¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ Խաղաքարտ, որ օգտագործում են բոլորը Քաղաքական ուժերը վերջերս շարունակ խոսում եւ տարբեր հայտարարություններ են անում ԼՂ խնդրի վերաբերյալ՝ սկսած արտգործնախարար Վարդան Օսկանյանից, վերջացրած հակամարտության լուծման մեջ որեւէ դերակատարում չունեցող քաղաքական գործիչներով: ԼՂ հարցը խաղաքարտ է, որով նրանք փորձում են քաղաքական հարցեր լուծել: ՄԱՐԻՆԵ ԽԱՌԱՏՅԱՆ Խաղաքարտից, իհարկե, ամենաշատն օգտվում են իշխանությունները՝ ամեն կերպ աշխատելով «ջրել» ԼՂ կարգավորման հարցում իրենց վարած քաղաքականության ձախողումները: Ներկա իշխանությունների համար ԼՂ խնդիրը ընդդիմության «ապակայունացնող գործունեությունը» քննադատելու եւ իշխանություն պահելու միջոց է, իսկ նախկին իշխանությունների համար ցատկահարթակ է քաղաքականություն վերադառնալու, փորձ՝ ապացուցելու, որ իրենք ավելի ճիշտ էին տանում լուծման գործընթացը: Հետաքրքիր է, որ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանին եւ հենց ԼՂ հարցում նրա քաղաքականությանը սատարած քաղաքական գործիչներն այսօր ընդդիմության մեջ են եւ դեմ են այդ քաղաքականության շրջանակներում ընթացող ԼՂ խնդրի շուրջ գործընթացներին: «Արդարություն» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը նույնպես 1998-ին պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին: «Պաշտպանել եմ ոչ թե լոկ անձնական մոտեցումներից եւ մղումներից ելնելով, այլ դա եղել է քաղաքական դիրքորոշում: Մենք դեմ ենք արտահայտվել փուլային լուծման տարբերակին»,-մեզ հետ զրույցում իր դիրքորոշումն այսպես մեկնաբանեց պարոն Բազեյանը: Եթե հարցն իրեն է վերաբերվում, ապա ինքը որեւէ հավակնություն չունի իշխանության ու պաշտոնի առումով եւ ղարաբաղյան հարցը խաղաքարտ չի դարձնում: Ռոբերտ Քոչարյանի ամենակտիվ հակառակորդն այսօր «արդարանում» է, թե «այն ժամանակ ինքն այնքան էլ քաղաքականությամբ խորը չէր զբաղվում, եւ իր համար ընկալելի չեն եղել այդ մոտեցումները ԼՂ հարցի լուծման կապակցությամբ»: Փաստորեն Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները պարզապես ավելի՞ ընկալելի են եղել. այս հարցին ընդդիմության ներկայացուցիչը պատասխանեց, թե դա Ռոբերտ Քոչարյանի անձնական մոտեցումը չի եղել: «Եղել է ընդհանուր մոտեցում, որն արտահայտվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի ժամանակ»: Այսօր ինչու՞ է դեմ Ռոբերտ Քոչարյանի մոտեցմանը. այս հարցին ի պատասխան՝ պարոն Բազեյանն ասաց. «Ես չգիտեմ ինչ մոտեցում ունի Քոչարյանը ԼՂ հարցում: Նա երբեւէ որեւէ տեսակետ չի արտահայտել լուծման առաջարկների վերաբերյալ: Մենք հետեւում են գործընթացներին եւ տեսնում ենք, որ գնալով ավելի շատ պետություններ են խոսում ԼՂ հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու օգտին: ԼՂ հարցով ընթանում են գործընթացներ, որոնք շատ անհանգստացնող են: Տեսակետներ են ձեւավորվում, մթնոլորտ է ձեւավորվում միջազգային տարբեր կառույցներում, ՄԱԿ-ում քննարկվում է այսպես կոչված գրավյալ տարածքների հարցը: Սրանք գործընթացներ են, որոնց չարձագանքել չենք կարող»: Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, որը նույնպես 1998 թ-ին սատարել է Ռոբերտ Քոչարյանին, այսօր վերջինիս վարած քաղաքականությանը դեմ հայտարարություններ է անում: Սատարելուց հետո նա նաեւ աշխատեց Ռոբերտ Քոչարյանի՝ այն ժամանակ ոչ այնքան բարձր հովանու ներքո, առժամանակ ղեկավարելով Քաղաքական խորհուրդը: Մեզ հետ զրույցում պարոն Խաչատրյանը հայտարարեց, թե «2-րդ փուլում ՍԻՄ-ը ոչ թե պաշտպանել, այլ նախապատվությունը տվել է Ռոբերտ Քոչարյանին»: Իրենք դեմ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած իշխանության «նահանջողական վարքագծին»: Այսօր ՍԻՄ-ը եւ Տեր- Պետրոսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունն է դեմ. վերջինիս գործնական քայլերը նույնիսկ չեն համապատասխանում իրենց վարած քաղաքական կուրսին: Ինչով չեն համապատասխանում՝ չմանրամասնեց: ՀԴԿ առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանն այսօր հայտարարում է, թե ԼՂ հարցում տարվող քաղաքականությունն ամբողջությամբ սխալ է եւ պետք է նոր հայեցակարգ ընդունել այդ հարցում: Պարոն Սարգսյանը, որը 1 տարի Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր արտաքին քաղաքականության հարցերով, նույնպես 1998 թ-ին պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին եւ նրա մոտեցումը ԼՂ հարցում, ինչի դեմ այսօր համառ պայքարում է: Հետաքրքիր է, որ քաղաքական այս գործիչը եւս որեւէ հակասություն չի տեսնում իր վարքագծի մեջ: Այսօր նա «բացարձակ չի զղջում», որ ժամանակին պաշտպանել է մի քաղաքականություն, որի դեմ այժմ հերոսաբար պայքարում է, չնայած հիմա «տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունի ԼՂ ներկա կուրսի նկատմամբ»: «Պաշտպանել եմ, քանի որ գտնում էի, որ անհրաժեշտ էր փուլային տարբերակից հրաժարվել, ինչը արեց Ռոբերտ Քոչարյանը»: Կրկին հարց է ծագում, թե այսօր ինչու՞ է մաքառում Ռոբերտ Քոչարյանի դեմ: «Այն ժամանակ, երբ պաշտպանեցի, այլ քաղաքական կուրս էր, երբ որ ես նրանց առաջարկեցի իրավական դաշտ տեղափոխել խնդիրը, նրանք հրաժարվեցին, քաղաքականացրին հարցը եւ արդյունքը մենք այսօր ստացանք»,- մեկնաբանում է Արամ Սարգսյանը: