ՀՌԱՀ-Ն
ԸՆԴԴԵՄ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովի ներկայացուցիչը դեռ աշնան սկզբին հայտարարեց, թե առաջիկա մեկ ամսվա
ընթացքում հայտարարվելու է մրցույթ 2501 -2700 ՄՀց հաճախային շերտի համար, որով ներկայումս
հեռարձակվում են AATV-ի հաղորդումները: Սակայն մրցույթն այդպես էլ չկազմակերպվեց:
Բացի այդ՝ ՀՌԱՀ ներկայացուցիչն արձանագրեց, թե «Էյ-Ափ» ընկերության «Սուպեր-սիստեմ»
համակարգն իրականացնում է հանձնաժողովի կողմից չարտոնագրված, այն է՝ ապօրինի հեռարձակում:
Սակայն «Առավոտը» երեկ ասուլիսում ՀՌԱՀ նախագահին հիշեցրեց, որ այդ համակարգն այժմ
էլ շարունակում է իր գործունեությունը: Ի պատասխան՝ Գրիգոր Ամալյանն ասաց. «Երկու
հարցերն իրար շաղկապված են: Գիտեք, որ տարաձայնություն է եղել մեր եւ կապի նախարարության
միջեւ, որը հաճախային շերտի հատկացում էր արել («Էյ Ափ» ընկերությանը.- Ա. Ի) նման
գործունեություն իրականացնելու համար: Վեճը ստացավ իր զարգացումը, եւ հիմա արդեն
ավարտվել է դատական մի գործընթաց: Չեմ ուզում շատ մանրամասն ասել, քանի որ դեռեւս
ուժի մեջ չի մտել որոշումը: Վիճարկվում էր շերտի հատկացման խնդիրը՝ ածանցյալ բոլոր
հարցերով: Բողոքարկման համար հակառակ կողմն ունի ժամանակ՝ մինչեւ դեկտեմբերի 17-ը:
Արդյունքների համաձայն՝ չեղյալ կճանաչվի հատկացման որոշումը եւ ՀՌԱՀ-ը կստանա այդ
կապուղին: Իսկ AATV-ի կապուղու համար մրցույթ չհայտարարվեց, քանի որ կարծում էինք,
թե նպատակահարմար էր միաժամանակ երկու շերտերի համար հայտարարել մրցույթը»: ՀՌԱՀ
նախագահն իրոք տրամադիր էր ձեռնպահ մնալ մեկնաբանություններից այս խնդրի շուրջ, եւ
ստիպված էինք բառ առ բառ տեղեկություններ կորզել, որ ազգային հանձնաժողովն է դատարան
դիմել կապի նախարարության դեմ եւ հաղթել. «Վճիռն այսպիսին է՝ մեր հակառակ կողմն առաջարկեց
հաշտության համաձայնագիր, որի կետերով, ըստ էության՝ բավարարվեցին մեր պահանջները»:
Ա. Ի.