Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլնիսում բոլ-բոլ խնդիրներ կան

Դեկտեմբեր 11,2004 00:00

Չնայած
վատ պայմաններին, բոլնիսցի մեր հայրենակիցները ոչ մի տեղից օգնություն չեն ակնկալում
Վրաստանի Բոլնիս հայաբնակ գյուղում 1096 տնտեսություն կա, որից միայն 640-ում
է մարդ ապրում: Երիտասարդներն հեռանում են գյուղից, քանի որ աշխատելու տեղ չունեն:
Նրանք կամ Հայաստան, կամ Ռուսաստան են գնում: Բոլնիսի գյուղապետ Մարինե Անանյանի
կարծիքով, այժմ երիտասարդներն ավելի շատ ՌԴ են մեկնում: Գյուղի տների մեծ
մասն այժմ դատարկ է: Շատ քչերն են իրենց տները վաճառում, քանի որ այստեղ ամենալավ
տունն անգամ 1000 դոլարից պակաս է գնահատվում: Բոլնիս գյուղում որեւէ արտադրություն
չկա: Գյուղացիների միակ եկամուտը հողից կամ խոզաբուծությունից է ստացվում: Գյուղի
գրեթե բոլոր բնակիչները գինեգործությամբ են զբաղվում կամ էլ ծիծակ են թթվեցնում:
Ի դեպ, խաչենցիների ծիծակը հայտնի է ամբողջ Վրաստանում: Սպառողների մեծ մասը վրացիներ
կամ ադրբեջանցիներ են: Գյուղի շրջակայքում մի քանի ադրբեջանական գյուղեր կան: Մ.
Անանյանը նշեց, որ ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանվում
են: Գյուղացիները բողոքում էին խմելու ջրից: Նրանք պատմում էին, որ ջուրը
տարայում մեկ օր պահելուց հետո սարսափելի հոտ է բուրում: Ի դեպ, գյուղն օրական 4-6
ժամ հոսանք է ստանում: «Հոսանքը երեկոյան ժամը 6-ից հետո է լինում եւ այդ ընթացքում
ոչինչ չենք հասցնում, օրերով հեռուստացույցի կարոտ ենք մնում»,- վրդովված պատմեց
խաչենցի Նազիկ Հովհաննիսյանը: Ի դեպ, նա եւ ամուսինը Վրաստանից հեռանալու հնարավորություն
չունեն, քանի որ ժամանակին չեն փոխել խորհրդային անձնագրերը (որոշակի խնդիրներ են
ունեցել ծննդյան վկայականների եւ արխիվային այլ փաստաթղթերի հետ կապված): Իսկ այժմ
դրա համար 170-200 լարի (մոտ 10 օր առաջ $1=1,76 լարիի) գումար է պահանջվում: Այսպիսով,
նրանք չեն կարողանում այցելել Հայաստանում եւ Ռուսաստանում բնակվող որդիներին: Վրաստանաբնակ
հայերից նրանք միակը չեն, որ անձնագրի հետ կապված խնդիր ունեն: Բոլնիս գյուղում
նաեւ ծննդատուն չկա, նույնիսկ մանկաբարձուհի չունեն: Ծննդաբերող կանայք ստիպված են
լինում տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող հիվանդանոց հասնել: Շատերը փորձում են տնային
պայմաններում, հարեւանների եւ բարեկամների օգնությամբ լույս աշխարհ բերել իրենց մանուկներին:
Բոլնիս- Խաչենում ընդամենը մի փոքր բուժկետ կա, որտեղ մեկ ընտանեկան բժիշկ, 2 բուժքույր
եւ 1 ատամնաբույժ է աշխատում: Մ. Անանյանն ասաց, որ եթե գյուղը որեւէ օգնություն
ստանար եւ երիտասարդների համար զբաղմունք ու աշխատատեղ ստեղծվեր, ապա վիճակը կամաց-կամաց
կբարելավվեր. «Սակայն դեռ ոչ մի տեղից սպասելիք չունենք»: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել