Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՉՄԱՍՆԱՏՎԵՑԻՆ

Դեկտեմբեր 14,2004 00:00

Մանվել
Գրիգորյանի վերընտրվելը ողջունեցին նաեւ ընդդիմադիրները Երկրապահ կամավորականների
միությունն անցյալ շաբաթ օրն, ի վերջո, գումարեց երկար սպասված իր հերթական՝ 6-րդ
համագումարը: Համագումարը, ինչպես ասում են, դարակազմիկ չէր, բայցեւ, հակառակ ոմանց
ակնկալիքներին, ԵԿՄ պառակտման սկիզբ էլ չազդարարեց: Այս մի հանգամանքը երկրապահները
հատկապես կարեւորեցին՝ նկատի ունենալով կազմակերպության պառակտման մասին մինչ այդ
համառորեն շրջանառվող տեղեկությունները: Ու թեեւ համագումարը բոյկոտողներ կային՝
հիմնականում ի դեմս Հրազդանի մարզային կառույցի ղեկավար Սասուն Միքայելյանի, Երեւանի
մարզային կառույցի ղեկավար Հակոբ Հակոբյանի, Մուշեղ Սաղաթելյանի եւ «Հանրապետություն»
կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի, այդուհանդերձ, ԵԿՄ-ն մնաց որպես միասնական
կառույց: Իհարկե, ԵԿՄ իշխանամետ ղեկավարությանն ուղղված քննադատական ելույթներ այդպես
էլ չհնչեցին: Այստեղ գերակշռող էին երկրապահների համախմբվածությանն ուղղված կոչերը,
որոնց շարքում հատկապես առանձնացավ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի խոսքը.
«ԵԿՄ պառակտումը ոմանց երազանքն է, ցանկությունն է, ինչը չպետք է թույլ տալ: Վերջին
տարիներին որոշ երկրապահներ սեփականատերեր դարձան, պաշտոններ ունեցան, հարստացան,
մոռացան իրենց անելիքը, կոչումը, ոմանք իրենց գերապատվելի համարեցին, որը եւ տարաձայնություններ
ստեղծեց ձեր մեջ, բայց դա չի նշանակում, որ պետք է մեր անձնական շահերը, ամբիցիաները
վեր դասենք ընդհանուրից, կարեւորից ու խռովենք իրարից, թողնենք՝ հեռանանք, բամբասենք
իրարից, որը տղամարդկային հատկություն չէ, առավել եւս՝ երկրապահի համար: Ո՞վ է ձեզ
իրավունք տվել պառակտել այս հզոր կառույցը: Ձեր թշնամիների՞ն եք ուզում ուրախացնել:
Այս կառույցի համար Վազգենը կյանք է տվել, սիրտ է դրել, ներվեր է դրել, անքուն գիշերներ
է անցկացրել, ծրագրեր է մշակել՝ ոչ միայն այս կառույցի համար, որ հիմա դուք վերցնեք
ու մի հարվածով… Կարծում եմ, որ դա չի լինի, սիրելիներս: Ես հրամայում եմ ձեզ միավորվել»:
Սրան հաջորդեց ՀՀ վարչապետ եւ ԵԿՄ վարչության անդամ Անդրանիկ Մարգարյանի ելույթը,
որն, ըստ էության, ավելի շատ Գ. Սարգսյանի ելույթի հակադարձում էր, քան ողջույնի
խոսք: Նա խորհուրդ տվեց մի բաժակ ջրում փոթորիկ չստեղծել եւ հայտարարեց, թե ԵԿՄ-ում
պառակտում չկա: Փոխարենը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արամ Սարգսյանն ասաց. «Ապրես, մամ»: Պնդելով իր մոր խոսքերը, նա էլ երկրապահներին
համախմբման կոչ անելով ու մեջբերելով Աստվածաշունչը, հռետորական հարցադրում արեց՝
ո՞վ է ձեզ թույլ տվել Վազգենի ստեղծած տունը վերածել շուկայի: Նրա ասելով, ԵԿՄ-ն
պարտք չէ ոչ մեկին՝ ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը, ոչ պետությանը: Այս
վերջիններն են պարտք երկրապահներին: Նրա դիտարկմամբ, ԵԿՄ անդամներից շատերը այսօր
կենդանի են, որովհետեւ նրանց ընկերներն իրենց թիկունքով պահել են նրանց՝ հույսով,
որ նրանք հզոր երկիր են կառուցելու իրենց երեխաների համար: «Ձեր վրայից մի գցեք այդ
բեռը ու մանր-մունր խնդիրների համար իրար մեջ պրոբլեմներ ման մի եկեք: Համախմբվեք,
միասնական եղեք: Նոր տարուն էլ միասին պիտի գաք մեր տուն: Միասին: Մենակ-մենակ չգաք,
որ իրարից բողոքեք: Կամ միասին եկեք, կամ՝ մի եկեք»,- սաստեց Ա. Սարգսյանը: «Ուրեմն,
բողոքում են, հա՞»,- կեսկատակ արձագանքեց Մ. Գրիգորյանը: Ի դեպ, շատերի դիտարկմամբ,
իշխանությունների փորձը՝ պառակտել ԵԿՄ-ն եւ մասնատել ընդդիմադիր կուսակցականների
եւ բանակայինների, ի չիք դարձավ շնորհիվ այն բանի, որ ԵԿՄ համագումարին մասնակցեցին
ոչ միայն Ա. Սարգսյանն ու Գ. Սարգսյանը, այլեւ՝ «Հանրապետություն» կուսակցության
այլ անդամներ՝ ի դեմս Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի եւ Սմբատ Այվազյանի,
ովքեր ընտրվեցին նաեւ նորընտիր վարչության անդամներ: Ի դեպ, ԵԿՄ նորընտիր՝ 45 հոգուց
բաղկացած, վարչության կազմում այս անգամ չկային ոչ Սասուն Միքայելյանը, ոչ Հակոբ
Հակոբյանը, ոչ Մուրադ Կիրակոսյանն ու Մուշեղ Սաղաթելյանը, ոչ էլ Ալբերտ Բազեյանը:
Փոխարենը հոտնկայս ծափողջույնների ներքո վարչության անդամ ընտրվեց Արմեն Սարգսյանը:
Համագումարը նախագահող Մյասնիկ Մալխասյանն էլ տեղեկացրեց, թե համագումարի աշխատանքների
ավարտին նորընտիր վարչությունը կայցելի Կոշի գաղութում գտնվող Ա. Սարգսյանին: Վարչության
կազմում ընդգրկվեցին նաեւ բանակի բոլոր կորպուսների հրամանատարները: Իսկ Մ.
Գրիգորյանի՝ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում վերընտրվելը ողջունեցին ոչ միայն
շարքային, այլեւ ընդդիմադիր կեցվածք ընդունած, երկրապահները: Նրանց ասելով, դա միակ
ճիշտ լուծումն էր ԵԿՄ անդամների սոցիալական հարցերը լավագույնս լուծելու, նաեւ կազմակերպությունը
չմասնատելու համար, առավել եւս, որ կա վստահություն, թե՝ օրհասական պահին ԵԿՄ-ն լինելու
է ժողովրդի կողքին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել