Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐՆ ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻՑ ՊԱԿԱՍԸ ՉԵՆ»

Դեկտեմբեր 14,2004 00:00

«Նիգ-Ապարան»
միության հետ համեմատությունները բազմիցս հնչեցին շաբաթ օրը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն
Խաչատրյանի ղեկավարած «Սյունիք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության
հիմնադիր համագումարում: Սակայն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի
թատրոնի չջեռուցվող դահլիճում գումարված համագումարը ներկայացուցչական առումով չէիր
համեմատի «Նիգ-Ապարանի» հավաքների հետ, որոնց մասնակցելով կարող ես տպավորություն
ստանալ, թե երկրի ղեկավար լծակների մեծ մասը հենց ապարանցիների ձեռքում է: Սյունեցիներն
այդքան ներկայացված չեն բարձրագույն ղեկավարության մեջ. Սուրեն Խաչատրյանը հիշեց
միայն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Մեկ էլ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ
Գագիկ Ոսկանյանն է սյունեցի, որն ընտրվեց «Սյունիք» միության խորհրդի անդամ: Հենց
նա էլ համագումարում հայտնեց այն նկատառումը, որ մեջբերել ենք վերնագրում, եւ հավելեց,
թե սյունեցիները կարող են ավելի խելացի կազմակերպել իրենց գործունեությունը: Գագիկ
Ոսկանյանն իրենց կազմակերպության կայանալու համար կարեւորեց խմբակային շահերից զերծ
մնալը. «Հակառակ մոտեցումը կփոշիացնի ուժերը, կգցի կազմակերպության հեղինակությունը
եւ, ի վերջո՝ կդարձնի անդեմ, անգործունյա, անհեռանկար, պարապ մարդկանց մի խմբավորում»:
«Նիգ-Ապարան»-ի հետ մի համեմատություն էլ մենք արեցինք համագումարից հետո կազմակերպության
ղեկավարի հետ զրույցի ընթացքում՝ ապարանցիներին հաջողվել է նույն կառույցում համախմբել
տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների: Իսկ «Սյունիքի»՝ անգամ հիմնադիր համագումարին
ներկա չէին իրենց ընդդիմադիր հայացքներով հայտնի սյունեցիները: Իր համար որոշիչ են
քաղաքակա՞ն դիրքորոշումները՝ հարցին պրն Խաչատրյանը պատասխանեց. «Այսօր դեռ ոչինչ
պարզ չէ»: Հայտնեց, թե հրավիրել է նախկին մարզպետներին, որոնց հարգում է, եւ բնականոն,
ընկերական հարաբերություններ ունի բոլորի հետ: Սակայն ներկա չէին նաեւ նախկինները:
Սյունիքի ներկա մարզպետին խնդրեցինք պարզաբանել այն լուրերը, թե սկզբում ցանկություն
ուներ ստեղծել սեփական կուսակցությունը, եւ հետո կանգ առավ հայրենակցական միության
տարբերակի վրա: Նրա պատասխանը բացասական էր. «Կուսակցության մասին ընդհանրապես չեմ
մտածել եւ այսօր էլ չեմ մտածում»: Համագումարյան իր ելույթում մարզպետը նշեց. «Միությունը
դատարկ տեղում չի ստեղծվում. «Կյորես», «Կապան» հասարակական կազմակերպություններն
աշխատանքի բավարար փորձ են կուտակել եւ անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել միության
կազմավորման համար»: Հետաքրքրվեցինք, թե արդեն իսկ նման միությունների գոյության
պայմաններում ինչո՞ւ էր անհրաժեշտ հիմա էլ ստեղծել Սյունիքը: «Կյորես» հայրենակցական
միությունն, այո՛, կա: Բայց «Կապանը» վաղուց չի գործում,- ասաց Սուրեն Խաչատրյանը:-
Սակայն «Սյունիք» հայրենակցական միության ստեղծման նպատակն ավելի խորն է՝ Հայաստանի
հարավային տարածքն ամրապնդելը: Վերջին 15 տարիների պատմությունն ու փորձը ցույց տվեցին
Սյունիքի կարեւորությունը Հայաստանի եւ Արցախի համար: Իսկ այժմ լուրջ խնդիրներ ունենք
Սյունիքում»: Համագումարի մեկ այլ հռետոր՝ պատմական գիտությունների դոկտոր
Արամ Սիմոնյանը նշեց, թե կազմակերպությունը չի կարող փոխարինել տեղական իշխանությանը,
բայց պիտի կարողանա խորանալ յուրաքանչյուրի խնդրի մեջ, քաղաքակրթության նվաճումները
բերել Սյունիք: Մեր հարցին՝ ի՞նչ ինքը չի կարողանում իրագործել որպես մարզպետ, որ
առաջացավ նման կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտություն՝ պրն Խաչատրյանը պատասխանեց.
«Ունենք բավական գործարար, մեծահարուստ սյունեցիներ՝ Երեւանում եւ Մոսկվայում: Եվ
այս հայրենակցական միության միջոցով նրանց հրավիրելու ենք Սյունիք: Համոզված եմ,
որ նրանք իրենց ներդրումը կունենան Սյունիքում: Կրթության եւ առողջապահական բնագավառի
երեւանաբնակ բավական լուրջ ներկայացուցիչներ ունենք. պիտի կարողանանք այս բոլորի
ներուժը համադրել, որ կարողանանք նաեւ պակասեցնել հոսքը Սյունիքից»: Այսինքն՝ նման
արտահոսք կա՞՝ հարցին էլ արձագանքեց. «Բնականաբա՛ր, եթե մարդը տարիներ շարունակ չի
կարողանում գործ ունենալ՝ պիտի գնա ինչ-որ տեղ գործ փնտրելու»: Մինչդեռ համագումարի
ելույթում մարզպետը նշել էր. «Վերջին 8 ամիսների ընթացքում (այն է՝ իր նշանակումից
հետո.- Ա. Ի.) կատարվել է վերջին 8 տարիներին արվածից 3 անգամ ավելի աշխատանք»: Եվ
պնդել էր, թե լուծվել է զբաղվածության խնդիրը՝ ստեղծելով մոտ 1000 աշխատատեղեր: Վերջում
նշենք, որ աշխարհագրական գիտությունների թեկնածու Կամո Ալեքսանյանը համագումարում
իր հեղինակած ստեղծագործությունն ընթերցեց, որն առաջարկեց իբրեւ Սյունիքի հիմն: Ըստ
այդմ՝ հիմնը կարող է ունենալ հետեւյալ տեքստը՝ «Ես իմ լեռնոտ Զանգեզուրի արեւաճաք
քարն եմ սիրում/ Շաքի ջրվեժի խելակորույս, գահավիժող ջուրն եմ սիրում», ու նաեւ՝
«Ուր էլ լինեմ՝ չեմ մոռանա, ես Գորիսի բուրգերը լուրթ / Չեմ մոռանա ես երկրապահ՝
մեր Նժդեհի անունը սուրբ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել