Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ազատագրված» կինը աղանդավորից էլ վատ է

Դեկտեմբեր 10,2004 00:00

Վստահ են դաշնակցական կանայք

Երեկ ՀՅԴ Գերագույն մարմնին կից կանանց հանձնախմբի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը մեջբերում կատարեց 97թ. ՄԱԿ-ի տեղեկագրից, ըստ որի Հայաստանը շրջափակման ու պատերազմի տարիներին, իր ուսերին տանելով հետերկրաշարժյան աղետի հետեւանքները՝ միակ երկիրն էր տարածաշրջանում, որտեղ սոցիալական պայթյուններ չեղան, չեղավ քաղաքացիական պատերազմ: Իսկ դրա համար Հայաստանը եւ իշխանությունները պարտական են կանանց, հայ կանանց բարձր գիտակցությանը:

Պատմական ակնարկ կատարելով՝ տիկին Պետրոսյանը հիշեց, թե ինչպես 88-ից հետո կանանց սկսեցին օգտագործել, «կանայք սկսեցին հանդուրժել՝ «բետեեռներ», «Վանոյի հրասայլեր» եւ այլ անուններ: Շատ ավելի վիրավորական ձեւակերպում հայ կանանց նկատմամբ չի եղել, կանանց սկսեցին քաղաքական նպատակների համար օգտագործել, եւ առ այսօր այդ գործընթացը շարունակվում է. ընտրությունից ընտրություն շատ տխուր ու տգեղ տեսարանների ենք ականատես լինում»: Եվ դրանում, ըստ տիկին Պետրոսյանի, մեծ է նաեւ կանանց մեղքը: Այսպես՝ ըստ նրա, Հայաստանում կինը կնոջը չի սիրում, չի գնահատում դիմացի կնոջ արժանիքները: Եվ, բացի այդ, «88-ից հետո կանայք գնում են ոչ թե գաղափարների, այլ անձերի հետեւից: Կանանց իրավահավասարության հարցը վերջին տարիներին մեր երկրում փչացրին զանազան գրանտակեր կազմակերպություններ, որոնք պոպուլիստական, ամբոխավարական հեշտախոսությամբ, գրանտներ ուտելով փչացրին այդ թեման: Օրինակ, կանանց ազատագրման հարցը շատ վտանգավոր դրսեւորումներ կարող է ունենալ Հայաստանում, աղանդներից ավելի ոչ պակաս վտանգավոր»:

Տիկին Պետրոսյանն այստեղ հիշեց «Բռնություն կանանց նկատմամբ» ծրագրի մասին, երբ մեր ամենաավանդական քաղաքներից մեկում՝ Գավառում, սկսեցին ապաստարաններ կառուցել կանանց համար. «Ես խորապես համոզված եմ, որ հայ տղամարդուն հարիր չէ կոպտությունը տան մեջ. հայ կինը իր տանը միշտ թագուհի է եղել, բայց այսօր հայ տղամարդը կոպտացել է, որովհետեւ իր արժանապատվության փշուրները ուզում է պահել իր մեջ, որովհետեւ չի կարողանում ընտանիք պահել, եւ կարող է երբեմն կոպտությունների գնալ: Պատկերացրեք՝ տղամարդը մի քիչ կոպիտ է խոսում, քյավառցի կինը վազում-նստում է ապաստարանում. ի՞նչ է լինելու այդ ընտանիքի վիճակը»:

Կանանց հանձնախմբի կարծիքով, մեր կանանց կամքն ու հնարավորությունները չեն բավարարում քաղաքական գործունեություն ծավալելու, ինչը մեծապես կնպաստեր մեր առավել բարեկեցիկ ապրելակերպի ձեւավորմանը: Դաշնակցական կանայք պատրաստակամություն են հայտնում՝ համագործակցել այն բոլոր կանանց հետ, ովքեր իսկապես մտահոգված են առկա կյանքի հիմնախնդիրներով: Հանձնախմբի հրավերով Հայաստան ժամանած՝ եվրոպական ֆորումի Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղի գենդերային հարցերով գործադիր տնօրեն Սոնյա Լոքարը բերեց Սլովենիայի օրինակը, որ խիստ նման է Հայաստանին: Այնտեղ էլ կառավարման համակարգի փոփոխությունից հետո կանայք ամբողջությամբ դուրս մնացին քաղաքական դաշտից: Այն դեպքում, երբ Սլովենիան (ինչպես եւ Հայաստանը) ավելի մեծ թվով կրթված կանայք ունի, քան, ասենք, Իտալիան կամ Ավստրիան: Նա ելքը տեսնում է կուսակցությունների ներսում կանանց դերի բարձրացումով, ինչպես դա ժամանակին արել է ՀՅԴ-ն:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել