Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ

Դեկտեմբեր 14,2004 00:00

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՉՄԱՍՆԱՏՎԵՑԻՆ Մանվել Գրիգորյանի վերընտրվելը ողջունեցին նաեւ ընդդիմադիրները Երկրապահ կամավորականների միությունն անցյալ շաբաթ օրն, ի վերջո, գումարեց երկար սպասված իր հերթական՝ 6-րդ համագումարը: Համագումարը, ինչպես ասում են, դարակազմիկ չէր, բայցեւ, հակառակ ոմանց ակնկալիքներին, ԵԿՄ պառակտման սկիզբ էլ չազդարարեց: Այս մի հանգամանքը երկրապահները հատկապես կարեւորեցին՝ նկատի ունենալով կազմակերպության պառակտման մասին մինչ այդ համառորեն շրջանառվող տեղեկությունները: Ու թեեւ համագումարը բոյկոտողներ կային՝ հիմնականում ի դեմս Հրազդանի մարզային կառույցի ղեկավար Սասուն Միքայելյանի, Երեւանի մարզային կառույցի ղեկավար Հակոբ Հակոբյանի, Մուշեղ Սաղաթելյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի, այդուհանդերձ, ԵԿՄ-ն մնաց որպես միասնական կառույց: Իհարկե, ԵԿՄ իշխանամետ ղեկավարությանն ուղղված քննադատական ելույթներ այդպես էլ չհնչեցին: Այստեղ գերակշռող էին երկրապահների համախմբվածությանն ուղղված կոչերը, որոնց շարքում հատկապես առանձնացավ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի խոսքը. «ԵԿՄ պառակտումը ոմանց երազանքն է, ցանկությունն է, ինչը չպետք է թույլ տալ: Վերջին տարիներին որոշ երկրապահներ սեփականատերեր դարձան, պաշտոններ ունեցան, հարստացան, մոռացան իրենց անելիքը, կոչումը, ոմանք իրենց գերապատվելի համարեցին, որը եւ տարաձայնություններ ստեղծեց ձեր մեջ, բայց դա չի նշանակում, որ պետք է մեր անձնական շահերը, ամբիցիաները վեր դասենք ընդհանուրից, կարեւորից ու խռովենք իրարից, թողնենք՝ հեռանանք, բամբասենք իրարից, որը տղամարդկային հատկություն չէ, առավել եւս՝ երկրապահի համար: Ո՞վ է ձեզ իրավունք տվել պառակտել այս հզոր կառույցը: Ձեր թշնամիների՞ն եք ուզում ուրախացնել: Այս կառույցի համար Վազգենը կյանք է տվել, սիրտ է դրել, ներվեր է դրել, անքուն գիշերներ է անցկացրել, ծրագրեր է մշակել՝ ոչ միայն այս կառույցի համար, որ հիմա դուք վերցնեք ու մի հարվածով… Կարծում եմ, որ դա չի լինի, սիրելիներս: Ես հրամայում եմ ձեզ միավորվել»: Սրան հաջորդեց ՀՀ վարչապետ եւ ԵԿՄ վարչության անդամ Անդրանիկ Մարգարյանի ելույթը, որն, ըստ էության, ավելի շատ Գ. Սարգսյանի ելույթի հակադարձում էր, քան ողջույնի խոսք: Նա խորհուրդ տվեց մի բաժակ ջրում փոթորիկ չստեղծել եւ հայտարարեց, թե ԵԿՄ-ում պառակտում չկա: Փոխարենը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանն ասաց. «Ապրես, մամ»: Պնդելով իր մոր խոսքերը, նա էլ երկրապահներին համախմբման կոչ անելով ու մեջբերելով Աստվածաշունչը, հռետորական հարցադրում արեց՝ ո՞վ է ձեզ թույլ տվել Վազգենի ստեղծած տունը վերածել շուկայի: Նրա ասելով, ԵԿՄ-ն պարտք չէ ոչ մեկին՝ ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը, ոչ պետությանը: Այս վերջիններն են պարտք երկրապահներին: Նրա դիտարկմամբ, ԵԿՄ անդամներից շատերը այսօր կենդանի են, որովհետեւ նրանց ընկերներն իրենց թիկունքով պահել են նրանց՝ հույսով, որ նրանք հզոր երկիր են կառուցելու իրենց երեխաների համար: «Ձեր վրայից մի գցեք այդ բեռը ու մանր-մունր խնդիրների համար իրար մեջ պրոբլեմներ ման մի եկեք: Համախմբվեք, միասնական եղեք: Նոր տարուն էլ միասին պիտի գաք մեր տուն: Միասին: Մենակ-մենակ չգաք, որ իրարից բողոքեք: Կամ միասին եկեք, կամ՝ մի եկեք»,- սաստեց Ա. Սարգսյանը: «Ուրեմն, բողոքում են, հա՞»,- կեսկատակ արձագանքեց Մ. Գրիգորյանը: Ի դեպ, շատերի դիտարկմամբ, իշխանությունների փորձը՝ պառակտել ԵԿՄ-ն եւ մասնատել ընդդիմադիր կուսակցականների եւ բանակայինների, ի չիք դարձավ շնորհիվ այն բանի, որ ԵԿՄ համագումարին մասնակցեցին ոչ միայն Ա. Սարգսյանն ու Գ. Սարգսյանը, այլեւ՝ «Հանրապետություն» կուսակցության այլ անդամներ՝ ի դեմս Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի եւ Սմբատ Այվազյանի, ովքեր ընտրվեցին նաեւ նորընտիր վարչության անդամներ: Ի դեպ, ԵԿՄ նորընտիր՝ 45 հոգուց բաղկացած, վարչության կազմում այս անգամ չկային ոչ Սասուն Միքայելյանը, ոչ Հակոբ Հակոբյանը, ոչ Մուրադ Կիրակոսյանն ու Մուշեղ Սաղաթելյանը, ոչ էլ Ալբերտ Բազեյանը: Փոխարենը հոտնկայս ծափողջույնների ներքո վարչության անդամ ընտրվեց Արմեն Սարգսյանը: Համագումարը նախագահող Մյասնիկ Մալխասյանն էլ տեղեկացրեց, թե համագումարի աշխատանքների ավարտին նորընտիր վարչությունը կայցելի Կոշի գաղութում գտնվող Ա. Սարգսյանին: Վարչության կազմում ընդգրկվեցին նաեւ բանակի բոլոր կորպուսների հրամանատարները: Իսկ Մ. Գրիգորյանի՝ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում վերընտրվելը ողջունեցին ոչ միայն շարքային, այլեւ ընդդիմադիր կեցվածք ընդունած, երկրապահները: Նրանց ասելով, դա միակ ճիշտ լուծումն էր ԵԿՄ անդամների սոցիալական հարցերը լավագույնս լուծելու, նաեւ կազմակերպությունը չմասնատելու համար, առավել եւս, որ կա վստահություն, թե՝ օրհասական պահին ԵԿՄ-ն լինելու է ժողովրդի կողքին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել