Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԲՈՒՐԳԸ

Դեկտեմբեր 14,2004 00:00

Ինչպես
հայտնի է, հայ քաղաքական դաշտի երեք վետերանները՝ Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան
եւ Աշոտ Մանուչարյան, վերջերս համաձայնագիր են ստորագրել արտաքին քաղաքականության
խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Երեկ «Առավոտի» խնդրանքով Աշոտ Մանուչարյանը
անդրադարձավ խորհրդի գործունեության որոշ մանրամասներին: – Մեխանիզմներն այսօր
ուրվագծման, ձեւավորման փուլում են գտնվում: Ակնհայտ է մեկ բան. պետք է ներգրավված
լինեն փորձագետները եւ փորձագիտական կառույցները, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները,
գործիչները, արտաքին կապեր ունեցող տնտեսական, մշակութային, երիտասարդական կառույցները՝
թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի եւ թե՛ Սփյուռքի: Երկու սկզբունքային պահ՝ պետք է համակարգում
ներգրավված լինի արտաքին քաղաքականության վերլուծության մշակման եւ իրականացման ողջ
ներուժը, երկրորդը՝ ներգրավված ամեն ոք նախեւառաջ ներգրավվում է որպես քաղաքացի:
Այսինքն՝ սա առաջին փորձն է ծավալուն քաղաքացիական համակարգ ձեւավորելու, ինչը արդյունավետ
գործունեության դեպքում կյանքի կկոչի նաեւ այլ համակարգեր: – Ո՞ր համակարգերը:
– Ժամանակակից հասարակությունը, ավելի ճիշտ՝ այն, ինչ անվանում են արեւմտյան
քաղաքակրթություն, խարսխված է մի շարք սկզբունքային դրույթների վրա, որոնցից կարեւորագույնը
մարդկանց՝ որպես քաղաքացիներ, պայմանավորվածություններն ու հարգանքն է: Եթե այդ խնդիրը
դուք չեք կարողանում լուծել, ապա դառնում եք խիստ անարդյունավետ, հետամնաց՝ այսօրվա
աշխարհից: Հայաստանը առաջին քայլն այդ ուղղությամբ կատարել է՝ վերջին տարիներին ավտորիտար
համակարգից անցնելով հանցագործ խմբերի պայմանագրային համակարգի: Մի զարմացեք, որ
մի քայլ առաջ եմ անվանում: Ի տարբերություն ավտորիտարի, սա արդեն պայմանագրային է:
Այսինքն՝ Հայաստանում գործող հանցավոր խմբերը պայմանավորվում են իշխանության զավթման,
պահպանման, նյութական բարիքների յուրացման, մարդկանց շահագործման մասին: Այս հանցագործ
խմբերն ունեն իրենց կյանքը կարգավորող կանոնները, անգամ յուրովի տիեզերակարգ՝ սեփական
սրբության սրբոց: Ըստ այդ տիեզերակարգի, մարդիկ բաժանվում են երեք խմբի: Առաջինը՝
աշխատավոր ժողովուրդը (սովետական քրեական օրենսգրքի տերմինաբանությամբ՝ բիդլո), որ
ստեղծում է ողջ բարիքները եւ այդտեղից պետք է ստանա այնքան, որ միայն պահպանի իր
ֆիզիկական գոյությունն ու բազմանա: Երկրորդ խումբը աշխատավոր մարդկանց ունեցվածքը
յուրացնողներն են (ըստ նույն աղբյուրի՝ լոխերը), որոնց խնդիրը աշխատավոր մարդկանց
ունեցվածքի զավթումն է եւ այն երրորդ խմբին փոխանցելը: Իսկ երրորդ խումբը Մարդիկ
են՝ մարդասպաններ, կողոպտիչներ, գողեր եւ այլն, որոնց, ըստ իրենց, Բարձրյալը ստեղծել
է աշխարհին եւ մարդկանց տիրելու համար: Հայաստանում այս համակարգը հաստատվել
է դասական ձեւով: Համակարգից դուրս նրա հետ չհամաձայնող, այլ փիլիսոփայության ձգտող
մարդիկ կոչվում են քաղաքացիներ (ըստ իշխող հանցախմբի՝ հերետիկոսներ): Քաղաքացիների
խնդիրն է ստեղծել իրենց համակարգը՝ որպես այլընտրանք հասարակության բոլոր նշված խմբերի
համար, բացառությամբ հանցագործների: – Պարոն Մանուչարյան, փաստորեն, «երեքի
համագործակցության» խնդիրը քաղաքացիական հասարակարգ ձեւավորելն է: Ինչպե՞ս եք պատկերացնում
դա անել ներկայիս ռեժիմի գոյության պայմաններում: – Մենք հայտ ենք ներկայացրել
արտաքին քաղաքականության բնագավառում: Դրանով իսկ մենք սահմանափակելու ենք հանցագործ
խմբի գործունեությունը այդ կարեւորագույն բնագավառում, որը բազմաթիվ ծանրագույն հարվածներ
է հասցրել, մարտահրավերների առաջ է կանգնեցրել մեր երկիրը: Տեսնում ենք, թե ինչպիսի
խանդավառությամբ է արտաքին աշխարհը գործարքների մեջ մտնում նման հանցախմբերի հետ՝
ոտնահարելով ժողովուրդների եւ երկրների տարրական իրավունքները, առաջ մղելով սեփական,
հաճախ՝ թվացյալ շահերը: Թվացյալ, որովհետեւ տվյալ պահի փոքրիկ շահի ետեւում կորցնում
են կարեւորագույնը՝ ժողովուրդների հարգանքը, եւ փոխարենը ստանում հասարակական ատելություն:
Վերջին տարիներին Հայաստանում, եւ ոչ միայն, այդպես է գործում ՌԴ-ն: Արդյունքում
շատ երկրներ մնում են ժողովրդի ատելության օվկիանոսում՝ հենվելով միայն իշխանություն
զավթած հանցավոր տարրերի եւ գործակալների վրա: Իրաք զորք գործուղելու որոշումը մի
գործարք է, որով հայաստանյան հանցախմբի երկու պարագլուխները փորձում են կարգավորել
իրենց հաշիվները ԱՄՆ իշխանությունների հետ: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այս
գործարքում ոչ մի դրական բան չկա: Եթե պետք են բարի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝
դա հարյուրավոր այլ ձեւերով կարող էինք իրականացնել: Սակայն այս ձեւն է սահմանվել
հանցախմբի պարագլուխների համար: Եվ այսօր նրանց սպասարկող տասնյակ լակեյներ փորձում
են հասարակական կարծիքը հեռու պահել այն պարզագույն փաստից, որ հազարավոր հայ ընտանիքներ
Մերձավոր Արեւելքում այդ գործարքի հետեւանքով կարող են բռնությունների ենթարկվել:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել