Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԿՈՒՌՔ ՊԱՏՎԱՆԴԱՆՆԵՐ՝ ՄՇԱԿՈՒԹԱԶՈՒՐԿ ԵՐԿՐՈՒՄ

Դեկտեմբեր 10,2004 00:00

Մշակույթի մարդիկ անհանգստացած են մշակույթի, գիտության եւ կրթության հանդեպ պետական արհամարհանքից:

Մշակույթի զարգացմանը նպաստող ռազմավարական որեւէ դրույթ ընդգրկված չէ գործող Սահմանադրության մեջ եւ ներկայումս շրջանառվող սահմանադրական բարեփոխումների երեք նախագծերից եւ ոչ մեկում: Հետեւաբար. «Այդ նախագծերից ոչ մեկը կյանքի ուղեգիր ստանալու արժանի չէ: Որովհետեւ մշակույթը մեր զենքն է: Դարեր շարունակ մշակույթով ենք հաղթել: Առանց մշակույթի զարգացումն ապահովող իրավական լուրջ դաշտի մեր պետությունը չի կարող զարգանալ»: Ահա այսպես կարելի է համառոտ ներկայացնել երեկ Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի նախաձեռնությամբ կայացած ստեղծագործական միությունների համաժողովում հնչած ելույթների էությունը:

Չնայած հավաքի բուն նպատակը սահմանադրական փոփոխությունների նախագծերում մշակույթին առնչվող առաջարկներ ներկայացնելն էր, սակայն ԳԱԱ-ում երեկ հավաքված մտավորականները բավականին մանրամասն քննարկում էին գործող Սահմանադրությունն ու սպասվող բարեփոխումներն՝ ընդհանրապես, ներառյալ մարդու իրավունքների, հողի սեփականության, էկոլոգիական եւ այլ հարցեր: Բանախոսները շեղվում էին թեմայից՝ իրենց մտատանջող նյութի շուրջ ծավալվելու նպատակով: Օրինակ, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն առիթը բաց չթողեց արտահայտելու իր վերաբերմունքը նախկին իշխանությունների նկատմամբ. «90-ականների սկզբներին մեր կուռքերին գցում էին պատվանդաններից: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին ուզում փակել Գիտությունների ակադեմիան, պատվանդանները դատարկում էին, որ իրենց կուռքերին դնեն»: Ե՞րբ էին փակում ակադեմիան եւ ո՞ր կուռքերին էին ուզում դնել՝ չբացահայտվեց: Բայց հետո պարզվեց, որ նորերն էլ մի բան չեն. «Մշակույթի հանդեպ այդ անտարբերությունը որդեգրեցին նաեւ իշխանափոխությունից հետո, քաղաքի մշակութային կենտրոնները վերաճեցին առեւտրի կենտրոնների, գիշերային ակումբների, սթրիփթիզ բարերի… Այսօր տիրում է համատարած մաղձի, ատելության եւ բարոյազրկության մթնոլորտը, որը բնորոշ է մշակութազուրկ երկրներին: Ամենուր զարգանում է «շիրպոտրեբը», Տիգրան Կարապետովիչի «ադամանդներն» ու «զմրուխտներն» են փոխարինել մեր մշակութային աստղերին»,- բողոքեց Գրողների միության նախագահը: Լեւոն Անանյանը դժգոհ էր նաեւ լրագրողներից. «Մամուլը սիրով կորզում է մշակույթի ոլորտի հետ կապված սկանդալային պատմությունները, տարփողում, բազմացնում»: Իսկ պատգամավորներն ու պետական այլ գործիչներն ընդհանրապես բանի պետք չեն. «Մշակութային հոբելյաններին ոչ մի պետական գործիչ չի լինում, իսկ բիզնեսի եւ սպորտի ոլորտների ֆուրշեթների առաջին շարքերում լինելու համար գլուխ են կոտրում… Մեկուկես տարի է, փորձում ենք օրենսդիրների հետ գրել «Ստեղծագործական միությունների մասին» օրենքը: Զգացինք, որ եթե բարձիթողի անենք, մնա պատգամավորների հույսին, լավ բան չի դուրս գա: Պատգամավորներն ու քաղաքական գործիչներն այսօր օրենքներ են գրում՝ ելնելով իրենց պատկերից, իսկ իրենց պատկերը մեզ հայտնի է»:

Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի համանախագահ Արմեն Հովհաննիսյանը առաջարկեց ամբողջ հասարակությանը մոբիլիզացնելով աշխատել, որպեսզի մշակույթի զարգացման համար անհրաժեշտ դրույթներ ամրագրվեն սահմանադրական բարեփոխումների նախագծում. «Առանց մշակույթի հանդեպ լուրջ եւ հարգալից վերաբերմունքի մեր երկիրը չի ունենա ներկա, առավել եւս՝ ապագա»: Կենտրոնի մյուս համանախագահը՝ Սիմոն Կամսարականն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներում առկա այլ «վտանգավոր» հարցերի: Մասնավորապես, նրան խիստ հուզում էր այն, որ այլեւս չի արգելվում ՀՀ-ում հողի վաճառքն օտարերկրացիներին: Իսկ դա, ըստ պարոն Կամսարականի, սպառնում է նրանով, որ վաղը-մյուս օրը մեր հարեւանները կգնեն մեր հողերը, ապա հանրաքվե կանեն եւ կտիրանան մեր երկրին: Նույն խնդիրը մտահոգում էր նաեւ պրոֆեսոր Կարինե Դանիելյանին, ում կարծիքով՝ «գլոբալիզացիայի արդյունքում ստեղծված օրենսդրությունը վտանգում է մեր երկրի ազգային ինքնությանն ու պետականությանը»:

Այնուամենայնիվ, ի վերջո հավաքը ծառայեց իր նպատակին, եւ համատեղ նիստում ստեղծագործական միությունները կազմեցին աշխատանքային հանձնաժողով, որը պիտի առաջարկություններ ներկայացնի ԱԺ-ին՝ սահմանադրական բարեփոխումներում մշակույթին արժանի տեղ հատկացնելու մասին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել