Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունից ընտրություն բարեփոխում են

Դեկտեմբեր 11,2004 00:00

Ընտրությունից ընտրություն բարեփոխում են Չարիքների արմատը «Ընտրական օրենսգիրքը» չէ Երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներին: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը քաղաքական 5 ուժերի եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկած փոփոխությունների ցանկը հանգամանալից ներկայացնելուց հետո քննարկմանը մասնակից «Ժողովրդավարություն» ՀԿ փոխնախագահ Հրայր Թովմասյանը համոզմունք հայտնեց, որ եկող ընտրություններից հետո էլ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հարցը կրկին արդիական է լինելու, քանի որ «այս բարեփոխումները չեն լուծում այն հիմնական խնդիրները, որոնք առկա են այս օրենսգրքում»: Ըստ Հ. Թովմասյանի, «յուրաքանչյուր ընտրություններից հետո ընտրական օրենսդրությունը դառնում է քավության նոխազ: Փորձում են բոլոր բացերը, խախտումները վերագրել ընտրական օրենսդրությանը եւ դրանով շեղել հանրության ուշադրությունը այն հիմնական պատճառներից, որոնք, առկա են»: Հ. Թովմասյանի խոսքերով, առաջինը, որ օրենսդրությամբ բարեփոխման ենթակա է՝ «մեր երկրում գոյություն ունեցող կառավարման համակարգի փոփոխությունն է: Հայաստանում ՏԻՄ, դատական, գործադիր, օրենսդիր իշխանությունները կենտրոնացված են մեկ անձի՝ ՀՀ նախագահի ձեռքում: Այդ պարագայում ընտրությունների ժամանակ ամբողջ պետական ներուժը սկսում է աշխատել հօգուտ այդ անձի, որպեսզի ապահովվի վերջինիս վերընտրությունը: Դատախազությունն իր հիմնական գործառույթը թողնելով՝ քաղաքական իշխանության ձեռքին դառնում է գործիք, որպեսզի այդ պահին իրականացնի իր վերարտադրությունը»: Բանախոսն առաջարկեց «տարանջատման հստակ մեխանիզմների ամրագրում, որի պարագայում, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, ՀՀ նախագահը չի կարող այդ ամբողջ ռեսուրսները համախմբել եւ ուղղորդել իր վերընտրությանը»: Հ. Թովմասյանը նկատեց. «Ուրիշի փոխարեն քվեարկելը, քվեաթերթիկներ լցնելը, ընտրության արդյունքները կեղծելը, վստահված անձի աշխատանքին միջամտելը մեզանում չի դիտարկվում որպես հանցագործություն, հակառակը՝ այս հանցագործություն կատարածները հասարակության մեջ որպես լավ տղաների հեղինակություն են ձեռք բերել»: Նման թերությունները հաղթահարելու համար պրն Թովմասյանն արեց մի շարք առաջարկություններ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել