Համոզված
է երգչուհի Գայանե Գեղամյանը Երգչուհի, միջազգային մրցույթի դափնեկիր Գայանե
Գեղամյանը դեկտեմբերի 14-ին Կամերային երաժշտության տանը բեմ կբարձրանա կոնսերվատորիայի
իր դասարանն ավարտած եւ դեռ ուսանող երգիչների հետ: «Սիրում ենք օգտագործել
այնպիսի ամպագոռգոռ բառեր, ինչպես, օրինակ, «դաստիարակությունը»: Իսկ արդյունքում
ճիշտ հակառակն է ստացվում: Կամ ասում ենք ստեղծագործող ու մշակութասեր ազգ ենք, արդյունքում՝
ամբողջ օրը եթերից հրամցվում են անորակ երգեր՝ նույնքան անորակ կատարումներով»,-
մեր զրույցի սկզբում նշեց Գ. Գեղամյանը: Երգչուհին կարծում է, որ տարիներով
չարչրկված այս խնդիրն ունի երկու լուծում. «Կամ անհապաղ պետք է ստեղծել մասնագետների
խումբ, որը վերահսկի եթերը, կամ մենք՝ պրոֆեսիոնալներս մեր հայրենիքում այլեւս անելիք
չունենք»: Նա հավաստիացրեց, որ կոնսերվատորիայի վոկալի դասախոսները հիանալի կադրեր
են պատրաստում, որոնք էկրանին չեն էլ երեւում. «Հետո էլ զարմանում ենք, թե այս երգիչը
կամ երգչուհին ապրում ու բեմ է բարձրանում Եվրոպայում: Հաճախ էլ ինքներս մեզ հարց
ենք տալիս՝ ինչո՞ւ այդպես պատահեց, ձեւացնելով, թե չենք հասկանում կամ հարցի պատասխանը
չգիտենք»: Երգչուհին ընկճվում է նրանից, որ նույն այդ անմակարդակ «մլավոցները» հեռարձակվում
են արտերկիր: Ավելին, նրան զայրացնում է չինովնիկների կողմից անընդհատ հնչող, Հայաստան
կանչող կոչերը: Ըստ Գ. Գեղամյանի, ոչ մի սփյուռքահայ կամ դրսում բնակվող նախկին հայաստանցի
արվեստագետ, էկրանին տեսնելով այսօրվա մեր «մշակույթը», չի բռնի հայրենիքի ճամփան.
«Կրակը հո չընկա՞նք, որ ինչ-որ մեկը ֆինանս ունի ու գնել է TV»: Այսուհանդերձ,
երգչուհին հուսով է, որ TV-ներում տիրող մշակութային նման քաղաքականությունը «գոնե
կգրավի բարձր ատյաններում պաշտոններ զբաղեցրած արվեստագետների ուշադրությունը»: Երգչուհին
տեղեկացրեց, որ կայանալիք մենահամերգը առիթ է, որ ուսանողները ծանոթանան կամ մեկ
անգամ եւս վայելեն բեմի ու հանդիսատեսի հետ շփվելու հմայքը. «Համերգին կմասնակցեն
նաեւ ինձ մոտ ուսում ստացած, արդեն ճանաչում ունեցող երգիչներ, հանրապետական մրցույթների
դափնեկիրներ Մերի Մկրտչյանն ու Պերճ Քիրազյանը»: Հետաքրքրվեցինք նաեւ օպերային թատրոնում
երգչուհու ծրագրերից: «2005-ին թատրոնը կներկայացնի Ռախմանինովի «Ալեկո» օպերան,
որտեղ պատրաստում եմ Զեմֆիրայի դերերգը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ