Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ՝ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏՈՎ ԵՎ ԱՄԱՆՈՐՈՎ

Դեկտեմբեր 14,2004 00:00

Երեւանի քաղաքապետարանը երեկ իր աշխատանքը սկսեց նոր շենքում: Փոխվել են քաղաքապետարանի հասցեն ու հեռախոսահամարները: Միջանցքներում տեղադրված ցուցանակներն արգելում են ծխել շենքի ներսում, թեպետ անկյուններում ծխելու համար նախատեսված աղբարկղեր կան: Ի դեպ, քաղաքապետը ծխող չէ: Նոր շենք են տեղափոխվել նախկինից դուրս գործող, քաղաքի այլ հասցեներում տեղակայված մի քանի վարչություններ՝ կադաստրի, առեւտրի ու սպասարկման եւ այլն: Թեպետ դրսում մնացածներ էլ դեռ կան: Քաղաքապետարանի մուտքը ուշադրության տակ է պահվում տեսախցիկով: Այստեղ արդեն հավաքվել էին հին շենքի վերջին, իսկ այստեղ՝ առաջին ցուցարարները. Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, որոնք բարձրաձայն դուրս էին հրավիրում քաղաքապետին: Վերջինիս ուղղված առաջին դիմումը նոր շենքում Կենտրոն համայնքի բնակիչ Ա. Մակարյանինն էր: Նա խնդրում էր Վարդանանց փողոցում տեղակայված իր կրպակի տարածքն ընդլայնել՝ արդիականացման նպատակով: Հիշեցնենք, որ նախագահ Քոչարյանը շենք կատարած իր այցի ժամանակ հայտարարեց, թե քաղաքապետարանն իր նոր «բնակարանում» պետք է առաջին հերթին լուծի շարքային քաղաքացիների խնդիրները:

Նոր շենքում առաջին մամուլի ասուլիսի բանախոսը քաղաքապետի խորհրդական Արման Սահակյանն էր: Նա ծանուցեց փողոցային առեւտրականներին արած Ե. Զախարյանի ամանորյա նվերի մասին. առեւտուրը կթույլատրվի մինչեւ հունվարի 14-ը, ինչին քաջատեղյակ առեւտրականները դրանից հետո պետք է ինքնակամ «ազատագրեն» մայթերը: Ամանորյա 27 մետր բարձրության գլխավոր տոնածառի համար հայրենի անտառներից կկտրվի սոճու 1700 ճյուղ, իսկ համայնքները «թող իրենք իրենց գլխի ճարը տեսնեն»: Քաղաքի փողոցներում կվաճառվի միայն վրացական սոճի: Քաղաքապետարանի բյուջեի վրա ամանորի տոնակատարությունը կարժենա 15-20 մլն դրամ: Տոնի կազմակերպիչ-բեմադրողի մասին հարցն ակնհայտորեն վիրավորեց Ա. Սահակյանին. «Մեր վարչությունն ունի շատ լավ մասնագետներ եւ ամեն միջոցառման համար ռեժիսոր հրավիրելու կարիք չունենք»:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել