«ԿԱՆԽԵԼ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԸՆԹԱՑՔԸ» Այդպիսի ձեւակերպում կա ՀՀՇ 14-րդ համագումարի բանաձեւում Երեկ ՀՀՇ հերթական համագումարին չէին մասնակցում այդ կուսակցության հայտնի գործիչները՝ Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Կարապետ Ռուբինյանը: Իսկ համագումարի ամբիոնից ամենահաճախ հնչած արտահայտությունները դահլիճում ներկա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալու նուրբ ակնարկներն էին, երբեմն ուղղակի կոչերը: Ելույթ ունեցող 70-ամյա Մարո Այվազյանը դիմելով ՀՀ առաջին նախագահին՝ ասաց. «Դուք սպասում եք, որ գարին դառնա քանց մասուր: Առանց ձեզ չի դառնա»: Բացի շատ զգացական ելույթներից, հնչեցին նաեւ քաղաքական գնահատականներ ՀՀ ներկա իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը մասնավորապես ասաց, թե ՀՀ-ում իշխանությունն արդեն վեց տարի բռնազավթված է: Նրա գնահատմամբ, Քոչարյանն ու նրան սպասարկող ուժերը մոռացության են մատնել այն, ինչի մասին թմբկահարում էին՝ հասնել ԼՂ անկախությանը՝ 8 հազար քառակուսի կմ տարածքով: Դրան հակառակ՝ դեռ 99-ին Ռ. Քոչարյանը Ստամբուլում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Այն, որ այսօր Հայաստանը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, այլեւս չի մտահոգում վարչախմբին, իսկ հասարակությանն այլեւս չի զարմացնում, որ կարճվում է «Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասը»: ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը հատկապես շեշտեց, թե ներկա իշխանությունների քաղաքականությունը սեփական ժողովրդին զոմբիացնելն է, ինչը կատարվում է ղարաբաղյան շարժման ողջ պատմությունը կեղծելու միջոցով: «Դա ամրագրվում է ոչ միայն առանձին հաղորդումներով, այլեւ ֆիլմերով եւ դասագրքերով: Մենք այս տարիների ընթացքում կորցրել ենք պատմության անաչառ մատուցման հնարավորությունը: Կարծում եմ՝ դա դավաճանություն է մեր անկախության նկատմամբ»,- հայտարարեց պրն Մանուկյանը՝ հավելելով, թե այդպիսի քաղաքականությամբ իշխանություններն իրենք իրենց զրկում են ներվելու հնարավորությունից: Եղան նաեւ ինքնաքննադատական ելույթներ, որտեղ կարծիք էր հնչում, թե ՀՀՇ-ն պասիվ է հասարակության հետ անմիջական շփումների առումով, ինչը պարարտ հող է ստեղծում նրա նկատմամբ թյուր կարծիք ստեղծելու համար: Սխալների թվին դասվեց նաեւ այն, որ ՀՀՇ-ի օրոք եղած մեծ ձեռքբերումները բավարար չափով ժամանակին չեն մատուցվել հասարակությանը, որը հիմա այդ տարիները հիշում է ոչ թե որպես հաղթանակների եւ մեծագույն ձեռքբերումների, այլ՝ «մթի ու ցրտի» ժամանակաշրջան: Իսկ ի՞նչ է ուզում այսօր ՀՀՇ-ն: Այս իմաստով ծրագրային էր Ա. Զուրաբյանի ելույթը: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա հայտարարեց. «ՀՀՇ-ն հակառուսական տրամադրություններ չունի, սակայն մենք անկախ պետություն ենք, եւ վասալային հարաբերությունները մեզ համար լիովին անընդունելի են: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա ՀՀՇ-ն հետեւողականորեն շարունակելու է իր քայլերը՝ եվրոպական արժեքներին ինտեգրվելու, հետագայում Եվրամիության մաս կազմելու համար»: Ա. Զուրաբյանի կարծիքով, սա ընտրություն է առաջադիմության եւ հետադիմության միջեւ, եւ այդ այլընտրանքում ՀՀՇ-ն կատարել է իր ընտրությունը. «Մենք հետեւողականորեն աշխատելու ենք ջնջել Հարավային Կովկասում առկա բաժանարար գծերը: Գտնում ենք, որ տարածաշրջանային երկրները հետաքրքրություն կարող են ներկայացնել քաղաքակիրթ աշխարհի համար միայն որպես մեկ միասնական միավոր, որը ձգտում է ինտեգրացիայի: Մենք գտնում ենք, որ պետք է ընդգրկվենք անվտանգության մեկ դաշինքում՝ ՆԱՏՕ-ում, եւ պետք է բնականոն հարաբերություններ հաստատենք անխտիր մեր բոլոր հարեւանների հետ»: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ ՀՀՇ վարչության նախագահն ասաց, թե առաջիկայում իրենք լուրջ անելիքներ ունեն. «ՀՀՇ-ն իր առջեւ խնդիր է դրել, ինչպես երկու տարի առաջ, պայքարել ապօրինի վարչակարգի՝ Սահմանադրության նկատմամբ ոտնձգություն իրականացնելու դեմ եւ աստիճանաբար, բայց հետեւողականորեն ակտիվացնելու է իր գործունեությունը: Ինչ վերաբերում է ընդդիմության հետ համագործակցությանը, ապա՝ ՀՀՇ-ն երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե նրանց հետ չկան լուրջ գաղափարական տարաձայնություններ»: Իր ընդունած մի քանի էջանոց բանաձեւում ՀՀՇ-ն արձանագրեց. «ՀՀ-ի եւ ԼՂ-ի համար ստեղծվել է ծայրահեղ վիճակ. ՀՀ-ն ոչ միայն կորցրել է տարածաշրջանում «ժողովրդավարության կղզու» իր երբեմնի վարկը, այլեւ միջազգային ատյաններում եւ փաստաթղթերում շրջանառվում են նրան վերաբերող «տարածքների բռնազավթում», «ապօրինի օգտագործում», «էթնիկական զտումներ» եւ վտանգաշատ այլ ձեւակերպումներ, խոսվում է ՄԱԿ-ի «փաստահավաք խմբի ստեղծման», «իրավական լուծման» մասին: ՀՀ-ն կանգնած է անհեռանկար պատերազմի եւ անիմաստ կորուստների առջեւ: Այս ամենի պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի, նրա մաս կազմող ուժերի եւ նույն գաղափարները դավանող նրա ձեռնասուն ընդդիմության վրա»: Արդյունքում՝ «կործանարար այս ընթացքը կանխելու ելքը», համաձայն համագումարում ընդունված բանաձեւի, ապօրինի վարչախմբի հեռացումն է եւ օրինական իշխանության հաստատումը, սահմանադրական կարգի վերականգնումը, ժողովրդավարության ապահովումը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀՇ վարչության նախագահ է վերընտրվել Արարատ Զուրաբյանը: