Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՆ

Դեկտեմբեր 11,2004 00:00

ԲՈԼՈՐՆ ԷԼ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ Օրերս Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած ազատ եւ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտերի Նորվեգիայի բաց առաջնությանը մասնակցած տասնմեկ երկրների պատանեկան եւ երիտասարդական հավաքականների մոտ 260 ըմբիշների մեջ էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները. երիտասարդների միակ ներկայացուցիչ, 55 կգ քաշային Խոսրով Մելիքյանը, ինչպես նաեւ պատանիներ Ռոբերտ Կիրակոսյանը՝ 50կգ, Վահրամ Խաչատրյանը՝ 54, Արմեն Մելիքյանը՝ 63, Արսեն Ջուլֆալաքյանը եւ Պարգեւ Խաչերյանը (երկուսն էլ՝ 69 կգ քաշային կարգ): Որպես մրցավար, Նորվեգիայում Հայաստանը ներկայացնում էր միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը: Մեզ հետ զրույցում պարոն Հարությունյանը պատմեց, որ մրցումները կազմակերպված էին անչափ բարձր մակարդակով եւ շատ մեծ դեր են կատարում մարզաձեւը աճող սերնդի մեջ տարածելու եւ նրանց մարզական վարպետությունը բարձրացնելու գործում: «Եվ ուրախալի է, որ Օսլոյում մեր տղաներն ապացուցեցին, որ իրենք իրոք ուժեղների շարքում են,- ասաց Ս. Հարությունյանը:- Հայաստանցի բոլոր ըմբիշներն էլ տուն վերադարձան մրցանակային տեղեր նվաճած: Չեմպիոններ դարձան Ռոբերտ Կիրակոսյանը, Վահրամ Խաչատրյանը, Արմեն Մելիքյանը եւ Արսեն Ջուլֆալաքյանը, իսկ Պարգեւ Խաչերյանն ու Խոսրով Մելիքյանը բավարարվեցին «արծաթով»: Ձեռնունայն Հայաստան չի վերադարձել նաեւ Սամվել Հարությունյանը: Նա որպես լավագույն մրցավար արժանացել է Նորվեգիայի թագավորի եւ ըմբշամարտի ֆեդերացիայի համատեղ սահմանած հատուկ շքանշանին, որ յուրաքանչյուր տարի շնորհվում է միայն մեկ հոգու: Ս. Հարությունյանը նաեւ ցանկություն հայտնեց, որպեսզի հաջորդ տարի այդ միջոցառմանը մեր երկիրն ավելի մեծ կազմով ներկայանա, որպեսզի Օսլո մեկնեն նաեւ դպրոցական ըմբիշներ, քանի որ այնտեղ նաեւ նրանց համար է առաջնություն կազմակերպվում: «Դա բխում է նաեւ հենց մեր շահերից, որովհետեւ պետությունը որոշել է այսուհետեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես պատանիներին ու երիտասարդներին, որպեսզի մոտ ապագայում նրանք կարողանան արժանիորեն փոխարինել իրենց ավագ ընկերներին, պահպանել եւ վերականգնել ըմբշամարտում Հայաստանի երբեմնի հեղինակությունը»,- եզրափակեց Սամվել Հարությունյանը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ հունվարին մեկնելու է Իտալիա՝ մրցավարական միջազգային խորհրդակցության: Օրակարգում դրված է լինելու մի շատ կարեւոր հարց՝ կապված ըմբշամարտում միջազգային ֆեդերացիայի առաջարկած նոր մրցակարգի կիրառման հետ, ըստ որի՝ յուրաքանչյուր քաշային կարգում ամեն ինչ ավարտվելու է մեկ օրում՝ սկսած մարզիկների կշռումից, մինչեւ հաղթողին ու մրցանակակիրներին որոշելը: Առաջարկվում է նաեւ մտցնել երեք հատ երկու րոպեանոց մրցափուլ եւ հաղթող ճանաչել այն մարզիկին, ով ավելի շատ միավորանոց հնարք կկատարի: Որպես մասնագետ, Ս. Հարությունյանը դեմ արտահայտվեց այդ նորամուծությանը՝ նշելով, որ դա նաեւ մեր ֆեդերացիայի ու հայ մասնագետների կարծիքն է: Այնպես որ, ըստ նրա՝ ինքը Հռոմում լիազորված է լինելու աշխարհի իր գործընկերներին ներկայացնել Հայաստանի ըմբշամարտի տեսակետը: Թե վերջնական ի՞նչ որոշում կընդունվի, պարզ չէ: Հաստատ է մի բան. մեծամասնության ձայնը օրենքի ուժ կստանա: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել