Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործին վերաբերվում եմ բծախնդրորեն

Դեկտեմբեր 10,2004 00:00

Վազգեն
Ղազարյանը վոկալ արվեստ է եկել հարվածային գործիքներից Շարունակվում է
Ռոսինիին նվիրված փառատոնը՝ կազմակերպված Իտալիայի դեսպանատան եւ Երեւանի Կոմիտասի
անվան պետական կոնսերվատորիայի կողմից: Գլխավոր միջոցառումը, անշուշտ, Ղ. Սարյանի
անվան օպերային ստուդիայում բեմադրված իտալացի մեծ կոմպոզիտորի «Սեւիլյան սափրիչ»
օպերան է (բեմադրող ռեժիսոր՝ Հովհաննես Հովհաննիսյան): Դեկտեմբերի 10-ին եւ 16-ին
կշարունակվի հիշյալ օպերայի պրեմիերան, որի առաջին բեմադրությունը կայացավ դեկտեմբերի
սկզբին: Ներկայացման մեջ ընդգրկված են կոնսերվատորիայի նախկին շրջանավարտներ եւ ուսանողներ:
«Առավոտին» հետաքրքրեց գլխավոր դերերգերից Բազիլիոյի դերում հանդես եկող՝
կոնսերվատորիայի փողային եւ հարվածային գործիքների ամբիոնի դասախոս Վազգեն Ղազարյանը:
Կոնսերվատորիայի երիտասարդ դասախոսը ավարտել է հարվածային գործիքների գծով ասպիրանտուրան,
ներկայումս ուսանում է վոկալ բաժնի ավարտական կուրսում՝ պրոֆեսոր Վալերի Հարությունյանի
դասարանում: Մեր դիտարկմանը՝ սովորաբար դաշնակահարներն ու ջութակահարներն են որոշում
վոկալիստ դառնալ, երգիչը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Տարիներ շարունակ երգիչների
մասին խոսելիս օգտագործում էին «Ցցտօպ ՉՏՍՈսՌրՑօ» արտահայտությունը: Գտնում եմ, որ
մեր օրերում վոկալիստներին ոչ թե ցանկալի է, ինչպես նախկինում, այլ պարտադիր է պրոֆեսիոնալ
մակարդակով տիրապետել այս կամ այն երաժշտական գործիքին: Դա վոկալիստի ամենամեծ օգնականն
է: Իսկ իմ առաջին մասնագիտության շնորհիվ ունեմ նվագախմբում աշխատելու, դիրիժորին
հայացքով կարդալու փորձ: Նաեւ դա շատ է օգնում ինձ օպերային բեմում»: Երգչից
տեղեկացանք, որ նա Ազգային օպերային թատրոնում պատրաստել է Ռախմանինովի «Ալեկո» օպերայում
ծեր գնչուի դերերգը: Ըստ մեր տեղեկությունների, երիտասարդ երգիչն արդեն հասցրել է
հրաժարվել օպերային թատրոնի կողմից առաջարկված Ռենեի դերերգից՝ Չայկովսկու «Իոլանտայում»:
Այս առիթով Վ. Ղազարյանն ասաց. «Այո, հրաժարվել եմ Ռենեից՝ ընտրելով Բերտրանի դերերգը:
Այն ինձ համար դեռ վաղ էր: Գտնում եմ, որ առաջին քայլեր անող երգիչը պետք է բծախնդրորեն
վերաբերվի յուրաքանչյուր առաջարկի: Այ այստեղ ինձ օգնեց երաժիշտ լինելս»: Սակայն
երգիչը առիթը բաց չի թողնում համագործակցելու Հայաստանում ռուսաստանյան «Ռոսիա»,
«Հարմոնիա», «Ռոսզառուբեժ» կազմակերպությունների հետ: «Եթե պրոֆեսիոնալ երգիչ ես
եւ, ամենակարեւորը՝ վստահ քեզ վրա, պետք է ծրագրում ունենաս ե՛ւ ռոմանսներ, ե՛ւ երգեր,
մի խոսքով այն, ինչ կոչվում է երգարվեստ: Սիրով համագործակցում եմ նաեւ Երվանդ Երզնկյանի
էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ: Գավառում դեկտեմբերի 14-ին հանդես կգամ զինվորական
երգերի կատարումներով: Բայց, կրկնում եմ, յուրաքանչյուր, նույնիսկ մի քանի րոպե տեւող
երգին պետք է մոտենաս բծախնդրորեն»,- ասաց մեր զրուցակիցը: Մեր «Հնարավո՞ր
է դառնաք հայաստանյան Բասկով» հումորով հարցը Վ. Ղազարյանն ընդունեց լուրջ, վրդովված
պատասխանելով. «Նմանվել կամ կրկնել որեւէ մեկի արդեն անցած ճանապարհը՝ չեմ պատրաստվում:
Համոզված եմ, չեմ դավաճանի օպերային երգչի իմ կարգավիճակին եւ շոուներին մասնակցելով
չեմ թնդացնի անունս: Ես օպերային երգիչ եմ, այո, կրկնում եմ, պատրաստ եմ կատարել
վոկալ այլ ստեղծագործություններ, միայն թե դրանք լինեն ինձ հոգեհարազատ»: Վերջում
երգիչը տեղեկացրեց, որ պատրաստվում է 2005-ի գարնանը կայանալիք իր առաջին մենահամերգին:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել