Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բյուջեի քննարկում՝ առանց խնդիրների

Դեկտեմբեր 14,2004 00:00

Բյուջեի քննարկում՝ առանց խնդիրների Քիչ թե շատ ընդդիմանում է միայն «Ժողպատգամավորը» ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվում էր 2005-ի բյուջեն: Խումբ-խմբակցությունները բավականին պասիվ էին: Օրվա առաջին կեսին ԱԺ-ում էր գրեթե ամբողջ կառավարությունը, սակայն վարչապետի հեռանալուն պես նախարարաց դասը կամաց-կամաց հեռացավ կուսակցական աշխատասենյակներ, եւ մի բաժակ սուրճից, ոմանք էլ ավելի ոգեւորող ըմպելիքից հետո հեռացան: Քննարկվող բյուջեն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ թվով հինգերորդն է, եւ թերեւս դա էր պատճառը, որ հանրապետական վարչապետն առանձնապես չէր հուզվում քննարկումների ընթացքում, իսկ այն, որ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը հայտարարում էր, թե «Ընտրական օրենսգրքի» հետ կապված կարող է նաեւ չընդունել բյուջեն՝ անցած եւ «գազը» կորցրած սպառնալիք է, քանի որ Դաշնակցությունն արդեն մի քանի օր է՝ այդպիսի բան չի ասում: Բավականին հետաքրքիր պահվածք է որդեգրել «Ժողպատգամավոր» խումբը: Վերջինիս ներկայացուցիչները հայտարարում են, որ դեռեւս չեն որոշել, թե ինչպես են քվեարկելու բյուջեին, բայց ձեռքի հետ էլ «դեմ» ելույթներ են ունենում: Սակայն բոլորի համար էլ ակնհայտ է, որ չի լինելու որեւէ արտառոց իրավիճակ, ակնհայտ է, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը այս անգամ էլ օրենսդիր մարմինը «այո» է ասելու: «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վահրամ Բաղդասարյանից երեկ փորձեցինք ճշտել խմբի կարծիքը բյուջեի մասին։ «Եթե մենք գումարները ծախսում ենք այն նպատակի համար, որ դրա արդյունքը, այսինքն՝ վերարտադրությունը պետք է տեսնենք մի քանի տարի հետո, ապա կարող ենք ապագայի զարգացման բյուջեի մասին մտածել: Արդեն տասը տարի ես այդ հիմքերը չեմ տեսնում, չեմ տեսնում, որ մի համարձակ քայլ է կատարվում, որը կարող է հետագա զարգացման բյուջեի համար հիմք դառնալ: Այս տարիների ընթացքում շարունակ հպարտանալ, որ մենք սոցիալական բյուջե ունենք, կարծում եմ, այնքան էլ հպարտանալու բան չէ, ինձ թվում է՝ սա պարզապես գումարների փոշիացում է»: Ըստ Վահրամ Բաղդասարյանի, սոցիալական ոլորտի գումարների ավելացումը ոչ թե կառավարության շնորհքի արդյունք է, այլ՝ տնտեսվարող սուբյեկտներին ճնշելու, ճգնաժամային վիճակ ստեղծելու եւ հարկահավաքի տեսքով գումարներ հավաքելու արդյունք: Այնուամենայնիվ, նույնիսկ այսպիսի բյուջեին «Ժողպատգամավորը» կո՞ղմ է լինելու: Այս հարցի պատասխանը մեր զրուցակիցը չգիտի. «Շատ ծանր է, որ բյուջեն չի բերվել բացված վիճակում: Մենք չիմանա՞նք, թե այդ գումարները ում են տրված: Մենք դեռ քննարկման փուլում ենք, ես չգիտեմ, թե այդ գումարներն ո՞վ պետք է ծախսի: Այսօր վեր են կենում եւ սրանից-նրանից շնորհակալություն են հայտնում: Պետք է հարկատուներից շնորհակալություն հայտնեն. այս բյուջեն լցվում է հարկատուների գումարների հաշվին: Ու գնում, ինչ-որ պատահական չինովնիկից շնորհակալություն են հայտնում: Հայտարարում են, թե 2004-ի բյուջեն արդյունավետ է ծախսվել, համաձայնե՞նք դրա հետ: Դրա համար պետք է նորմալ վերահսկողություն լինի, եւ պատասխանատվության ինստիտուտը պետք է նորմալ գործի»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել