Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉՈՒՆԵՆՔ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Դեկտեմբեր 11,2004 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՉՈՒՆԵՆՔ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ Մասնագետների կարծիքով՝ Երեւանում 24-ժամյա ջրամատակարարում չապահովելու հիմնական պատճառը ոչ թե տեխնիկական է, այլ կազմակերպչական: Այդ խնդիրը համառորեն չի լուծվում, չնայած ծախսվել է շուրջ $30 մլնի վարկային գումար: Առաջին անգամ շուրջօրյա ջրամատակարարման ժամկետը կոնկրետացվեց 2003-ի սկզբներին՝ Երեւանի քաղաքապետարանում երկրի նախագահի գումարած խորհրդակցության ժամանակ. Ջրտնտպետկոմի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանը խոստացավ 2004-ի ավարտին մայրաքաղաքացիներին ապահովել շուրջօրյա ջրով, եթե բոլոր սպառողները տեղադրեն ջրաչափեր եւ կանոնավոր վճարեն: Մի պայման էլ կար՝ եթե կառուցվեն ու շահագործվեն Սարի թաղի եւ Քանաքեռի ջրամբարները: Այսօր՝ 2004-ի ավարտին, բնակչության 80%-ից ավելին տեղադրել է ջրաչափ, իսկ հավաքագրումն անցյալ տարվանից գերազանցում է 100%-ը: Սակայն երեւանցիների մի ստվար զանգված ջուր ստանում է օրական միջինը 16 ժամ: Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի՝ մի քանի շաբաթ առաջ ունեցած տվյալներով, շուրջօրյա մատակարարում ունեն սպառողների 60-70%-ը, սակայն նույն կոմիտեից ստացած մեր տվյալներով, նրա՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, շուրջօրյայի տոկոսը հասել էր 55-ի: Կնշանակի՝ անցած տասն ամիսներին նրա «տքնաջան» աշխատանքը տվել է 10%-անոց արդյունք: Երեկ հրավիրած հաշվետու ասուլիսի ժամանակ պարոն Անդրեասյանը հայտնեց, որ «մինչեւ հունվար քաղաքի 80%-ը շուրջօրյա ջրամատակարարում կունենա՝ ինչպես ասել էի»: Երեք շաբաթում հնարավո՞ր է գրանցել 10 ամսվա արդյունք՝ հազիվ թե: Որպես ծրագրված 24 ժամը չկատարելու պատճառ՝ առաջին հերթին նշվում է ջրային ցանցի տեխնիկապես անպատրաստ լինելը, ինչի հետեւանքով էլ՝ 80% ջրի կորուստը: Վերջինիս առնչությամբ ասենք, որ երկու տարի առաջ այն ներկայացվում էր ավելի ցածր տոկոսով՝ 60-65: Թե ինչպես ստացվեց, որ տեխնիկական բարեփոխումների վրա այդքան վարկային գումար ծախսելուց հետո կորստի տոկոսը նվազելու փոխարեն աճեց՝ ակնհայտ է. գումարը նպատակային չի օգտագործվել, որովհետեւ ջրագծերը թարմացնող շինարարական կազմակերպությունները Ջրտնտպետկոմի բարձրաստիճան չինովնիկների մոտիկներն են: Կարելի է մտածել նաեւ, որ 80%-ն արհեստականորեն ուռճացված թիվ է՝ խոստումը չկատարելը հիմնավորելու համար: Ոչ շատ վաղուց հայտարարվում էր նաեւ, որ Երեւանի ջրային ցանցը կառավարող «Էյ Յութիլիթի» ընկերությունը պայմանագրով պատավորվել է իր աշխատանքի ավարտին քաղաքն ապահովել 16-ժամյա ջրով: Երեկ նախագահ Անդրեասյանը թափանցիկ ակնարկով հիշեց այդ մասին, նշելով, որ 2005-ի մայիսից սպասվող նոր կառավարչի պայմանագրում ամրագրվելու է 24-ժամյա ջրամատակարարման կետը: Սակայն, մեր տեղեկությամբ, այդ կետն անցյալ տարվանից արդեն եղել է «Էյ Յութիլիթիի» պայմանագրում, ընկերության ղեկավար կառույց «Աչեա ընդ կոմպանի» ընկերության նախագահ Անդրեա Մանգանոյի Հայաստան կատարած այցից հետո: Երկրի իշխանությունների հետ հանդիպումների արդյունքում կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ «Էյ Յութիլիթին» 24 ժամը փոխարինել է 16-ով: Պատահական չէ, որ ընկերության 2003-04թթ. աշխատանքային ժամանակացույցով նախատեսված է մինչեւ 2005թ. 100%-ով ավարտել շուրջօրյա ջրամատակարարման համար քաղաքի գոտիավորման աշխատանքները: Այսինքն, խնդիրն արդեն լուծված պետք է լիներ, անկախ հիշատակվող պատճառներից: Անհաջող մենեջմենթի մեկ այլ փաստ. Սարի թաղի ջրամբարը ժամանակին հանձնվեց շահագործման, իսկ Ա. Անդրեասյանի հույսին մնացած երկրորդ՝ Քանաքեռի ջրամբարի համար, մեր տեղեկությամբ, նույնիսկ հողհատկացման խնդիրն է ձգձգվում: Մեկ այլ տեղեկությամբ էլ՝ ջրմուղի տեղամասերից մի քանիսում մատակարարման գրաֆիկը չի պահպանվում եւ չի բարելավվում՝ հոսանքի խնայողության նպատակով: Ի դեպ, հոսանքի ծախսի համար համակարգը սուբսիդավորվում է պետբյուջեից: Հասկանալի է, որ այս դեպքում ջրմուղցիների անհանգստությունը ամենեւին էլ պետության միջոցների խնայողությունը չէ: Վատ կառավարման օրինակ է նաեւ ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրումը. նախապես հաշվարկված 5 մլրդ դրամի ջրածախսի դիմաց այս սեզոնին հավաքվել է 2,5 մլրդ դրամ: Խմբագրության ստացած բազմաթիվ բողոքները պատճառաբանում են այդ տարբերությունը՝ քիչ է մատակարարվել, քիչ են վճարել: Այս օրերին Ջրտնտպետկոմը «տնտղում» է «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ նոր կառավարչի թեկնածուներին: Ա. Անդրեասյանի ասելով, 20 մլն դոլար նոր վարկային գումարին տեր դառնալ ցանկացողները 7 միջազգային կազմակերպություններ են: Մեր տեղեկությամբ, նրանց մեջ է նաեւ «սուրը փառքով պատյան դրած» «Էյ Յութիլիթին»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել