Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակահարվածի ժամանակն է»

Դեկտեմբեր 11,2004 00:00

Այդպիսի
կոչ է արել ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը՝ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ
ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ «վերջին տարիներին ողջ
աշխարհում, այդ թվում նաեւ Եվրոպայում, արձանագրվել են մարդու իրավունքների ոտնահարման
բազմաթիվ դեպքեր։ Ժամանակն է, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են մարդու իրավունքներին,
հակահարված հասցնեն։ Մենք պետք է քարոզարշավ ծավալենք խոշտանգումների՝ մեր մայրցամաքում
դեռեւս գործադրվող մարդու իրավունքների ոտնահարման այս տգեղ դրսեւորման վերացման
ուղղությամբ եւ վերջ դնենք անպատժելիությանը։ Մենք պետք է պայքարենք խտրականության
բոլոր ձեւերի, այդ թվում՝ ռասիզմի, հակասեմիտիզմի եւ իսլամաֆոբիայի դեմ։ Եվրոպայի
խորհուրդը ընդունում է այս մարտահրավերը»։ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերը նույն
առիթով նկատել է. «Եվրոպական մայրցամաքում մարդու իրավունքների պաշտպանությունը,
որը հիմնված է իրավական ընդհանուր չափանիշների, գործող ժողովրդավարական հաստատությունների
եւ իրավունքի գերիշխանության վրա, 46 պետություններից կազմված Եվրոպայի խորհրդի հիմնական
պարտականությունն է եւ Խորհրդարանական վեհաժողովի գործունեության առաջնային խնդիրը»։
Նրա ասելով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության
առանձնահատուկ արդյունավետ համակարգ է, որը բնորոշվում է անդամ պետությունների համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պարտադիր բնույթով
եւ անհատների՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից իրենց իրավունքների ոտնահարման
վերաբերյալ նշված դատարանին դիմելու իրավունքով։ «Եվրոպայի խորհրդի պետությունների
եւ կառավարությունների երրորդ գագաթաժողովը, որը կկայանա 2005թ. մայիսին Վարշավայում,
պետք է առաջնային նշանակություն տա 800 միլիոն եվրոպացիների հիմնարար իրավունքների
պաշտպանության այս յուրօրինակ համակարգի արդյունավետության պահպանման խնդրին։ Բոլոր
անդամ պետությունները պետք է անհապաղ վավերացնեն համակարգի վերջին բարեփոխումը՝ թիվ
14 արձանագրությունը, որպեսզի մեծացնեն Դատարանի՝ հայցադիմումների կառավարման կարողականությունը»,-
հայտարարել է Պիտեր Շիդերը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել