Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿԸ՝ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄՆ Է

Դեկտեմբեր 10,2004 00:00

Խորհրդարանական ուժերը ներկայացնում են իրենց դիրքորոշումը «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ, ըստ որի՝ նրանք այսուհետ պետք է ունենան առնվազն 2000 անդամ, ստորաբաժանումներ բոլոր մարզերում եւ այս մասին գրավոր ծանուցեն պետական լիազորված մարմնին:

Այս օրենքին միակ դեմ քվեարկած խորհրդարանական կուսակցության՝ ՄԱԿ խմբակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանը երեկ ճեպազրույցում էլ պնդեց, թե այս օրենքն անիմաստ վարչարարություն է ներմուծում եւ հակասում Սահմանադրության ոգուն, քանի որ սահմանափակում է կուսակցություններում միավորվելու իրավունքը: «Ուղղակի չենք հասկանում օրենքի հեղինակների այն մղումը, թե ե՜րբ է գալու այն ժամանակը, որ էս 105 կուսակցությունը չեն լինի,- տարակուսեց պրն Ղոնջեյանը:- Գտնում ենք, թե ոչ ոք մենաշնորհ չունի որոշելու՝ ո՞րն է օպտիմալ չափը: Այդ անօտարելի իրավունքը պատկանում է ժողովրդին: (…) Եվ որեւէ մեկը չպիտի կարողանա հնարավորություն ունենալ, այն էլ՝ օրենքով ամրագրված, ստուգել, թե արդյոք դուք իրավունք ունե՞ք կոչվելու կուսակցություն, տվեք ձեր ցուցակները՝ մարդկանց մեկ-մեկ կամ ընտրանքային կարգով հրավիրենք ու հարցնենք, թե իսկապե՞ս այդ կուսակցության անդամ են»: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հիմք ունեն նման մտահոգությունները, եթե օրենքի փոփոխությամբ չի նախատեսվում ստուգման մեխանիզմ՝ խոսքը միայն ծանուցման մասին է: Ի պատասխան պրն Ղոնջեյանն ասաց. «Եթե օրենքում արձանագրվում է, թե պետք է լինի 2000-ից ոչ պակաս՝ ինքնին նշանակում է, որ եթե այդպես չլինի, դա կլինի օրենքի խախտում: Որոշելու համար՝ այդպես է, թե ոչ՝ պիտի իրականացվի ստուգում»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, ինքնատիպ էր: Հայտարարեց, թե այս փոփոխությունից առանձնակի արդյունքներ չի էլ ակնկալում. «Ուղղակի տեղեկանքի միջոցով պիտի ներկայացվի, թե քանակը 2000-ից ավելին է, եւ չեն ենթադրվում ստուգումներ կամ անուն-ազգանունների ներկայացում»: Այս պարագայում առավել տարօրինակ է, թե ո՞րն է նման փոփոխության անհրաժեշտությունը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն կողմ քվեարկեց այս փոփոխությանը, արդյոք չունե՞ն մտավախություն, թե պետական լիազոր մարմնին ծանուցման սահմանվող մեխանիզմը կարող է տեղիք տալ չինովնիկական միջամտության կուսակցությունների գործունեությանը՝ ասաց. «Մեր փորձից գիտենք, որ եթե երկրում իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական կյանքին միջամտության փաստեր կան, ապա այդ միջամտությունը լինում է ցանկացած օրենքի պարագայում էլ: Նմանատիպ օրենք մենք չունեինք 90-ականների կեսերին, բայց այդ նույն ցուցակները եւ այլն՝ նույն կարգով պահանջվեց Դաշնակցության պարագայում»: Նա նշեց, թե մտահոգություններն անտեղի կլինեն, եթե երկրում անշրջելի դառնան ժողովրդավարական գործընթացները: Իսկ եթե չդառնա՞ն՝ ստացվում է, որ նաեւ ՀՅԴ-ն այժմ օրենքում ամրագրեց այն, ինչ նախկինում իրենց նկատմամբ արվել էր առանց օրենքի՞: Մեր այս հարցադրմանն ի պատասխան պրն Մկրտչյանը նշեց. «Ցանկացած կուսակցություն քաղաքական գործընթացի մեջ մտնելու համար պետք է ներկայացնի իր անդամների վերաբերյալ տեղեկություններ: Եթե խոսում ենք ժողովրդավար, բաց հասարակությունից, ապա այդ տեղեկությունները գաղտնի պահելն անիմաստ է: Եվ աշխարհում, Եվրոպայում կուսակցությունների մի զգալի մասն իր անդամների ցուցակները տեղադրում է ինտերնետում»: Լեւոն Մկրտչյանը պնդեց, թե օրենքի այս փոփոխությունը նպատակ ունի հիմքեր ստեղծել քաղաքական դաշտի զարգացման համար. «Այսօր բոլորս էլ ընդունում ենք, թե քաղաքական գրանցված կուսակցությունների մի զգալի հատվածն, ըստ էության, փոքրիկ խմբեր են եւ բացարձակապե՛ս, անգամ գիտականորեն չեն բավարարում կուսակցության սահմանմանը: Եվ կատարված փոփոխություններն արված են միջազգային փորձի հաշվարկմամբ եւ քաղաքական դաշտն ավելի խոշորացնելու, գաղափարականացնելու ուղղվածությամբ»:

Նույն նպատակներն այս օրենքի առնչությամբ կարեւորեց նաեւ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, թե պետք է գնալ կուսակցությունների խոշորացման ճանապարհով. «Օրենքի այս փոփոխությունն ուղղված է նրան, որ մանր կուսակցությունները, որոնց բազմաթիվությունը դաշտում ստեղծում է ոչ հստակ եւ ոչ կայուն իրավիճակ՝ ձգտում ունենան միավորվելու եւ խոշորանալու: Եվ սա, ըստ էության, վարչական վերահսկողության խնդիր չի»:

Մինչդեռ «Կուսակցությունների մասին» գործող օրենքի հեղինակներից մեկը՝ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ իրենք նախապես ծրագրում էին, թե կուսակցությունները պետք է ունենան 5 հազարից ոչ պակաս անդամ, բայց հետո օրենքում ամրագրեցին 200 թիվը. «Մենք փոխզիջման գնացինք՝ հաշվի առնելով փոքր կուսակցությունների ցանկությունը: Իսկ այսօր իշխանություններն օգտագործելու են այս հանգամանքը, որպեսզի ճնշեն փոքր կուսակցություններին: Եվ Հայաստանում կստացվի այնպես, ինչպես ասել է Վիկտոր Չեռնոմիրդինը՝ «ուզում էինք, որ լավ լինի, բայց ստացվեց այնպես՝ ինչպես միշտ»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել