւէ մեկը ասի, թե չի կասկածում, որ նման սրիկաների ետեւում մարդ կա… Այդ տեռորի ետեւում անպայման մարդ կար, անկախ նրանից՝ ներսի, թե դրսի՝ ի՞նչ կապ ունի: Դա պատահական Վազգեն չեն խփել: Խոսքը պատահական մարդու մասին չէ: Սպանվել են ԱԺ նախագահը, փոխնախագահները, վարչապետը, նախարարներ, իսկ դա չէր կարող ինչ-որ մեկն իր ցանկությամբ անել: Դուք լավ գիտեք՝ խոսքն ինչի մասին է: Եթե այսօր էդ մարդու հուշերն են հրապարակում, ուրեմն, այո, հենց սրանից ելնելով՝ նրանց թիկունքին մարդ կա, 100 տոկոս: Բա որ նա էնտեղից հուշեր է գրում ու դուրս է բերում, ուրեմն ինչ-որ մեկը կա, չէ՞: Էդ հովանավորը, եթե ինքը տեռորիստ չի, թող հայտարարի, որ ինքն է հովանավորել հուշերի տպագրումը»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել