«ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐՆ ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻՑ ՊԱԿԱՍԸ ՉԵՆ» «Նիգ-Ապարան» միության հետ համեմատությունները բազմիցս հնչեցին շաբաթ օրը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ղեկավարած «Սյունիք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարում: Սակայն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի չջեռուցվող դահլիճում գումարված համագումարը ներկայացուցչական առումով չէիր համեմատի «Նիգ-Ապարանի» հավաքների հետ, որոնց մասնակցելով կարող ես տպավորություն ստանալ, թե երկրի ղեկավար լծակների մեծ մասը հենց ապարանցիների ձեռքում է: Սյունեցիներն այդքան ներկայացված չեն բարձրագույն ղեկավարության մեջ. Սուրեն Խաչատրյանը հիշեց միայն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Մեկ էլ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանն է սյունեցի, որն ընտրվեց «Սյունիք» միության խորհրդի անդամ: Հենց նա էլ համագումարում հայտնեց այն նկատառումը, որ մեջբերել ենք վերնագրում, եւ հավելեց, թե սյունեցիները կարող են ավելի խելացի կազմակերպել իրենց գործունեությունը: Գագիկ Ոսկանյանն իրենց կազմակերպության կայանալու համար կարեւորեց խմբակային շահերից զերծ մնալը. «Հակառակ մոտեցումը կփոշիացնի ուժերը, կգցի կազմակերպության հեղինակությունը եւ, ի վերջո՝ կդարձնի անդեմ, անգործունյա, անհեռանկար, պարապ մարդկանց մի խմբավորում»: «Նիգ-Ապարան»-ի հետ մի համեմատություն էլ մենք արեցինք համագումարից հետո կազմակերպության ղեկավարի հետ զրույցի ընթացքում՝ ապարանցիներին հաջողվել է նույն կառույցում համախմբել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների: Իսկ «Սյունիքի»՝ անգամ հիմնադիր համագումարին ներկա չէին իրենց ընդդիմադիր հայացքներով հայտնի սյունեցիները: Իր համար որոշիչ են քաղաքակա՞ն դիրքորոշումները՝ հարցին պրն Խաչատրյանը պատասխանեց. «Այսօր դեռ ոչինչ պարզ չէ»: Հայտնեց, թե հրավիրել է նախկին մարզպետներին, որոնց հարգում է, եւ բնականոն, ընկերական հարաբերություններ ունի բոլորի հետ: Սակայն ներկա չէին նաեւ նախկինները: Սյունիքի ներկա մարզպետին խնդրեցինք պարզաբանել այն լուրերը, թե սկզբում ցանկություն ուներ ստեղծել սեփական կուսակցությունը, եւ հետո կանգ առավ հայրենակցական միության տարբերակի վրա: Նրա պատասխանը բացասական էր. «Կուսակցության մասին ընդհանրապես չեմ մտածել եւ այսօր էլ չեմ մտածում»: Համագումարյան իր ելույթում մարզպետը նշեց. «Միությունը դատարկ տեղում չի ստեղծվում. «Կյորես», «Կապան» հասարակական կազմակերպություններն աշխատանքի բավարար փորձ են կուտակել եւ անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել միության կազմավորման համար»: Հետաքրքրվեցինք, թե արդեն իսկ նման միությունների գոյության պայմաններում ինչո՞ւ էր անհրաժեշտ հիմա էլ ստեղծել Սյունիքը: «Կյորես» հայրենակցական միությունն, այո՛, կա: Բայց «Կապանը» վաղուց չի գործում,- ասաց Սուրեն Խաչատրյանը:- Սակայն «Սյունիք» հայրենակցական միության ստեղծման նպատակն ավելի խորն է՝ Հայաստանի հարավային տարածքն ամրապնդելը: Վերջին 15 տարիների պատմությունն ու փորձը ցույց տվեցին Սյունիքի կարեւորությունը Հայաստանի եւ Արցախի համար: Իսկ այժմ լուրջ խնդիրներ ունենք Սյունիքում»: Համագումարի մեկ այլ հռետոր՝ պատմական գիտությունների դոկտոր Արամ Սիմոնյանը նշեց, թե կազմակերպությունը չի կարող փոխարինել տեղական իշխանությանը, բայց պիտի կարողանա խորանալ յուրաքանչյուրի խնդրի մեջ, քաղաքակրթության նվաճումները բերել Սյունիք: Մեր հարցին՝ ի՞նչ ինքը չի կարողանում իրագործել որպես մարզպետ, որ առաջացավ նման կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտություն՝ պրն Խաչատրյանը պատասխանեց. «Ունենք բավական գործարար, մեծահարուստ սյունեցիներ՝ Երեւանում եւ Մոսկվայում: Եվ այս հայրենակցական միության միջոցով նրանց հրավիրելու ենք Սյունիք: Համոզված եմ, որ նրանք իրենց ներդրումը կունենան Սյունիքում: Կրթության եւ առողջապահական բնագավառի երեւանաբնակ բավական լուրջ ներկայացուցիչներ ունենք. պիտի կարողանանք այս բոլորի ներուժը համադրել, որ կարողանանք նաեւ պակասեցնել հոսքը Սյունիքից»: Այսինքն՝ նման արտահոսք կա՞՝ հարցին էլ արձագանքեց. «Բնականաբա՛ր, եթե մարդը տարիներ շարունակ չի կարողանում գործ ունենալ՝ պիտի գնա ինչ-որ տեղ գործ փնտրելու»: Մինչդեռ համագումարի ելույթում մարզպետը նշել էր. «Վերջին 8 ամիսների ընթացքում (այն է՝ իր նշանակումից հետո.- Ա. Ի.) կատարվել է վերջին 8 տարիներին արվածից 3 անգամ ավելի աշխատանք»: Եվ պնդել էր, թե լուծվել է զբաղվածության խնդիրը՝ ստեղծելով մոտ 1000 աշխատատեղեր: Վերջում նշենք, որ աշխարհագրական գիտությունների թեկնածու Կամո Ալեքսանյանը համագումարում իր հեղինակած ստեղծագործությունն ընթերցեց, որն առաջարկեց իբրեւ Սյունիքի հիմն: Ըստ այդմ՝ հիմնը կարող է ունենալ հետեւյալ տեքստը՝ «Ես իմ լեռնոտ Զանգեզուրի արեւաճաք քարն եմ սիրում/ Շաքի ջրվեժի խելակորույս, գահավիժող ջուրն եմ սիրում», ու նաեւ՝ «Ուր էլ լինեմ՝ չեմ մոռանա, ես Գորիսի բուրգերը լուրթ / Չեմ մոռանա ես երկրապահ՝ մեր Նժդեհի անունը սուրբ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ