Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԹԵՆՔԸ ԴԱՍ ԷՐ,
ՈՐԻՑ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՎՈՒՄ

Դեկտեմբեր 14,2004 00:00

Հարցազրույց Սպորտպետկոմի
նախագահ Իշխան Զաքարյանի հետ – Պարոն Զաքարյան, ձմեռային սպորտի ու հանգստի
սիրահարները անհամբերությամբ են սպասում ճոպանուղու շահագործմանը: Այս կառույցը ե՞րբ
կընդունի առաջին այցելուներին: – «Լայթներ» ֆիրմայի մասնագետներն արդեն մեկ
ստուգողական փորձարկում արել են առաջին գծում ու գոհ են մնացել: Հիմա նրանք մեր մասնագետների
հետ զբաղված են էլեկտրականության մոնտաժումներով, որոնք կավարտեն առաջիկա օրերին:
Նույնը կարվի նաեւ երկրորդում, մեկ անգամ էլ վերջնական փորձարկում կիրականացվի եւ
եթե արտակարգ բաներ չլինեն, բացումը կկատարենք մինչեւ դեկտեմբերի 25-ը: –
ՀԱՕԿ-ի ասամբլեայում դուք նախագահի ընտրության ժամանակ ձեր թեկնածությունը չդրեցիք՝
գերադասելով ղեկավարել միայն Սպորտպետկոմը: Հիմա հոգսերը թեթեւացե՞լ են: –
Ինչ-որ առումով ավելի հանգիստ եմ: Սակայն այստեղ էլ անելիքներն անչափ շատ են՝ սկսած
մասսայական ու մանկապատանեկան սպորտի խնդիրներից, մարզադպրոցներից, մարզական շինարարությունից,
մինչեւ մեծ սպորտի հետ առնչվող հարցերը: Մեծ սպորտում հաջողություններ չեն լինի,
քանի դեռ մանկապատանեկանի վիճակը բարվոք չէ: Դրա համար էլ 2005-ին ուշադրությունը
կենտրոնացնելու ենք հենց այս ոլորտի վրա: Բյուջեի հիմնական մասը տրամադրելու ենք
հանրակրթական դպրոցներին: Շատ կարեւոր ու մեծ ծրագիր է մշակվում մանկապարտեզների
համար, որին ձեռնամուխ կլինենք 2006-ից: – Մարզադպրոցներն ուշադրությունից
դո՞ւրս են մնացել: – Իհարկե՝ ոչ: Ճիշտ է, այստեղ առանձին ծրագիր չունենք,
սակայն ՀՀ նախագահի օժանդակությամբ մի քանի խոշոր մարզակառույցներ 2005-ին հիմնովին
նորոգվելու են: Դրանք են. ՕՀՀՈՒ-ն, «Աշխատանք» ԿՄԸ մարզադահլիճը, «Սպարտակ» մարզահամալիրը
եւ այլն: Իսկ վարչապետի հանձնարարությամբ հիմա աշխատում ենք նոր ծրագրի վրա՝ կապված
մայրաքաղաքից դուրս մի քանի խոշոր մարզակառույցներ հիմնովին վերանորոգելու հետ: –
Վերջերս ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց մանկապատանեկան սպորտի մասին օրենքում
փոփոխություններ կատարելու մասին: – Այո: Այդ չափազանց կարեւոր օրենքն ԱԺ-ն
ընդունել է անցած տարի: Բայց կիրառման ընթացքում այլ օրենքների հետ որոշ անհամապատասխանություններ
ի հայտ եկան: Դրանք շտկեցինք ԱԺ-ի հետ, եւ նախագահը մայր օրենքի այդ փոփոխությունները
վավերացրեց: – Ամեն դեկտեմբերի 30-ին մարզաշխարհը մեծ շուքով ամփոփում է տարին,
նախագահն էլ պարգեւներ է հանձնում առավել աչքի ընկած մարզիկներին: Աթենքում անհաջող
մրցելույթների ֆոնի վրա այս տարի նման հավաքույթ լինելո՞ւ է: – Մենք լավ ավանդույթը
չենք խախտի, չնայած այս անգամ, ցավոք, այն ոգեւորությունը չկա: Լավ կլիներ, եթե օլիմպիական
խաղերում էլ մեդալներ նվաճած լինեինք: Բայց մի մոռացեք, որ մեր սպորտը չեմպիոններ
եւ մրցանակակիրներ տվել է աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում,
շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Ինչպե՞ս կարող ենք անտեսել այդ մարզիկներին,
նրանց չարչարանքը, մատուցած ծառայությունները, չոգեւորել այդ 20-22 տարեկան երիտասարդներին,
պատանիներին, ովքեր վաղը համալրելու են մեր ազգային հավաքականները: Կառավարության
որոշմամբ պարգեւներ սահմանված են ոչ միայն օլիմպիական մեդալակիրների համար: Աթենքը
դաս էր, որից հետեւություններ արվել ու դեռ արվում են: Դա լինի պետական մոտեցումների,
կառուցվածքային, թե կադրային փոփոխությունների առումով: – Քանի որ խոսք բացեցիք
կադրային հավանական փոփոխությունների մասին, ձեր կարծիքով ո՞վ կլինի ծանրամարտի ֆեդերացիայի
նոր նախագահը: Ասում են, որ թեկնածուների թվում շոշափվում է նաեւ ձեր անունը: –
Իրոք, նման առաջարկ եղել է, այն էլ՝ մի քանի անգամ: Հաշվի է առնվել երկու հանգամանք:
Նախ, իմ նաեւ անձնական կապերը FILA-ի նախագահ Թամաշ Այանի, նրա գրեթե բոլոր տեղակալների,
գործկոմի, մրցավարական եւ մյուս հանձնաժողովների անդամների հետ: Եվ երկրորդ, ես այս
տարիներին ծանոթացել եմ մարզաձեւի բոլոր նրբություններին ու խոհանոցն արդեն լավ եմ
պատկերացնում: Բայց երկու հանգամանքն էլ ինձ ստիպում է երկար մտածել: Եթե համաձայնեմ,
կարող են շահարկել, թե պետական կառույցի ղեկավար լինելով ավելի լավ աչքով կնայեմ
այդ մարզաձեւին: Երկրորդ, ցանկանում եմ, որպեսզի ծանրամարտի ֆեդերացիան էլ կարողանա
ինքնուրույն կայանալ, պետական կառույցի հետ աշխատի զուտ որպես գործընկեր: Ֆեդերացիայի
վերջին նիստում, երբ ընտրեցին հավաքականների մարզիչներին, մարզչական խորհուրդ եւ
այլն, նախագահի հարցն առկախեցին: Բայց, կարծում եմ, հունվար-փետրվարին նախագահ կընտրվի:
– Եվ դա կարող եք դո՞ւք լինել: – Անկեղծ ասած, հոգուս խորքում ուզում
եմ «ոչ» ասել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել