Լքված ժողովուրդ Կար
մի ժամանակ, երբ Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունները ժողովրդի անունից
եւ ժողովրդի շահերից էին խոսում: Ժողովրդի անունից ու շահերից խոսում ու պատգամավոր
էին դառնում: Այսինքն՝ ընտրվում էին: Ընտրվելուց հետո, իհարկե, նրանք անմիջապես մոռանում
էին ժողովրդին՝ մինչեւ հաջորդ ընտրություններ: Հիմա ժամանակները փոխվել
են, եւ գրեթե վերացել է ժողովրդի գործոնը, այդ իսկ պատճառով էլ հիմա ոչ մեր ընդդիմադիրներն
են ժողովրդի անունից ու շահերից խոսում, եւ ոչ էլ՝ իշխանավորները: Չեն խոսում, որովհետեւ
ժողովուրդն արդեն չի հավատում խոսողներին: Նաեւ չեն խոսում, որովհետեւ այլեւս չեն
վախենում ժողովրդից: Ժողովրդից չեն վախենում, որովհետեւ ժողովուրդը ցաքուցրիվ է եւ
առաջնորդ չունի: Ժողովուրդն առաջնորդ չունի, որովհետեւ չի հավատում իր երբեմնի առաջնորդներին:
Ժողովուրդը չի հավատում իր երբեմնի առաջնորդներին, որովհետեւ իր երբեմնի առաջնորդները
լքել են նրան: Առաջնորդները լքել են ժողովրդին, որովհետեւ իրենց արդեն ժողովուրդ
հարկավոր չէ: Իրենց այլեւս ժողովուրդ հարկավոր չէ, որովհետեւ իրենց անձնական փորձը
ցույց տվեց, որ իրենք ժողովրդին առաջնորդելու շնորհք չունեն: Իրենք ժողովրդին առաջնորդելու
շնորհք չունեն, որովհետեւ իրենք չգիտեն, թե իրենց ուզածն ինչ է: Իրենք չգիտեն իրենց
ուզածն ինչ է, որովհետեւ իրենք դեպքերի բերումով ու միանգամայն պատահաբար են հայտնվել
քաղաքական դաշտում եւ քաղաքականության մեջ: Իսկ ժողովուրդն
այլեւս ոչ ոքի չի սպասում: Ժողովուրդն արդեն իր գլխի ճարն է տեսնում՝ ընտրակաշառք
վերցնելով, միրգ ու բանջարեղեն թերակշռելով, ձմռանը վառելու համար աթար չորացնելով
եւ այլեւայլ ձեւերով: