Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմ՝ գրիպի թեմայով

Դեկտեմբեր 14,2004 00:00

Վերջերս մեր բարձրաստիճան պաշտոնյաները տառապում
են երեւանցիներին «ռայոնցիներից» տարբերակելու տարօրինակ մի հիվանդությամբ: Օրինակ՝
գյումրեցիները դեռ չէին հասցրել «մարսել» ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի այն
արտահայտությունը, թե «Երեւանից ու Համզաչիմանից հավաքած հարկերը չեն կարող ծախսվել
գյումրեցիների վրա», երբ հերթական անակնկալը մատուցեցին առողջապահության պաշտոնյաները:
Մեր թերթում գրիպի դեմ պատվաստման գործընթացի մասին օրերս տպագրված նրանց պարզաբանումները
դարձել են գյումրեցի ակտիվ մասսայի քննարկման առարկան: Նրանց հատկապես վիրավորել
է այն տեղեկությունը, թե գրիպի դեմ պատվաստման գործընթացը իրականացվում է միայն մայրաքաղաքում,
իսկ մարզերի բնակիչների համար նման բան չի նախատեսվում՝ նախարարության միջոցների
չբավականացնելու պատճառով: «Վերջապես ի՞նչ է սա նշանակում, չլինի՞ մեր նախարարներին
թվում է, թե իրենք քաղաք–պետություն են ղեկավարում: Թե էն տպավորությունն է ստեղծվել,
որ Երեւանում բոլորը չքավոր են, մարզերում՝ կերած-խմած»,- զայրանում են գյումրեցիներից
շատերը՝ նախարարության դերաբաշխումից գլուխ չհանելով: Նրանց կարծիքով, նախարարության
գործելակերպը թերեւս հասկանալի կդառնար, եթե դեղորայքի բաշխումը կատարվեր ոչ թե ըստ
մայրաքաղաքի ու «գյուղական համայնքների» (մայրաքաղաքից դուրս նրանց համար բոլոր վայրերը
գյուղեր են), այլ՝ ըստ սոցիալական շերտերի: Գյումրեցիներից շատերն են գրիպով տառապում:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության տրամադրած թարմ տեղեկություններով,
վերջին մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնապես գրանցվածների թիվը 197-ից հասել է 235-ի,
ընդ որում վարակվածներից 90-ը մինչեւ 7 տարեկան երեխաներ են: Առողջապահության վարչության
աշխատակիցները չեն բացառում, որ պաշտոնական թիվը խաբուսիկ է: Օրինակ՝ դպրոցահասակների
հիվանդության գրանցման համար որպես հիմք ընդունվել են դպրոց ներկայացրած բժշկական
տեղեկանքները, որոնք հիվանդության պահին ոչ բոլոր ծնողներն են ներկայացրել: Մեր զրուցակիցների
ասելով, թեեւ դպրոցներն ու մանկապարտեզները ջեռուցվում են, այնուամենայնիվ այնտեղ
«ցրտից շուն է սատկում»: Իհարկե, գյումրեցիները իրենց բողոքը ներկայացնելիս համեստորեն
հաշվի չեն առնում քաղաքի գործազուրկներին կամ էլ ցուրտ, բորբոսնած տնակներում բնակվողներին:
Այնուամենայնիվ, գյումրեցիները հնարավորություն ունե՞ն գրիպի դեմ պատվաստվել,
թե՞ ոչ՝ «Առավոտի» հետաքրքրասիրությանը ի պատասխան, Առողջապահության վարչության պետ
Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ քաղաքի բուժհիմնարկների ղեկավարներին շատ քիչ քանակությամբ
հակագրիպային պատվաստանյութ է հաջողվել ձեռք բերել: Իսկ այն ում է հասնելու, որ երջանիկն
է պատվաստվելու եւ ով է մնալու: Ակնհայտ է, որ առողջապահության նախարարությունը իր
այդ քաղաքականությամբ քաղաքի բնակիչների ու նաեւ բնակիչ-բժիշկների միջեւ նոր «պատերազմ»
է հրահրում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ.
Երեւանում, կրկին պաշտոնական վերջին տվյալներով, գրիպով հիվանդների թիվը կազմում
է շուրջ 3000, որի կեսը նախադպրոցական տարիքի երեխաներ են: Նախորդ շաբաթվա համեմատ
«գրիպոզների» թիվն աճել է շուրջ 200-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել