Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐՑԵՐ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Դեկտեմբեր 14,2004 00:00

«ՈՉ
ԿՈՌԵԿՏ» ՀԱՐՑԵՐ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻՆ Կենտրոնական բանկի խորհրդի անդամների
հետ Ռոբերտ Քոչարյանի ուրբաթ օրվա հանդիպմանը հաջորդեց դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը:
«Առավոտի» հարցին՝ պետք էր, որ երկրի ղեկավարի՞ հետ քննարկեիք ֆինանսական շուկայում
ստեղծված իրավիճակը, որ դոլարը դադարեր արժեզրկվել՝ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը
պատասխանեց. «Իհարկե՝ ո՛չ: Ձեր հարցը կոռեկտ չէ»: Դոլարի արժեզրկման միտումը
նա դարձյալ համարեց համաշխարհային բնույթի. «Եվ այն իրադարձությունները, որ տեղի
են ունենում մեր շուկայում՝ բնորոշ են նաեւ աշխարհի բոլոր երկրներին»: Դարձյալ նշեց,
թե այս աժիոտաժում առկա է նաեւ սպեկուլյատիվ խաղերի միջոցով գերշահույթներ ապահովելու
միտում: ԿԲ նախագահն անդրադարձավ իրենց իրականացրած ստուգումներին, որոնց նպատակն,
ըստ նրա՝ սպեկուլյատիվ գործողությունները նվազեցնելն է. «Տիգրան Մեծի եւ Կասյան փողոցների
վրա ստուգումները ցույց տվեցին, որ փոխանակման կետերն աշխատում են օրենսդրության
խախտումներով՝ մանավանդ, հենց այն պահերին, երբ շուկայում ձեւավորվում է այսպիսի
աժիոտաժային իրավիճակ: Նրանք նպաստում են այդ աժիոտաժի խորացմանն ու խաղ են կազմակերպում՝
եկամուտներ ստանալու համար: Եվ երկրորդը՝ նրանց անօրինականությունը պայմանավորված
է նրանով, որ նրանք սպասարկում են ստվերային տնտեսությունը՝ ոչ թե ծառայություն են
մատուցում քաղաքացիներին, քանի որ մենք արձանագրել ենք խոշորածավալ միջոցների կուտակում
նրանց մոտ, որոնք գրանցված չէին գրանցամատյաններում»: Տիգրան Սարգսյանը բազմաթիվ
առիթներով նշել էր, թե չեն միջամտելու դոլար-դրամ հարաբերություններին: Մինչդեռ Ռոբերտ
Քոչարյանը վերոհիշյալ հանդիպման ժամանակ նշել էր, թե ԿԲ-ն այս քաղաքականության համար
ուղղակի պատասխանատվություն կրող կառույցն է. «Ձեզանից շատ բան է կախված»: Հակասություն
չկա՞՝ ԿԲ-ի դերի վերաբերյալ պատկերացումների շուրջ՝ հարցն էլ արժանացավ «ոչ կոռեկտ»
որակմանը. «Դրանք պետք է դիտարկել տարբեր հարթությունների մեջ: Երբ ԿԲ-ն հայտարարում
է, թե չի միջամտելու եւ շուկան պետք է որոշի փոխարժեքը՝ մի խնդիր է: Իսկ երբ ԿԲ-ն
պետք է իրականացնի միջոցառումներ, որոնք օրենսդրությամբ սահմանված են նրա համար՝
այլ խնդիր է: Եվ այն, ինչ ԿԲ խորհուրդը քննարկում էր ՀՀ նախագահի հետ՝ վերաբերում
էր երկարաժամկետ միջոցառումներին, որոնք ԿԲ-ն պետք է իրականացնի կառավարության հետ
համատեղ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել