Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԻՆ ՊԵ՞ՏՔ ԵՆ ԲԺԻՇԿ-ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ

Դեկտեմբեր 14,2004 00:00

ԲԱՆԱԿԻՆ
ՊԵ՞ՏՔ ԵՆ ԲԺԻՇԿ-ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող
խումբը շարունակում է իր պայքարը՝ այս անգամ ընդդեմ կառավարության նոյեմբերի 18-ի
որոշման:Այս որոշումով պաշտպանության նախարարին հանձնարարվում է՝ «ապահովել 2004
թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի
բժշկական կազմի՝ մինչեւ 35 տարեկան 70 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը: Սահմանել,
որ գիտական աստիճան (գիտության թեկնածու, դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի
բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության զորակոչվելիս նշանակվում են ՀՀ զինված
ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոնների՝ ըստ մասնագիտության»: Նախաձեռնող
խմբի անդամները երեկ հրավիրած ասուլիսում հայտնեցին իրենց կարծիքը, թե վերոնշյալ
որոշումը նույնքան անհիմն է, որքան «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունն
էր»: Հիշեցնենք՝ փետրվարին շրջանառության մեջ մտած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի
նախագիծը, որ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի դիմորդին զրկում էր տարկետման իրավունքից,
կառավարությունը ԱԺ-ից հետ կանչեց՝ նույն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող
խմբի կազմակերպած ակցիաներից հետո: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այն ժամանակ հայտնեց,
որ իսկապես որոշումը հապճեպ էր կայացվել, շահագրգիռ կողմերի հետ համապատասխան քննարկումներ
չէին եղել: Այժմ էլ, կարծես, նույն պատմությունն է: «ԿԳ նախարարը անգամ կառավարությունում
ելույթ չի ունենում, իր դիրքորոշումը լռությունն է, մենք նախարարին դիմելու խնդիր
չունենք, որովհետեւ պատասխան չենք էլ սպասում նրանից»,- ասում է խմբի անդամ Ռուբեն
Աղաբաբյանը: Իսկ ՊՆ-ի հետ նախաձեռնող խումբը բանավիճում է լրատվամիջոցներով: Սակայն
խմբի անդամները մեզ հայտնեցին, որ մի քանի օր առաջ «Շանթի» եթերում նախատեսված իրենց
ու ՊՆ-ի երկխոսությունը տապալվեց, որովհետեւ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը վերջին
պահին հրաժարվել էր մասնակցել եթերին: «Առաջին հերթին այս որոշումը հարված
է գիտությանը, եւ հետո՝ 70 հոգու ազատության սահմանափակում,- ասում են «Հանուն գիտության
զարգացման» նախաձեռնող խմբի անդամները,- մենք գիտենք մեկին, որ ամսի 20-ին պետք է
ամուսնանար, մեկ ուրիշը աշխատում էր եւ վարկով բնակարան էր գնել: Հիմա ի՞նչ պետք
է լինի այն մարդկանց ճակատագիրը, որոնք ծրագրել էին իրենց հետագա կյանքը»: Նախաձեռնող
խումբն այս որոշման մեջ տեսնում է կոռուպցիոն մեծ ռիսկ, «երբ չգիտենք՝ ի՞նչ սկզբունքով
են 114 թեկնածուներից 70-ին ընտրելու, ի՞նչ չափորոշիչներով»: Խումբն առաջարկում է
խնդրին տալ ծրագրային լուծում՝ չվնասելով գիտությանը եւ շահագրգիռ բոլոր կողմերի
հետ քննարկումներ ծավալելով. «Ռազմաբժշկական ֆակուլտետը տարեկան միջին հաշվով 50
շրջանավարտ է տալիս, եւ եթե մեզ բանակում պետք են էլի որակյալ կադրեր, ապա պետք է
ավելացնել ռազմաբժշկական ֆակուլտետի տեղերը: Որոշման հեղինակներն ասում են, որ բանակը
համալրում են որակավորված մասնագետներով, այդ դեպքում թող տանեն օրդինատորներին եւ
ոչ թե գիտնական-տեսաբաններին»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել