Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

100 ԷՋ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱՏԻՐԱ

Դեկտեմբեր 14,2004 00:00

Շուտով
լույս կտեսնի Արթուր Անդրանիկյանի «Հեռակա ուսուցման զրույցներ» վերնագրով գիրքը
100 էջի մեջ փորձ է արված ներկայացնել հայաստանյան իրականությունը՝ Հայաստանում
հայտնի մարդկանց միջոցով: Ընդ որում՝ «Հեռակա ուսուցման զրույցներում» (այդպես
է կոչվում նաեւ գրքի առաջին բաժինը) հեղինակի զրուցակիցները տեղյակ էլ չեն, որ իրենց
հետ հարցազրույց են անցկացնում: Ա. Անդրանիկյանի հերոսների մի մասը իրական
մարդիկ են, մյուսները՝ մտացածին: Տիկին Դոն Քիշոտի նախատիպը, ըստ հեղինակի, այսօր
ապրող մարդ է. «Առնվազն 5 հոգի կարող են իրենց ճանաչել այդ կերպարում»: Հարցազրույցներից
մեկը Կասկադի Սեւ կատվի հետ է, որը «քաղաքական ամեհի կերպար է՝ կանացի եւ տղամարդու
միախառնուրդով, կուսակցական հստակ պատկանելությամբ: Այս կատուն դաշնակցական է»: «Արական
համոզմունքներով, իգական սեռի քաղաքականացված գործիչ է: Քայլել չի սիրում, նստելիս
(նախկինում քրեական առումով նստած չի եղել) նպատակասլաց է, հանրության տեսադաշտում
հայտնվեց վերջին իշխանափոխությունից հետո՝ 1988թ, չպարզաջրված, դեռեւս բացահայտման
կարոտ հանգամանքներում… Հպարտ է իր անվամբ գործող բազմաթիվ տեղեկատու Բյուրոներով»,-
շարունակում է բնորոշել Սեւ Կատվին: Հարցազրույցներ կան գրող-դրամատուրգ Գագիկ
Հովհաննիսյանի, սփյուռքահայ գրող Թորոս Թորանյանի, «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի,
երգիծաբան Նշան Պեշիկթաշլյանի եւ այլոց հետ: Երգիծաբանի հետ հարցազրույցը հայության
ինքնապահպանական-ինքնապաշտպանական բնազդի մասին է: Հեղինակի համոզմամբ, այնքան դաժան,
որ շատերը կարդալով չեն ների իրեն: Գրքի երկրորդ բաժինը կոչվում է «Նամակեղեն»:
«Եթե ուրիշները նախատոնական կամ հետտոնական օրերին թխվածքներ են թխում, ես էլ որոշեցի
նամակներ թխել»,- պարզաբանում է հեղինակը: «Նամակեղենում» կան ուշագրավ դիմում-նամակներ,
օրինակ՝ «Հողմերի արդարացումը՝ ՀՀ իշխանություններին, պատճենը՝ ՆԳ փոխնախարար Հովհաննես
Վարյանին»: Կամ՝ «Թաքնված տեսախցիկը՝ երեւանյան մասնաբաժնին», Լեւոն Ջավախյանը՝ ԱՄՆ
կենտրոնական բանկի նախագահին: Նամակ է գրել նաեւ Դոլարը՝ Դրամին: «Ընկել եմ, այսինքն՝
քցել են: Առաջին անգամը չէ, ոչ էլ, կարծեմ, վերջին անգամ կլինի: Անունը դրել են տնտեսության
տարբեր ոլորտների միջեւ եղած-չեղած մրցակցության բարձրացում, ինձ են խռիկ տալիս…
որ ի՞նչ: Իրականում… լվացք են անում: Իմ կեղտոտ լինելը մինչեւ հիմա որեւէ երկիր
տեսած կա՞, որ հիմա դրել ու ինձ լվանում են»,- բողոքում է Միացյալ Նահանգների ազգային
արժույթը՝ մեր ազգայինին: «Նամակեղենում» տեղ է գտել «Սիրելի ռադիոլսողները՝
Արշակ Սադոյանին» նամակը, պատճենը՝ ուղղված է Չլսողներին: «Արշա՛կ, գիշերը ազգովի
երազ ենք տեսել, իբր Հայաստանում հացի պաշարները վերացել էին: Ցորենն ու մյուս տեսակի
սննդամթերքը չէր ներկրվում: Ու ամբողջ ժողովուրդը ըստ պահանջի մազութ էր ուտում»,-
գրում են ռադիոլսողները պատգամավորին: Մեկ այլ նամակ Նոյն ուղղել է Արտեմ
Հարությունյանին, որովհետեւ վերջինս ժամանակին գրել էր իրեն: Հետաքրքիր է
«Ձմեռ պապն ընդդեմ 7-ի» զրույցը: 2005թ. Ձմեռ պապը Գրողների միության կլոր սրահում
հանդիպում է Արտաշես Գեղամյանին, Ստեփան Դեմիրճյանին, Վիկտոր Դալլաքյանին, Սուրեն
Սուրենյանցին, Հովհաննես Գալաջյանին, Վահան Հովհաննիսյանին եւ Գագիկ Հարությունյանին:
Ձմեռ պապը նրանց ասում է, որ լեգիտիմ Ձմեռ պապ է, եւ պոպուլիստական խոստումներ չի
տվել: Փոխարենը անհանգստացած է իշխանությունների այն խոստումներով, թե իբր
ձմեռպապական 40000 աշխատատեղեր պիտի բացվեին, որոնք կնպաստեին նաեւ ձյունանուշիկների
աշխատատեղերի ավելացմանը: 7-նյակի հետ զրույցում խոսվել է նաեւ Ձմեռ պապի կայուն
ինստիտուտ ստեղծելու մասին, որը կզբաղվի նախատոնական եւ հետտոնական ասֆալտային կամ
սառցադաշտային տրամադրությունները բարեփոխելով: Տարօրինակ խնդրանքներով են դիմում
Ձմեռ պապին նրա «սեղանակիցները»: Օրինակ, Վահան Հովհաննիսյանը պահանջում է, որ Ձմեռ
պապը տոնածառի շուրջ երեխաների հետ երգի «Մշակ, բանվորը» եւ անպայման պատրոնդաշ կրի:
Վ. Դալլաքյանն էլ խնդրում է, որ ձմեռպապական եւ ձյունանուշիկական հանրաքվեի անցկացումը
արագացնել: Գեղամյանի՝ Ձմեռ պապին ուղղված խնդրանքի մասին հեղինակը զերծ մնաց խոսել,
խորհուրդ տալով ընթերցել այն: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել