¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ՎԱՐԿԱԾ Տոն, որ միշտ սուգ է «Գիտեք, 2005 թվականին մենք Ցեղասպանության 90-ամյակ ենք տոնում»: ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ ԱԳ նախարար, «ՀԱ», 17 նոյեմբերի Հիմա է միայն պարզվում, թե ինչ մոգական զորություն ունի Վարդան Օսկանյանի կոմպլեմենտարիզմը. այն, փաստորեն, թույլ է տալիս տոնել սուգերը եւ սգալ տոները: Մենք քիչ ենք, սակայն մեզ չէ են ասում «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ հնարավոր չէ ազգությունը նշել (երեխայի ծննդյան վկայականում.-Վ. Դ.): Կարո՞ղ է պատահել, որ որեւէ մեկը մեծանա եւ չընդունի իր ազգությունը»: ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ Գրող, «ՀԱ», 23 նոյեմբերի Բայց ինչո՞ւ միայն ազգությունը… Երեխայի ծննդյան վկայականում պետք է նշել նաեւ նրա ականջների քանակը, աչքերի գույնը, քիթ ու բերանի առկայությունը: Կարո՞ղ է պատահել, որ որեւէ մեկը մեծանա եւ չընդունի այդ ամենը: Ներմուծովի հումք «Հայաստանը դիկտատուրայի որեւէ ռեսուրս չունի եւ չի էլ ունենալու»: ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Նոր ժամանակներ»կուսակցության նախագահ, «Իրավունք», թիվ 91 Միանգամայն իրավացի է Արամ Կարապետյանը. Հայաստանը, չունենալով դիկտատուրայի որեւէ ռեսուրս, անցյալ դարի վերջին այդ դիկտատուրայի հումքը ներմուծեց Լեռնային Ղարաբաղից: Այժմ դա սպառվում է, եւ Արամ Կարապետյանը հուսահատ քայլեր է անում, որ Հայաստանը հիմա էլ իրե՛ն ընդունի իբրեւ դիկտատուրայի հումք՝ ներմուծված Ռուսաստանից: Օպտիմալացման պիկը «Որքան էլ ուզում ենք գնահատման չափանիշներ սահմանել, այնուամենայնիվ մարդկային գործոնը, անձնական մոտեցումները վերաձեւում են այդ նույն կարգերը մանավանդ բանավոր քննությունների ժամանակ: Խնդիր էր դրված ստեղծել մեկ միասնական հանձնաժողով, որը նույն մոտեցումը կունենա, նույն չափանիշներով կառաջնորդվի եւ շրջանավարտին կտա միասնական պետական գնահատական»: ՆՈՐԱՅՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ, «Իրավունք», թիվ 82 Իսկ ինչո՞ւ խնդիր չդնել ստեղծել նաեւ մեկ միասնական ուսուցիչ, որը աշակերտներին կտա մեկ միասնական գիտելիք, եւ հենց այդ միակ գիտելինքն էլ կստուգի մեկ միասնական հանձնաժողովի մեկ միասնական անդամը՝ նշանակելով վերը նշված միասնական պետական գնահատականը: Երկխոսություն «Մենք ասում ենք, որն այս իշխանություններն անօրինական են, իսկ մեզ հեղափոխությունը պետք է միայն սահմանադրական ճանապարհով»: ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ, «Իրավունք», թիվ 87 Իշխանությունները նախազգուշացնում են, որ եթե ընդդիմությունը փորձի հեղափոխություն անել սահմանադրական ճանապարհով, ապա փշալարերով կփակեն այդ ճանապարհը: Եթե դա չօգնի՝ սահմանադրական այդ ճանապարհին կձերբակալեն ու կծեծեն ընդդիմադիրներին: Եթե դա էլ չազդի՝ առավել ակտիվ հեղափոխականները կգնդակահարվեն սահմանադրական ճանապարհի մատույցներում: Բա եղա՞վ «Ամերիկայի նախագահը ավելի խելացի չէ, քան Ռոբերտ Քոչարյանը: Բուշը Հայաստանի նախագահ չի կարող աշխատել: Կինոռեժիսոր Մուրը ասաց, չէ՞, «զարմանում եմ, որ ԱՄՆ-ի ամենաապուշ մարդուն դրել են Միացյալ Նահանգների նախագահ»: ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ Արվեստաբան, «ՀԱ», 26 հոկտեմբերի Եթե անգամ կինոռեժիսոր Մուրը ճիշտ է ասել՝ համեմատությունն այնքան էլ կոռեկտ չէ. ի՞նչ մի հպարտանալու բան է, որ Ամերիկայի ամենաապուշ մարդը Քոչարյանից խելացի չէ: Եվ հետո. ո՞ւր կհասնի, եթե աշխարհի տարբեր երկրների ամենաապուշ մարդկանց տեղից վեր կացողը համեմատի Քոչարյանի հետ: Ճշտով «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ այս երկրի հետ, եթե հանկարծ նախագահ դառնար Ստյոպիկը»: ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ, (Ալրաղացի Լյովիկ), ԱԺ պատգամավոր, «ՀԺ», 17 սեպտեմբերի Իսկ պատկերացնո՞ւմ է արդյոք Ալրաղացի Լյովիկը, թե ինչ է կատարվում մի երկրի հետ, որի նախագահ ընտրվում է Ստյոպիկը, բայց նախագահի աթոռին բազմում է Ռոբիկը: Փաթաթեք այդ փուլերը «Ես համոզված եմ, որ մենք գնում ենք ոչ թե փուլային, այլ փաթեթային լուծման, փաթաթեք այդ փուլերը. «Ես համոզված եմ, որ մենք գնում ենք ոչ թե փուլային, այլ փաթեթային լուծման, եւ այդ փաթեթում կարող են լինել որոշակի փուլեր: Սակայն մեզ համար պետք է հստակ լինի փուլերի հաջորդականությունը, այսինքն՝ մենք պետք է հստակ իմանանք, թե տվյալ փաթեթի մեջ ինչպիսի հաջորդականությամբ է նախատեսվում խնդրի լուծումը»: ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՀ վարչապետ, «ՀԺ», 14 հոկտեմբերի Մի հարցնող լինի՝ ինչի՞դ է պետք այդ փաթեթը, որի մեջ որոշակի փուլերից բացի ուրիշ բան չկա: Ավելի լավ չի՞ լինի, եթե գնանք փուլային լուծման, եւ այդ փուլերից ամեն մեկում լինեն որոշակի փաթեթներ. առաջին փուլում՝ քսանանոցների փաթեթ, երկրորդում՝ հիսունանոցների, երրորդում՝ հարյուրանոցների… Առանց հետին մտքի «Դատարկ տեղեր բնությունն ու հասարակությունը չեն սիրում, եթե ընդդիմություն չկա խորհրդարանում, ուրեմն դրա տեղը ինչ-որ բան պիտի առաջանա: Մի առիթով կեսլուրջ-կեսկատակ ես ասացի՝ մենք կդառնանք ընդդիմություն, ես կդառնամ ընդդիմություն: Որովհետեւ այդ տեղը, որ գոյություն ունի ընդդիմության համար, դատարկ է մնում, իսկ դա գայթակղող է, կանչող է, փոս է, իսկ դատարկությունը պետք է լցվի»:ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, արձակագիր, «Առավոտ», 19 հոկտեմբերի Որեւէ բան դատարկ տեղ մտցնելուց առաջ, մանավանդ՝ եթե այդ դատարկությունը գայթակղող է, կանչող է եւ, դիցուք, փոս է, անցանկալի հետեւանքներից խուսափելու նկատառումով խորհուրդ է տրվում պահպանել հիգիենայի կանոնները: Եթե մարդն անձամբ է ուզում մտնել այդ դատարկ տեղը եւ իրենով լցնել այն, ճիշտ կանի գոնե գլխարկ դնի: Կողքանց՝ դեպի ակունքները «Ես ՀՀ 3-րդ հանրապետության ակունքներում կանգնած մարդկանցից եմ եւ մեր հանրապետություն ստեղծողների «կողքերում ֆռֆռացել եմ»: ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Իրավունք», թիվ 85 Այնպես որ, եթե դուք ուզում եք մի 10-15 տարի անց հայտնվել որեւէ բանի ակունքներում՝ մի հապաղեք, գնացեք ու հենց այսօրվանից ֆռֆռացեք այդ բանն ստեղծողների կողքերին: Ինչ մեծ մանդատ ունես… «Որ քաղաքական գործիչը ամբիոն է բարձրանում, մանդատներից է խոսում, որովհետ- մանդատներից զատ իրենք բացարձակ զրո են, մանդատ չունենան՝ գիշերը իրենց կանայք ծոցը չեն թողնի»: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ ԱՄ նախագահ, ԱԺ պատգամավոր,«Առավոտ», 11 սեպտեմբերի Արտաշես Մամիկոնիչը ակնհայտորեն գերագնահատում է մանդատների հնարավորությունները: Առ այսօր չի եղել դեպք, որ որ-է քաղաքական գործիչ մանդատը ձեռքին մտնի իր կնոջ ծոցը – դրանով բավարարի նրան: Էդ ճլորած մանդատներին, ասում են, իսկի «Վիագրան» չի օգնում: Երջանկության մեխանիկա «Իմ բոլոր նշանակումներն արդարացված են եղել, բոլոր նշանակվածները երջանիկ են, եւ բոլոր գործից ազատվածները՝ նույնպես»: ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, «ԵՈՒ», թիվ 12 Թե ինչու են երջանիկ նշանակվածները՝ մնում է գաղտնիք: Բայց որ գործից ազատվածները իսկապե՛ս երջանիկ են՝ կասկած չկա. չէ՞ որ նրանք դժբախտություն չեն ունենա աշխատել Հովիկ Հովեյանի հետ: ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ