ՀՌԱՀ-Ն ԸՆԴԴԵՄ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը դեռ աշնան սկզբին հայտարարեց, թե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հայտարարվելու է մրցույթ 2501 -2700 ՄՀց հաճախային շերտի համար, որով ներկայումս հեռարձակվում են AATV-ի հաղորդումները: Սակայն մրցույթն այդպես էլ չկազմակերպվեց: Բացի այդ՝ ՀՌԱՀ ներկայացուցիչն արձանագրեց, թե «Էյ-Ափ» ընկերության «Սուպեր-սիստեմ» համակարգն իրականացնում է հանձնաժողովի կողմից չարտոնագրված, այն է՝ ապօրինի հեռարձակում: Սակայն «Առավոտը» երեկ ասուլիսում ՀՌԱՀ նախագահին հիշեցրեց, որ այդ համակարգն այժմ էլ շարունակում է իր գործունեությունը: Ի պատասխան՝ Գրիգոր Ամալյանն ասաց. «Երկու հարցերն իրար շաղկապված են: Գիտեք, որ տարաձայնություն է եղել մեր եւ կապի նախարարության միջեւ, որը հաճախային շերտի հատկացում էր արել («Էյ Ափ» ընկերությանը.- Ա. Ի) նման գործունեություն իրականացնելու համար: Վեճը ստացավ իր զարգացումը, եւ հիմա արդեն ավարտվել է դատական մի գործընթաց: Չեմ ուզում շատ մանրամասն ասել, քանի որ դեռեւս ուժի մեջ չի մտել որոշումը: Վիճարկվում էր շերտի հատկացման խնդիրը՝ ածանցյալ բոլոր հարցերով: Բողոքարկման համար հակառակ կողմն ունի ժամանակ՝ մինչեւ դեկտեմբերի 17-ը: Արդյունքների համաձայն՝ չեղյալ կճանաչվի հատկացման որոշումը եւ ՀՌԱՀ-ը կստանա այդ կապուղին: Իսկ AATV-ի կապուղու համար մրցույթ չհայտարարվեց, քանի որ կարծում էինք, թե նպատակահարմար էր միաժամանակ երկու շերտերի համար հայտարարել մրցույթը»: ՀՌԱՀ նախագահն իրոք տրամադիր էր ձեռնպահ մնալ մեկնաբանություններից այս խնդրի շուրջ, եւ ստիպված էինք բառ առ բառ տեղեկություններ կորզել, որ ազգային հանձնաժողովն է դատարան դիմել կապի նախարարության դեմ եւ հաղթել. «Վճիռն այսպիսին է՝ մեր հակառակ կողմն առաջարկեց հաշտության համաձայնագիր, որի կետերով, ըստ էության՝ բավարարվեցին մեր պահանջները»: Ա. Ի.