Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ի «ԱՐՄԱՏԸ»

Դեկտեմբեր 11,2004 00:00

Առանձին քաղաքական միավո՞ր, թե՞ հասարակական կազմակերպություն՝ կուսակցության ներսում

Հայաստանում կա, ըստ էության, երկու նախկին իշխող կուսակցություն՝ Կոմկուսն ու ՀՀՇ-ն: Երկուսում էլ այս կամ այն չափով կան «անջատողական պրոցեսներ»: Բայց եթե կոմունիստները պառակտվում են իշխանությունների կողմից պարբերաբար մատուցվող ինչ-ինչ «համեղ պատառների» պատճառով, եւ արդյունքում անջատվող խմբերը հրաժարվում են կոմունիստական գաղափարախոսության էական տարրերից, ապա ՀՀՇ-ի ներսում տարաձայնություններն, ըստ երեւույթին ոչ այնքան գաղափարական են, որքան կազմակերպչական: ՀՀՇ վերջին՝ 14-րդ համագումարը մեկ անգամ եւս ապացուցեց, որ հիմնականում ՀՀՇ-ականներից բաղկացած «Արմատ» հ/կ-ն առայժմ չի պատրաստվում իր կուսակցության հետ կազմակերպական միասնություն կազմել: Իսկ ՀՀՇ գործող (եւ վերընտրված) վարչությունն էլ իր հերթին ցույց տվեց, որ ոչ մեկին ոչինչ պարտք չէ եւ վերադառնալու աղաչանք-պաղատանք չի արվելու: Թե՛ «Արմատի» եւ թե՛ ՀՀՇ-ի հետ բարեկամական հարաբերություններ են պահպանում մի շարք գործիչներ, առաջին հերթին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը ներկա էր իր կուսակցության 14-րդ համագումարին: Սակայն բացակայում էին ԱԺ նախկին նախագահ, «Արմատի» ղեկավար Բաբկեն Արարքցյանը, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ նախկին փոխնախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը, մի քանի այլ քիչ թե շատ հայտնի ՀՀՇ-ականներ: Երեկ փորձեցինք զրուցել կողմերի հետ եւ հասկանալ, թե որտեղ կտրվեց թելը, որքանո՞վ է վերջնական անջատումը եւ իրատեսական՝ միացումը: Երեկվա զրույցները ապացուցեցին, որ թեպետ միմյանցից փոքր-ինչ հեռացած, այնուամենայնիվ, ՀՀՇ-ականները իրար դեռ նման են: Երկու կողմերն էլ պատրաստ են բացատրել, թե ինչ կատարվեց, սակայն առայժմ չեն ուզում խոսել: Մեզ մնում է միայն ենթադրություններ անել՝ համադրելով փաստերը:

ՀՀՇ-ում «Արմատ»-ականների հեռացումը բացատրում են այսպես երբ 1999-ին վարչության նախագահ ընտրվեց հանրապետությունից բացակայող Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը նեղացավ եւ գնաց: ՀՀՇ-ում պնդում են նաեւ, որ «Արմատի» հետ իրենց տարաձայնությունները քաղաքական են: Մինչդեռ մյուս թեւն այն կարծիքին է, որ իրենց միջեւ քաղաքական տարաձայնություններ չկան, սակայն չի հերքում, որ «նեղացած» է դեռեւս 1999-ից, երբ չընդունվեց Բաբկեն Արարքցյանի լուրջ ծրագրային առաջարկը: Հիշեցնենք, որ, իրոք, այն ժամանակ, երբ Վանո Սիրադեղյանը առաջին անգամ գնաց, եւ պետք էր վարչության նոր նախագահ ընտրվեր, Բաբկեն Արարքցյանն իր թեկնածությունը առաջադրեց: Ներկայացվեց նաեւ ծրագրային առաջարկ, որում ասվում էր, որ կուսակցությունը պետք է կոնկրետ գործող ղեկավար ունենա, որը պետք է այլ կուսակցությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կմասնակցի, հարցեր ներկայացնի եւ լուծի: Սակայն այս առաջարկը չանցավ, որովհետեւ ՀՀՇ-ի մյուս թեւը (նրանք, ովքեր թե այն ժամանակ, թե այսօր կազմում են ՀՀՇ վարչության կորիզը) կարծում էր, թե այդպիսով դավաճանած կլինեն Վանո Սիրադեղյանին:

ՀՀՇ նախորդ համագումարին Բաբկեն Արարքցյանը մասնակցում էր, սակայն այս անգամ վարչության նախագահ ընտրվեց ոչ թե նա, այլ Արարատ Զուրաբյանը: «Արմատ»-ականների գնահատմամբ, իրենց կուսակցությունն այդպես էլ չանդրադարձավ 2003-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, պարտության պատճառները չմանրամասնվեցին, չտրվեց քաղաքական գնահատական: Նախկինում ՀՀՇ համագումարները տեւում էին մի քանի օր, այժմ կուսակցությունը իր գործն ավարտված է համարում մեկօրյա համագումարով: Կարծիք է հայտնվում նաեւ, որ ՀՀՇ-ն այսօր հետամուտ չէ այն գաղափարախոսությանը, որի ստեղծողն ու կրողն էր 1988-ից: Սակայն ՀՀՇ-ում այս կարծիքը, բնականաբար, չեն կիսում:

ՀՀՇ համագումարին չմասնակցող կուսակցականները այն անձինք են, ովքեր ՀՀՇ-ի իշխանության օրոք եղել են իշխանության ամենավերին օղակներում, այն դեպքում, երբ ՀՀՇ-ի այսօրվա վարչության 25 հոգիանոց ցուցակից հատուկենտ մարդիկ են հայտնի՝ Դավիթ Շահնազարյանը, Վանո Սիրադեղյանը, Արարատ Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ էլի մեկ-երկու գործիչ: Հնարավոր է, «Արմատի» ներկայացուցիչները չեն ուզում մաս կազմել նման վարչության:

«Արմատ»-ականները նոր կուսակցություն մտադիր չեն ստեղծել, նրանք նաեւ ՀՀՇ-ից դուրս գալու միտք չունեն, եւ բոլոր նրանց, ովքեր մատնանշում են «Արմատը»՝ որպես առանձին քաղաքական միավոր, այդ հ/կ-ի անդամները հակադարձում են, որ գործում են ՀՀՇ-ի շրջանակներում: Կուսակցության 14-րդ համագումարում, ինչպես նաեւ վարչության անդամներից մի քանիսի հետ զրույցներից ակնհայտ էր, որ ՀՀՇ-ն մտադիր է ակտիվանալ եւ գործ անել: «Արմատ»-ականներն այդ ակտիվացումը դեռ չեն տեսնում եւ կարծում են, որ կուսակցությունը թուլացել է: Ամեն ինչ կճշտվի ժամանակի ընթացքում, սակայն մի բան ակնհայտ է՝ ՀՀՇ-ն այսօր Երեւանում միայն մեկ գրասենյակ ունի, շրջաններում էլ կառույցները բազմաթիվ չեն: Ըստ «Արմատ»-ականների, կուսակցությունը մեկ-երկու հայտարարությունից եւ հարցազրույցից բացի, այլ գործունեություն չի ծավալում: ՀՀՇ-ում երեկ բավականին բարձր էին գնահատում համագումարում ընդունած բանաձեւը: Գուցե այն իսկապես արմատակա՞ն է՝ բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Եվ այդ դեպքում կուսակցության միասնությունը կվերականգնվի՞:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել