Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԲՈՐՏ

Դեկտեմբեր 11,2004 00:00

ՌՈՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԲՈՐՏ Ուսանողներին հետաքրքրում են հոգեւորականների հետ շփումները Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը կայցելի ճարտարագիտական համալսարանի ուսանողներին, կպատասխանի երիտասարդներին հուզող հարցերին: Նրանց կբաժանվի անհրաժեշտ գրականություն աղանդների մասին, ինչպես նաեւ ուսանողների կողմից հաճախակի տրվող հարցերն ու պատասխանները՝ Արարատյան թեմի ինտերնետային կայքի՝ www.araratian-tem.am «Իմ քահանան» ծրագրից: «Իմ քահանան» ծրագրին ուղղված ամենաթարմ հարցերից մեկի հեղինակին, օրինակ, հետաքրքրում էր ինչպե՞ս վարվել թույն ու ատելություն սփռող քարոզչամիջոցների հետ, անջատե՞լ հեռուստացույցը նման հաղորդումների ժամանակ: Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հետեւյալ խորհուրդն է տվել երիտասարդին. «Հեռուստացույցն ինքնին չար չէ, բայց կարող է ծառայել որպես չարիքի աղբյուր: Պետք չէ Խաչակրաց արշավանք սկսել հեռուստատեսության դեմ, ուղղակի կարելի է խուսափել այն լրատվամիջոցներից, որոնք նման կարգի քարոզչություն են կատարում ու նպաստում չարի տարածմանը»: Մեկ այլ երիտասարդի հուզում էր, թե ինչո՞ւ է եկեղեցին ռոք երաժշտությունը համարում չարի ծնունդ: Տեր Զավեն աբեղա Հակոբյանի կարծիքով. «Ռոքը բացասական ազդեցություն է թողնում, դրական գրգիռ չի առաջացնում մարդու մեջ: Այն հանդարտությունն ու ներդաշնակությունը չի տալիս, ինչպես հոգեւոր երաժշտությունը: Կան մարդիկ, ովքեր իսկապես սիրում են ռոքը, բայց դա ճաշակի հարց է»: «Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերում աբորտներին» հարցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը այսպես է պատասխանել. «Կյանքը աստծո պարգեւն է, եւ մենք պետք է նրա առաջ հաշվետու լինենք այդ պարգեւը տնօրինելիս: Մենք մեր կյանքի եւ մարմնի տերը չենք, ուստի չենք կարող դրանք տնօրինել հանուն զվարճությունների եւ ըստ քմահաճույքների: Թեեւ մեր եկեղեցում չկան այդ հարցի վերաբերյալ ձեւակերպված բարոյական կանոններ, բայց մեր եկեղեցին իր հավատացյալներին համոզում է հարգել կյանքի սուրբ բնույթը եւ հենց սկզբից չդիմել կյանքն ընդհատող վիժեցմանը»: «Իմ քահանան» ծրագրի լավագույն հարցերից է ճանաչվել՝ «Ինչպիսի՞ն է հայ առաքելական եկեղեցու տեսակետը միասեռականության վերաբերյալ»: Մայր աթոռ սբ. Էջմիածնի միաբան Տիգրան սրկ. Բաղումյանը պարզաբանել է. «Այն հոգեւոր ախտ է եւ մեղք: Թե արվամոլությունը, թե իգամոլությունը որպես մեղք առկա են մեր եկեղեցու ծխակարգում, ի մասնավորի՝ մեղքերի ընդհանրական խոստովանության բանաձեւում: Աստվածաշունչը տղամարդու եւ կնոջ արարման վերաբերյալ ճանաչում եւ ընդունում է մեկ հիմնական սեռային տարբերակում, որն է՝ արուինը եւ էգինը… Արվամոլությունը նողկալի երեւույթ եւ մեղք է համարվում ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանում: Սուրբ գիրքը հստակ պատվիրում է. «Եթե որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի՝ ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն: Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն»: Նոր կտակարանում էլ ունենք Պողոս առաքյալի դատողությունները սեռական այլասերությունների մասին, որոնցում տիրոջ աշակերտը խստորեն դատապարտում է արվամոլությունն ու իգամոլությունը»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել