Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ

Դեկտեմբեր 11,2004 00:00

ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԱՅՐԵՐԻՆ «Հայրենիք» ժողովրդական ճակատի քաղխորհրդին շարունակում է անհանգստացնել Ռուսաստանի Դաշնության՝ վերջին 2-3 տարիների վարած արտաքին քաղաքականությունը, դրա արդյունքում կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: «Հայրենիքի» քաղխորհրդի վերջին նիստում քննարկվել է այս թեման եւ այժմ համապատասխան փաստաթուղթ է մշակվում: Երեկ ճակատի քաղխորհրդի անդամ Գառնիկ Մարգարյանը որոշ մանրամասներ փոխանցեց «Առավոտին»: Մասնավորապես՝ «ՌԴ դիվանագիտական բոլոր ինստիտուտները անհասկանալի դիրքորոշում են ընտրել կովկասյան, ասիական եւ եվրոպական որոշ (նախկին խորհրդային) պետությունների նկատմամբ»,- ասում է Գ. Մարգարյանը: Ամենաթարմ անհանգստությունը ուկրաինական նախագահական ընտրություններում ՌԴ-ի դիրքորոշմանն է առնչվում: Իսկ մինչ այդ՝ Աջարիան, Աբխազիան: Ըստ մեր զրուցակցի, իրենց գուցե սուբյեկտիվ մոտեցմամբ, ՌԴ-ի վարքը քաղխորհուրդը որակել է «անհեռատես»: «Իրենք ընտրում են հակաժողովրդական ուժերի, որոնց փորձ են անում բերել իշխանության, արդյունքում՝ ամբողջ մի ժողովուրդ հակադրում են ՌԴ-ին»,- կարծում է պարոն Մարգարյանը: Վկայակոչելով պատմական իրողությունները՝ նա նաեւ հավելեց. «Մենք փորձ չենք անում իրենց գործերին խառնվելու, պարզապես տեսնում ենք վտանգը եւ ուզում ենք հուշել ռուս քաղաքական գործիչներին, ուժերին, որպեսզի ավելի խելամիտ եւ ուշադիր լինեն ժողովուրդների բարեկամության ֆունդամենտալ խնդիրներին»: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ «Հայ մարդը տեսնում է, որ ռուսաստանյան չինովնիկները պաշտպանում են ոչ լեգիտիմ, հակազգային ռեժիմին»: Այս համատեքստում, ներկայացնելով իրենց կողմից կատարված հարցումների արդյունքները, մեր զրուցակիցն ասում է, որ 1993-95 թվականներին ամեն տասը մարդուց 7-8-ը արմատական ռուսամետ էր, իսկ հիմա 7-8-ը արմատական հակառուսական տրամադրություններ ունի՝ ելնելով հայ-ռուսական պետական հարաբերություններից: Վերադառնալով Ուկրաինային՝ «Ինչքան էլ Պուտինը Թուրքիայում հայտարարություններ անի, ՌԴ-ն ունի իր ստրատեգիական շահերը, եւ ամեն ինչ անելու են, որ այդ երկրներում էլ, Կովկասում էլ կայունություն լինի: Ուկրաինայի նախագահը դեռ չընտրված՝ շնորհավորեցին ու հայտնվեցին հիմար վիճակում: Ալիեւը, որը վատ քաղաքական գործիչ է, զգուշավորություն ցուցաբերեց, այն դեպքում, երբ ընտրություններից մի քանի օր առաջ երեք օր շարունակ Կիեւում էր եւ Կուչմայի, վարչապետի եւ ընդդիմության մարդկանց հետ ողջագուրվում էր: Ի՞նչը ստիպեց Քոչարյանին հնազանդվել Պուտինին: Սրանք մանրուքներ չեն, այլ լուրջ դիվանագիտական շեղումներ»: Հայաստանյան ապրիլյան զարգացումների եւ ուկրաինական դեպքերի համեմատությունում՝ պարոն Մարգարյանը տեսնում է Ռուսաստանի «դաբրոն»՝ «Քոչարյանին ասել էին՝ արա ամեն ինչ, միայն իշխանությունդ պահիր»: Այս ամենի կողքին դնելով հայկական ԶՈՒ ստորաբաժանումը Իրաք ուղարկելու խնդրի համատեքստում Վերին Լարսի անցակետի փակումը՝ Գ. Մարգարյանն ասում է. «Որ մենք իշխանություն չունենք՝ փաստ է եւ ամոթ, բայց՝ Ռուսաստան, դուք ի՞նչ եք անում: Ինչո՞ւ եք հարվածի տակ դնում կարեւորագույն մարդկային արժեքները: Ինչո՞վ եք դա հատուցելու»: Այս մտահոգությունները պարունակող փաստաթուղթն ուղարկվելու է ռուսական քաղաքական շրջանակներին, Դումա: Քաղխորհրդի անդամները հակված չեն կարծելու, որ այդ փաստաթուղթը հեղափոխություն կառաջացնի, սակայն իրենց պարտքն են համարում խոսել այդ մասին: Նաեւ կարծիք են հայտնում, որ Հայաստանին թույլ եւ ջլատված Ռուսաստան պետք չէ: Աշխարհում միաբեւեռությունը «կոտրելու» համար հայ մտավորական այրերը ռուս քաղաքական այրերին սթափվելու կոչ են անում: «Առավոտի» դիտարկմանը՝ արդյո՞ք հուսահատության ճիչ չէ, երբ մեր խնդիրները մեր իշխանությունների հետ չենք կարողանում պարզել, դիմում ենք «մեծ եղբորը», Գ. Մարգարյանն ասաց. «Մեր կառույցները հուսահատված չեն ու չենք դիմում Ռուսաստանի օգնությանը: Մեր խնդիրները լուծելու ենք մենք: Ինչքան էլ այլ երկրներ ու կազմակերպություններ փողի ուժով փորձեն դա անել՝ մենք պետք է համախմբվենք ու ինքներս լուծենք մեր հարցերը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել