Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋՆ ԷԼ ԴԱՐՁՐԻՆ ՓԱՍՏԱՐԿ

Դեկտեմբեր 11,2004 00:00

Մարդու
իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» շահերը ներկայացնող
Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը պատմում է երկու հեռուստաընկերությունների
հայցերին առնչվող նոր զարգացումների մասին: Մարդու իրավունքների եվրոպական
դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Հայաստանի կառավարությանն առաջարկվում է մինչեւ
2005-ի հունվարի 26-ը գրավոր բացատրություններ ներկայացնել «Նոյյան տապանի» գանգատի
այն մասի շուրջ, որ վերաբերում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների
պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտմանը
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2002-ի ապրիլի 2-ի որոշմամբ:
Ըստ Տիգրան Տեր-Եսայանի՝ դատարանը ներկայացրել է 5 հարցադրումներ. «Այն է՝ արդյոք
կառավարությունը գտնո՞ւմ է, որ ՀՌԱՀ այդ որոշմամբ խախտվել է արտահայտման իրավունքը:
Կամ՝ արդյոք եղե՞լ է մրցակցության լիարժեք հնարավորություն: Համարո՞ւմ են, թե այդ
մասով գործն ընդդատյա է եվրոպական դատարանի քննությանը: ՀՌԱՀ անդամների կողմից մրցութային
գործընթացին միջամտությանը վերաբերող հարց էլ կա եւ այլն»: Այսինքն՝ «Նոյյան
տապանի» հայցի առնչությամբ էլ է սկսվում այն գործընթացը, որ «Ա1+»-ն արդեն անցել
է: Կառավարությունը կներկայացնի իր պարզաբանումները, հետո «ՆՏ»-ի շահերի ներկայացուցիչը՝
իր պատասխանը: Եվ դրանից հետո նոր դատարանը որոշում կկայացնի գործը վարույթ ընդունելու
վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Ա1+»-ի պարագայում Հայաստանի կառավարությունն իր պարզաբանումները
ներկայացրեց ուշացումով: Տիգրան Տեր-Եսայանին խնդրեցինք փոխանցել, թե ինչ փաստարկներով
է հիմնավորել մեր իշխանությունը հեռուստաընկերության եթերազրկումը. «Կառավարությունը
շուրջ 35 էջանոց պատասխան է ուղարկել ու փորձել եվրոպական դատարանին ցույց տալ, թե
«Ա1+»-ին եթերից զրկելը ՀՌԱՀ անդամների միջամտության արդյունք չէ, այլ՝ բնականոն
գործընթաց: Ինչպես նաեւ՝ փաստարկ է դարձրել, թե «Ա1+»-ը շարունակում է գործել իբրեւ
լրատվամիջոց, ունի իր ինտերնետային կայքը եւ շաբաթաթերթը: Կառավարության մեկ այլ
հիմնավորումն է, թե «Ա1+»-ը մասնակցել է հետագայում հայտարարված արտոնագրման 8 մրցույթներին,
ըստ այդմ՝ այդ հեռուստաընկերությունը չի ունեցել իրավունքի սահմանափակում: Օրենքի
անկատարությանն է վերագրվել այն, որ «Ա1+»-ը 2001-ին օրենքով սահմանված ժամկետում՝
արտոնագրի լրանալուց 2 ամիս առաջ հնարավորություն չունեցավ մասնակցելու մրցույթին»:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ը 2 գանգատ է ներկայացրել ԵԴ-ին: Մի դիմումի հակափաստարկներին
պատասխանն արդեն ներկայացվել է նոյեմբերի 15-ին, իսկ մյուսի վերաբերյալ պատասխանը
պատրաստ կլինի մինչեւ դեկտեմբերի 20-ը: Ժամանակից շուտ խաղաքարտերը չբացելու մտահոգությամբ՝
Տիգրան Տեր-Եսայանը չմանրամասնեց, թե ինչ փաստարկներ են նշվել այս պատասխաններում.
«Ե՛վ «Ա1+»-ի, ե՛ւ «Նոյյան տապանի» պարագայում մենք չենք ընդունում կառավարության
այն մոտեցումը, թե առկա չէ կոնվենցիայի 6 եւ 10 հոդվածներով սահմանված իրավունքների
խախտում: Ընդհանուր առմամբ՝ գտնում ենք, թե համոզիչ չեն կառավարության ներկայացրած
հիմնավորումները: Կփորձենք դատարանին ապացուցել, որ ինչպես 2002-ին, այնպես էլ հետագայում
տեղի է ունեցել հեռուստաընկերությունների իրավունքների շարունակական խախտում: Եվ
ինտերնետային կայքի առկայությունը որեւէ առնչություն չունի վեճի առարկայի հետ: Թերթն
ու կայքը արտոնագրվող գործունեության տեսակ չեն, այլապես՝ գուցե չէր ընձեռվի այդ
հնարավորությունն էլ»: Փաստաբանների միջազգային միության նախագահը նաեւ նշեց, որ
ԵԴ-ում սահմանված կարգ է՝ մինչեւ վարույթում գտնվող գործի շուրջ վերջնական վճիռ կայացնելը՝
կողմերին առաջարկվում է հասնել բարեկամական կարգավորման: Եվ այս դեպքում էլ կառավարությանն
առաջարկվելու է բանակցել ու համաձայնության գալ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի հետ: Քանի որ նման
բանակցությունների ելքը դժվար չէ կանխատեսել, ավելի ճիշտ է եւս մեկ անգամ հիշեցնել,
որ հեռուստաընկերությունների գանգատների բավարարման դեպքում Հայաստանին սպառնում
են լուրջ դրամական տույժեր՝ դատական ծախսերի, բարոյական եւ նյութական վնասի հատուցում.
«Ինչպես նաեւ՝ կողմերի այն ողջամիտ պահանջների բավարարում, որոնք չեն պարունակում
գումարային խնդիրներ»: Ի դեպ, երեկ հրավիրված ասուլիսում հաշվետվություն ներկայացնելով
ՀՌԱՀ գործունեության 1 տարվա մասին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորեց մասնավորապես
իրենց ինտերնետային կայքը: Իսկ մեր հարցին ի պատասխան՝ չի կարծո՞ւմ, որ ՀՌԱՀ գործունեության
նվաճումներն «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի եվրոպական դատարանի կողմից վարույթ ընդունված հայցերն
են՝ Գրիգոր Ամալյանն ասաց. «Վարույթ ընդունելը դեռ չի նշանակում, որ դատարանն արդեն
տվել է գնահատական, թե համարում են կոնվենցիայի խախտում»: Հակադարձելով մեր դիտարկմանը,
որ եթե այս հայցերն անհիմն լինեին՝ ԵԴ-ն դրանք կմերժեր հենց նախապատրաստական փուլում՝
ՀՌԱՀ նախագահն ասաց. «Ես համոզված եմ, որ այդ հայցերն անհիմն են»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել